Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես

Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես
Ինչո՞ւ է Արցախի անկախության օրվան զուգահեռ կրկին առաջ գալիս այն հարցը, թե իրականում ով և ինչ ձևով է այսօր պաշտպանում Արցախի ժողովրդի իրավունքները։ Ինչո՞ւ են երեք տարի անց Արցախի պետական ինստիտուտները փաստացի անգործունակ վիճակում, իսկ միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների, գույքային պահանջների և էթնիկ զտման թեմաները բավարար չափով չեն բարձրաձայնվում։
Խոսում եմ նաև 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին նախորդած գործընթացների մասին՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականից մինչև Սամվել Շահրամանյանի ընտրությունը, ինչպես նաև այն քաղաքական ուժերի պատասխանատվության մասին, որոնք մասնակցել կամ աջակցել են այդ որոշումներին։ Անդրադառնում եմ նաև տարիներ առաջ իմ արտահայտած դիրքորոշմանը՝ Արցախի ինստիտուտները Հայաստանից դուրս, միջազգային հարթակում գործելու անհրաժեշտության վերաբերյալ, և այն քարոզչական արշավին, որը դրանից հետո կառուցվեց այդ հայտարարության շուրջ։
Եթե խոսում ենք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին, միայն Հայաստանի իշխանություններին քննադատելը բավարար չէ։ Պետք են գործող ինստիտուտներ, միջազգային աշխատանք, գույքային իրավունքների պաշտպանություն, էթնիկ զտման փաստի շարունակական բարձրաձայնում և քաղաքական պատասխանատվություն նաև այն որոշումների համար, որոնք ընդունվել են հենց Արցախի ներսում։
Խոսում եմ նաև Հայաստանի քաղաքական դաշտի ավելի լայն խնդրի մասին, որտեղ հասարակությունը փաստացի սեղմված է Նիկոլ Փաշինյանի իշխանության և նախկին համակարգի միջև։ Եթե գոյություն ունի մարդկանց մեծ շերտ, որը չի ընդունում ոչ գործող իշխանության քաղաքականությունը, ոչ նախկինների վերադարձը, ապա այդ դաշտը պետք է կարողանա համախմբվել և ձևավորել ինքնուրույն քաղաքական այլընտրանք։