«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսում է լսումների շրջայց. այսօր Երևանի Մաշտոցի պուրակում հրավիրված բացօթյա մամուլի ասուլիսին հայտարարեց կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը:
«Լուսավոր Հայաստանը հայտ է ներկայացնում ևս մեկ նոր քաղաքական մշակույթի՝ այն է, լսումների շրաջայցը: Զարգացած քաղաքակիրթ երկրներում այն հայտնի է, որպես listening tours (լսումների շրջայց – անգլ.) և մենք Հայաստանում առաջին անգամ այդ քաղաքական հայտնի մշակույթը ներկայացնելու և իրականացնելու ենք»,- ասաց նա:
Ըստ նրա, իրենք որպես կուսակցություն կդառնան այն քաղաքական խողովակը, որի միջոցով քաղաքացիները կարող են իրենց ձայնը բարձրացնել և դառնալ լսելի և իրենց մասնակցությունն ունենալ քաղաքական գործընթացներին:
«Մենք մոտենալու ենք մարդկանց, լսելու ենք իրենց, բարձրաձայնելու այն բոլոր հարցերը, որոնք մտահոգում են ՀՀ քաղաքացիներին և ընդգրկելու ենք դրանք մեր ծրագրային դրույթների մեջ և հետամուտ լինենք, որ այդ հարցերին լուծում տրվի»,-ասաց նա:
Մանե Թանդիլյանը նշեց, որ լսումների շրջայցը կսկսեն Գյումրիից, և ապա իրենց հնարավոր կլինի տեսնել Երևանի տարբեր շրջաններում և այնուհետև տարբեր քաղաքներում: Հանդիպումները կլինեն ինչպես դահլիճներում՝ նախապես պայմանավորված ձևաչափով, այնպես էլ հրապարակներում ու այգիներում, բակերում և այցելություններ կլինեն տներ:
Հարցին, թե արդյոք սրանով պատրաստվում են 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին, Մանե Թանդիլյանը ասաց, որ սա նոր քաղաքական մշակույթ է ուղղակի, որին իրենից ներկայացնում է համապետական արշավ՝ տարբեր քաղաքներ ու գյուղեր:
«Մենք առայժմ մարդկանցից լսում ենք իրենց խնդիրները և բարձրաձայնում, իրականում երբ քաղաքական ուժը խոսում է իր նպատակների մասին, ընկալումները կարող են տարբեր լինել, բայց սա քաղաքական արշավ է, մարդկանց ինքնագիտակցությունը բարձրացնելու և մեր նպատակները ներկայացնելու և տեսնելու համար, թե մարդիկ ինչպես են արձագանքում, որ մենք կարողանանք անմիջական քաղաքական խողովակ դառնալ նրանց խնդիրների համար»,- ասաց նա:
Կուսակցության քարտուղարը նշեց, որ Գյումրին կլինի պաշտոնական մեկնարկը, սակայն իրենք ոչ ֆորմալ առումով արդեն իսկ սկսել են հանդիպումներ ունենալ: «Այսօր մենք պաշտոնապես ենք հայտարարում, իմացեք, որ եկել ենք այդտեղ ձեզ հետ խոսելու և լսելու»,-ասաց նա: