Կուսակցություն • Իրավունքի գերակայության մանիֆեստ

Լուսավոր Հայաստան կուսակցության 2-րդ համագումարը 2018թ. փետրվարի 17-ին ընդունում է Իրավունքի գերակայության մանիֆեստը, որը հանդիսանալու է կուսակցության առաջիկա գործունեության գլխավոր ուղենիշը: Լուսավոր Հայաստան կուսակցության գործունեությունը միտված է լինելու ի կատար ածելու Մանիֆեստում տեղ գտած դրույթները՝ դրանք դարձնելով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի առանցքային գործոններ: Իրավունքի գերակայության մանիֆեստը հանդիսանում է 2015թ. դեկտեմբերի 12-ին Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարում ընդունված՝ կուսակցության ծրագրի տրամաբանական շարունակությունը, լինելով կուսակցության ծրագրային-գաղափարական համալիր գործունեության կարևորագույն բաղադրիչ:

Ելնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած գլխավոր մարտահրավերներից՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանի զարգացման, երկարաժամկետ անվտանգության և համընդհանուր բարօրության գլխավոր երաշխիքը եվրոպական մոդելի պետության կառուցումն է: Ժողովրդավարության զարգացման և կայացման հիմնաքարն ու երաշխիքը իրավունքի գերակայության հաստատումն է: Սույն Մանիֆեստը հռչակում է այն հիմնարար դրույթները, որոնք պետք է հանգեցնեն Հայաստանում իրավունքի գերակայության հաստատմանը և լիբերալ ժողովրդավարության կայացմանը:

Մասնավորապես.

 

  • Գործադիր իշխանության լիազորությունների սահմանափակում

Իրավունքի գերակայության սկզբունքի համաձայն՝ գործադիր իշխանությունը և պաշտոնատար անձինք ենթարկվում են օրենքին և պատասխանատու են օրենքի առջև: Առկա է սահմանադրական և ինստիտուցիոնալ գործիքակազմ, որի շնորհիվ ստեղծվում են փոխզսպող և հավասարակշռող մեխանիզմներ՝ սահմանափակելով գործադիր իշխանության և պաշտոնատար անձանց  լիազորություններն ու ապահովելով նրանց հաշվետվողականությունը հասարակության առջև: Իշխանության ճյուղերը վերաբաշխված են այնպես, որ վերջիններիս որևէ օղակ չի կարող ունենալ անվերահսկելի իշխանություն։ Գործադիր իշխանության արդյունավետ վերահսկողությունն իրականացվում է օրենսդիր և դատական իշխանությունների, անկախ վերստուգիչ և վերահսկիչ մարմինների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և զանգվածային լրատվության միջոցների կողմից: Այսպիսով, հնարավոր է վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության ներկայացուցիչների և այլ պաշտոնատար անձանց գործունեության, ինչպես նաև  հաշվետվողականության  նկատմամբ: Սա հնարավարություն է տալիս մշտապես հսկողության ենթարկել գործադիր իշխանությանը, իսկ պաշտոնատար անձանց դարձնել օրենքի առջև հաշվետու: Իրավունքի գերակայության, փոխզսպման և հավասարակռշման մեխանիզմների արդյունավետ կիրառման արդյունքում իշխանության փոփոխությունը կատարվում է բացառապես օրենքի տառին և ոգուն համաձայն:

 

  • Կոռուպցիայի դեմ պայքար

Իրավունքի գերակայությամբ առաջնորդվող պետությունների գլխավոր հատկանիշներից մեկը կոռուպցիայի բացառումն է։ Հայտնի է, որ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության պաշտոնյաների կողմից՝ իրենց իշխանության կամ օրենքով նախատեսված լիազորությունների չարաշահումները հանգեցնում են կոռուպցիայի երեք հիմնական տարատեսակների արմատավորմանը՝ կաշառակերություն, անօրինական ներգործություն՝ հանուն հանրային կամ մասնավոր շահի, հանրային կամ այլ ռեսուրսներին ապօրինի տիրացում: Իրավունքի գերակայության հաստատման պարագայում պաշտոնատար անձինք լիազորությունների կատարման ընթացքում չեն չարաշահում իրենց պաշտոնեական դիրքը՝ մասնավոր շահ ստանալու նպատակով:

 

  • Բաց կառավարություն

Իրավունքի գերակայության առանցքային դրսևորումներից մեկը բաց կառավարությունն է, որն ազատորեն տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն, քաղաքացիներին օժտում համապատասխան գործիքակազմով՝ հաշվետու պահելու կառավարությանը, ինչպես նաև խթանում քաղաքացիների մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացներին: Բաց կառավարությունը ենթադրում է հրապարակային և որոշակի օրենքներ, քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունք, ինչպես նաև քաղաքացիներին հասանելի բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ:

 

  • Հիմնարար իրավունքներ

Իրավունքի գերակայության պայմաններում հիմնարար իրավունքները պետք է լինեն փաստացի երաշխավորված: Իրավունքի գերակայությունը երաշխավորում է Մարդու հիմնարար իրավունքների  և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները՝ ներառյալ կյանքի իրավունքը, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի արգելումը, ստրկության և հարկադիր աշխատանքի արգելումը, ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը, պատիժը` բացառապես օրենքի հիման վրա, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, արտահայտվելու ազատությունը, հավաքների և միավորման ազատությունը, ամուսնության իրավունքը, խտրականության արգելումը, սեփականության իրավունքը, ընտրական իրավունքները, հիմնարար աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով երաշխավորված այլ իրավունքներն ու ազատությունները:

 

  • Հասարակական կարգ և անվտանգություն

Իրավունքի գերակայության հիմնարար բաղադրիչներից մեկը հասարակական կարգի և անվտանգության ապահովումն է: Այն երաշխավորում է անձի և սեփականության անվտանգությունը: Անվտանգության ապահովումը հանդիսանում է իրավունքի գերակայությամբ առաջնորդվող պետության գլխավոր գործառույթներից մեկը՝ միաժամանակ նախապայման հանդիսանալով իրավունքի գերակայությունը խթանող իրավունքների և ազատությունների համար: Առկա են երեք սկզբունքային բաղադրիչներ, որոնց ապահովումը նպաստում է հասարակական կարգի և անվտանգության հաստատմանը՝ հանցավորության մակարդակի արդյունավետ վերահսկողություն, քաղաքացիական բախումների բացառում, հանրային ընդվզման ընթացքում բռնության կիրառման բացառում:

 

  • Պետական հարկադրանք

Իրավունքի կայուն գերակայությունը ենթադրում է որոշակի կարգավորիչ հարկադրանք: Անհրաժեշտ և ողջամիտ հարկադրանքը նշանակում է, որ այն ոչ միայն իրականացվում է առանց պետական կամ մասնավոր միջամտության, այլ նաև այն, որ վարչաիրավական գործընթացներն իրականացվում են ժամանակին և առանց անհիմն ձգձգումների՝ պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանմամբ: Իրավունքի գերակայությունը նաև ենթադրում է, որ անձը սեփականությունից չի զրկվում՝ առանց համարժեք արդարացի փոխհատուցման, երբ վերջինիս սեփականության նկատմամբ ճանաչվում է հանրային գերակա շահ:  

 

  • Արդարադատություն քաղաքացիական գործերով

Քաղաքացիական գործերով արդարադատության իրականացումը իրավունքի գերակայության անհրաժեշտ պայման է: Սա նշանակում է, որ քաղաքացիները կարող են խաղաղ և արդյունավետ կերպով լուծել իրենց խնդիրները արդարադատություն իրականացնող ֆորմալ ինստիտուտների միջոցով: Արդյունավետ քաղաքացիական արդարադատության իրականացումը պահանջում է, որ այն լինի հասանելի և մատչելի՝ զերծ խտրականությունից, կոռուպցիայից և պետական մարմինների անհարկի միջամտություններից: Քաղաքացիական գործերով արդարադատությունը պետք է իրականացվի առանց անհարկի ձգձգումների, իսկ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները լինեն մատչելի, անկողմնակալ և արդյունավետ:

  • Արդարադատություն քրեական գործերով

Քրեական արդարադատության արդյունավետ համակարգն իրավունքի գերակայության առանցքային բաղադրիչներից է: Այն իրենից ներկայացնում է խնդիրների լուծման և հասարակության դեմ իրավախախտումներ գործած անձանց դեմ բողոք ներկայացնելու բնական մեխանիզմ: Քրեական արդարադատության արդյունավետ համակարգն ընդունակ է հաջողությամբ իրականացնել հանցագործությունների անկողմնակալ նախնական և դատական քննություն՝ զերծ խտրականությունից, կոռուպցիայից և պետական մարմինների անհարկի միջամտություններից, միաժամանակ՝ ապահովելով ամբաստանյալի ու տուժողի իրավունքների պաշտպանությունը:

Վերը նշված գործոններն առանցքային նշանակություն ունեն իրավունքի գերակայության հաստատման համար, իսկ իրավունքի գերակայության ապահովումը ժողովրդավարական և ազատ պետություն կերտելու հիմնարար գրավականն է: Փաստացի, սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում ժողովրդի իշխանության բաշխման համակարգը չի փոխվել, շարունակում է գործել «հաղթողին՝ ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ» սկզբունքը, ըստ էության՝ իշխանությունները զբաղված են իմիտացիոն գործընթացներով․ դրական տեղաշարժեր չեն արձանագրվել, որի արդյունքում պետությունն առաջ չի շարժվում:

Սահմանադրական ֆորմալ լուծումները, վերջին օրերին ընդունվող օրենսդրության լույսի ներքո, իրականության մեջ մնում են անկատար և պատրանքային: Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հայաստանը ֆորմալ կերպով իբրև թե դարձել է պառլամենտական հանրապետություն, սակայն փաստացի իշխանության վերաբաշխում տեղի չի ունեցել, խորհրդարանը չի ստացել Սահմանադրությամբ ենթադրվող իր լիազորություններն ու կշիռը, չեն ստեղծվել փոխզսպման և հավասարակշռման իրական մեխանիզմներ:

Էական սահմանափակումներ են արձանագրվել ընդդիմության իրավունքների և գործառույթների ոլորտում, որի արդյունքում կառավարող մեծամասնության իշխանությունը փաստացի դարձել է անվերահսկելի: Ասվածի ցայտուն օրինակը ԱԺ մշտական հանձնաժողովների թվի արհեստական կրճատումն էր, հարդյունս որի ընդդմիությունը զրկվեց հանձնաժողովի նախագահ ունենալու իրավունքից:  

Ըստ էության, ուժեղ նախագահական իշխանությունը Հայաստանում փոխարինվում է ուժեղ վարչապետական կառավարմամբ, և խորհրդարանական կառավարման քողի ներքո հաստատվում է մեկ անձի անհամաչափ ուժեղ իշխանություն: Ավելին, նոր վարչապետին հատկացվող լիազորությունները կարող են գերազանցել մինչև այժմ՝ նախագահի ունեցած իշխանությանը: Այս նպատակն իրագործելու համար մի շարք օրենքներում կատարվում են այնպիսի փոփոխություններ, որոնք նախատեսված չեն ՀՀ Սահմանադրությամբ: Փաստացի, նշյալ փոփոխությունները հակասահմանադրական ճանապարհով կերպափոխում են Սահմանադրությունը՝ իրականացնելով քաղաքական մեծամասնության իշխանության ընդարձակումը և վերացնելով կառավարող մեծամասնությանը փոխզսպելու և հակակշռելու վերջին սահմանադրական նշույլները։

Ավելին, վերոհիշյալ օրենքների մակարդակում տեղի են ունենում այնպիսի փոփոխությունենր, որոնք, ըստ էության, խմբագրեով Սահմանադրությունը, կրճատում են նախագահի՝ առանց այդ էլ նվազ լիազորությունները, փաստացի նսեմացնելով նախագահի ինստիտուտը և զրկելով նրան անաչառ արբիտրի՝ սահմանադրությամբ նախատեսված դերից:

Սա ի չիք է դարձնում սահմանադրական փոփոխությունների ողջ իմաստն ու տրամաբանությունը՝ ստեղծելով քվազի-պառլամենտական հանրապետություն, սուպերվարչապետական լիազորություններով: Գործադիր իշխանության նման անվերահսկելի լիազորություններն ավելի են մեծացնելու վերջինիս ազդեցությունը դատական համակարգի և խորհրդարանի վրա, ինչը հիմնովին խաթարելու է իշխանության թևերի միջև գոյություն ունեցող՝ առանց այն էլ խոցելի և պատրանքային հավասարակշռությունը: Այս գործընթացը լրջագույն մարտահրավեր է նետում Հայաստանում առողջ քաղաքական համակարգի կայացմանը և ժողովրդավարության զարգացմանը՝ դառնալով մեծագույն սպառնալիք մեր պետության համար:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդես է գալիս Հայաստանում Սահմանադրության ամբողջական և համապարփակ իրագործման պահանջով, որի արդյունքում կստեղծվեն զսպումների և հակակշիռների իրական և գործող մեխանիզմներ: Առանց քաղաքական հավասարակշռման հնարավոր չի լինի առողջացնել Հայաստանի հիվանդ քաղաքական համակարգը և զարգացնել երկրի տնտեսությունն ու պետական ինստիտուտները, որոնք օդի պես կենսական են ներկայիս մարտահրավերներն ունեցող Հայաստանի համար։ Վերջինիս իրագործումը հնարավոր է մեր կողմից հռչակված Իրավունքի գերակայության մանիֆեստի գլխավոր սկզբունքների կիրառման պարագայում: Ուստի, Լուսավոր Հայաստան կուսակցության գործունեությունը, այս պահից սկսած, միտված է լինելու Մանիֆեստում արտացոլված նպատակների ամբողջական իրագործմանը՝ հանուն ազատ քաղաքացու, հանուն ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության: 

 

Իրավունքի գերակայության մանիֆեստը հանդիսանում է 2015թ. դեկտեմբերի 12-ին Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարում ընդունված կուսակցության ծրագրի տրամաբանական շարունակությունը՝ լինելով կուսակցության ծրագրային-գաղափարական համալիր գործունեության կարևորագույն բաղադրիչ: Մանիֆեստն ընդունվել է Լուսավոր Հայաստան կուսակցության 2-րդ համագումարում, 2018 թվականի փետրվարի 17-ին։

Իրավունքի գերակայության մանիֆեստը հիմնված է World Justice Project կազմակերպության կողմից մշակված չափորոշիչների վրա, որոնք տեղայնացվել և համապատասխանեցվել են հայաստանյան իրականության և մարտահրավերների հետ։

 
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Անի Սամսոնյան
Գևորգ Գորգիսյան
Կարեն Սիմոնյան
Սերգե Ղահրամանյան
Հրանտ Այվազյան
Արմեն Եղիազարյան
Ռուզաննա Հարությունյան
Կորյուն Շեկոյան