.jpg)
Իրանը Սիրիա կամ Իրաք չէ. Ինչպե՞ս է պահպանվում կառավարման համակարգը Խամենեիի մահից հետո | Platform 92 Հատուկ թողարկում
Այս թողարկման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմական գործողությունների իրական պատկերը, որտեղ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարական հաշվարկները բախվում են Իրանի ներքին դիմակայությանը։ Վերլուծվել է, թե ինչու Իսրայելի և Թրամփի վարչակազմի կողմից իրականացված «գլխատման» օպերացիան՝ Իրանի հոգևոր առաջնորդի և բարձրագույն զինվորականության սպանությունը, չհանգեցրեց ռեժիմի փլուզմանը, այլ շիական «նահատակության» գաղափարի շուրջ համախմբեց անգամ իշխանատյաց զանգվածներին։ Քննարկվել է, թե արդյո՞ք Իրանի ինստիտուցիոնալ ամրությունը և «բլոկչեյնային» կառավարման համակարգը թույլ կտան երկրին դիմակայել երկարատև պատերազմին, թե՞ սա սկիզբն է մի մեծ աղետի, որը կփոխի տարածաշրջանի քարտեզը։
Անդրադարձ է կատարվել Թրամփի և Նեթանյահուի գործողություններին, որոնք դիտարկվել են որպես «գանգստերական» մոտեցում միջազգային իրավունքի նկատմամբ՝ ստեղծելով վտանգավոր նախադեպ պետությունների ղեկավարների թիրախավորման հարցում։ Զուգահեռաբար դիտարկվել են «սպառողական աշխարհի տաճար» համարվող Դուբայի և Ծոցի երկրների կրած ահռելի տնտեսական վնասները՝ հարցադրում անելով, թե արդյո՞ք լավ ապրելու խոստումն ու սպառողական հասարակությունը կարող են փրկօղակ լինել արժեքային մեծ բախումների ժամանակ։ Քննարկման առանցքում է եղել նաև Հայաստանի իշխանությունների որդեգրած «սպառողական խաղաղության» քարոզը, որը զուգահեռներ է առաջացնում ինքնության կորստի և ազգային արժեքների նենգափոխման հետ։
Վերջում քննարկվել են ամենացավոտ թեմաները՝ տարածաշրջանային հնարավոր դեմոգրաֆիական աղետը և Հայաստանի աննշան դերը համաշխարհային այս բախման մեջ, որտեղ մեր երկիրը դեռևս մնում է աշխարհաքաղաքական ստվերում։ Ի՞նչ է սպասվում առաջիկայում, եթե պատերազմը տեղափոխվի ցամաքային փուլ, և ինչպե՞ս պետք է Հայաստանը պատրաստվի Իրանի հնարավոր մասնատման կամ իշխանության կոշտացման սցենարներին։
___________________________
Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում քննարկում են այն ճշմարտությունները, որոնք իրենց համոզմամբ օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև քննարկում են Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները։