Եթե կոռուպցիան հանում ես, համակարգը փլուզվում է
May 18, 2016
Որպեսզի դու ստեղծես արդար օրենքներ, արդեն իսկ պետք է լինես այնպիսին, ինչպիսին ցանկանում ես, որ մարդիկ դառնան՝ քո ստեղծած օրենքների արդյունքում: Ժան Ժակ Ռուսսոյի այս բանաձևը վերաբերում է նաև Հայաստանի կառավարությունը, որը հայտարարել է, թե ցանկանում է պայքարել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եթե դու կաշառակեր ես, չես կարող ստեղծել հավասար հնարավորություններ բոլորի համար, եթե դու ընտրվել ես կեղծիքներով, չես կարող կառուցել ժողովրդավարություն, որովհետև իշխանությունը պահում են ճիշտ այն մեթոդներով, որոնցով այն ձեռք է բերվել: Ոչ ոք չի կտրի այն ճյուղը, որի վրա ինքն է նստած, եթե իհարկե, իրեն չեն պատրաստվում այդ ճյուղի վրա կախել:

Կոռուպցիայի դեմ պայքարելու գլխավոր նախապայմանը կոռումպացված չլինելն է: Transparency International-ի կոռումպացված երկրների սանդղակում Հայաստանը զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը՝ 168 երկրների թվում:  Այս մասին գիտեն թե՛ Հովիկ Աբրահամյանը, ով գլխավորում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, թե՛ Հայաստանի բարձրագույն ղեկավարության մյուս անդամները: Տարիներ շարունակ Հայաստանի կառավարությունը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց սայլը տեղից չի շարժվում, որովհետև խնդիրը ոչ թե սայլի, այլ սայլը շարժողների մեջ է:

Քաղաքական հովանավորչությունը, անհավասար մրցակցային պայմանները և մենաշնորհները դարձել են Հայաստանի քաղաքական համակարգի շարժիչը: Եթե հանում ես կոռուպցիան, համակարգը փլուզվում է և փոխվում են խաղի կանոնները: Հայաստանում պետք է փոխել խաղի կանոնները: Սա կարելի է անել, եթե կա քաղաքական կամք ու հետևողականություն: Հայաստանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ստանում միջազգային կազմակերպություններից՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Եվրոպական Միությունը պատրաստ է 15 միլիոն դոլար հատկացնել: Բայց ամենակարևորի համար փող հարկավոր չէ՝ քաղաքական կամքը փողով չեն գնում: Սա է պատճառը, որ բարեփոխումները Հայաստանում գրեթե միշտ ձախողվում են, իսկ փողը երբեք չի օգնում: Իսկ այն կառավարությունը, որը չունի քաղաքական կամք, պետք է փոխարինել նրանով, որը դա ունի:

Հայկ Կոնջորյան
 Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ


Share via:
2018 Parliamentary elections
2018 Avagani Elections of Yerevan
2017 Avagani Elections of Yerevan
2017 Parliamentary elections
Mane Tandilyan
Nara Hovhannisyan
Ashkhen Tandilyan
Serge Khahramanyan
Ruzanna Harutunyan
Koryun Shekoyan
Magda Arsenyan
Qnarik Petrosyan