1. ՀԱՄԱՏԻՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Երևանի բնակիչներից հավաքագրված միլիարդավոր դրամների մեծ մասը համատիրությունները ծախսում են վարչական մասի աշխատավարձերի վրա։ Առաջարկում ենք վերացնել համատիրությունները և բազմաբնակարան շենքի պահպանման պարտավորությունը հանձնել Երևանի քաղաքապետարանի պատասխանատվությանը։
2. ԴԱՎԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻ ԳԵՐԲԵՌՆՎԱԾՈւԹՅՈւՆ
Դավթաշենի կամրջի մշտական խցանումները դարձել են ամենօրյա գլխացավանք, որով ստիպված են անցնել բնակիչները, քանի դեռ չեն հաղթահարել Կոմիտասի պողոտա – Վաղարշ Վաղարշյան խաչմերուկը։ Առաջարկում ենք բեռնաթափել Կոմիտաս – Վաղարշյան խաչմերուկը՝ կառուցելով էստակադային հանգույց։
3. ԿԻՆՈՀԱՅՐԵՆԻՔԻ ԽԱՉՄԵՐՈւԿԻ ԳԵՐԲԵՌՆՎԱԾՈւԹՅՈւՆ
Գարեգին Նժդեհ փողոցը, Արշակունյաց պողոտան, ինչպես նաև Վստրեչի կամրջից դեպի Հայրենիք կինոթատրոնի ուղղությունը կապող հանգույցը պարբերաբար խցանվում է՝ դանդաղեցնելով տրանսպորտային հոսքերը։ Առաջարկում ենք կառուցել էստակադային հանգույց Հայրենիք կինոթատրոնի խաչմերուկը բեռնաթափելու համար՝ պահպանելով հարակից շինությունների ճարտարապետական տեսքը։
4. ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԳԵՐԲԵՌՆՎԱԾՈւԹՅՈւՆ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանից դեպի մայրաքաղաքի կենտրոն երթևեկող բնակիչները ամեն օր մնում են Մյասնիկյան պողոտայի խցանումներում, որը կախված օրվա ժամից ձևավորվում է պողոտայի երկու ուղղություններով։ Առաջարկում ենք Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կազմակերպել ժամանակակից դարձափոխային երթևեկության համակարգերով։ Այսպիսով հնարավոր կլինի խցանումների ժամանակ լրացուցիչ գիծ հատկացնել ծանրաբեռնված հոսքի համար։
5. ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐ
Երևանի փոքր կենտրոնում ավտոմեքենաների կայանման խնդիրը տարեցտարի ավելի է սրվում։ Առաջարկում ենք Երիտասարդական մետրոյին կից՝ Աբովյան – Մոսկովյան խաչմերուկի կոմերցիոն կառուցապատված տարածքների փոխարեն կառուցել բազմահարկ վերգետնյա ավտոկայանատեղի, ինչը կապահովի հյուսիսից դեպի քաղաքի կենտրոն մուտք գործող մեքենաների կայանումը։
6. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴԻՄԱԳԾԻ ԱՂՃԱՏՎԱԾՈւԹՅՈւՆ
Երևանում շենքերի ֆասադները աղճատված են ապօրինաբար իրականացված ձևախեղումներով։ Նույնանման շենքերի տանիքներն ունեն տարբեր գույնի ծածկեր, պատուհանները փոխարինվում են` հաշվի չառնելով միանմանության չափանիշները, տեղադրվում են բազմաձև գովազդային վահանակներ։ Առաջարկում ենք սահմանել պարտադիր նորմեր, որի արդյունքում փողոց առ փողոց իրականացվելու են ֆասադների վերականգնման աշխատանքներ, մայթերի և փողոցների վրայով անցնող մալուխների տեղափոխում ստորգետնյա խրամուղիներ։
7. ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՈւՄ
Լայնածավալ կառուցապատման հետևանքով մայրաքաղաքում էականորեն աճել է օդի աղտոտվածության մակարդակը։ Քաղաքի լանջային կանաչապատ տարածքների վերականգնումը կտա տեղային արդյունք միայն տարիներ անց։ Փոշու մակարդակի նվազեցման նպատակով առաջարկում ենք սահմանել կառուցապատման նոր նորմատիվ՝ շինհրապարակի սահմանազատում մանրաթելային պաշտպանիչ ցանցի միջոցով։ Յուրաքանչյուր շինարարություն ամբողջ ծավալով պետք է փակված լինի պաշտպանիչ ցանցով, իսկ դրա բացակայությունը՝ համարվի շինարարական նորմերի կոպիտ խախտում։
8. ՋՐԱՆՋԱՏՈւՄՆԵՐ, ԿՈՅՈւՂԱՏԱՐ ԵՎ ՀԵՂԵՂԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Հաճախակի դարձած ջրանջատումները, հորդառատ անձրևների ընթացքում փողոցների հեղեղումը, ինչպես նաև որոշ թաղամասերում կոյուղատար համակարգի բացակայությունը լրջագույն կոմունալ խնդիրներ են։ Ջրային տնտեսության օպերատորի հետ համատեղ իրականացնել ենթակառուցվածքների արդիականացում՝ օրենքով սահմանված քաղաքապետի կոմունալ լիազորությունների սահմաններում։ Երաշխավորել 3 ժամից ոչ ավել պլանային ջրանջատումների ռեժիմը, համայնք-մասնավոր համագործակցությամբ համալրել քաղաքի կոյուղատար և հեղեղատար ցանցը։
9. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈւՄ
Քաղաքը խիտ կառուցապատվում է՝ հաշվի չառնելով անբավարար ենթակառուցվածքները։ Երրորդ կարգի վթարային շենքերը դառնում են չորրորդ կարգի։ Քաղաքաշինական պլանավորման համար անհրաժեշտ է ներդնել «Մաստեր պլան» և խստագույնս պահպանել այդ ծրագրով նախատեսված ուղենիշները։
10. ԱՂԲԱՀԱՆՈւԹՅՈւՆ
Աղբահանության խնդիրը սրվեց այնպես, ինչպես սրվել էր նախորդ տարիներին։ Սանիտարական մաքրման խնդիրը ինչպես կար, այդպես էլ մնաց։ Համակարգային բարեփոխումները ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ է ներգրավել երկրորդ օպերատորի, որի մուտքը կապահովի մրցակցություն և կբարձրացնի մատուցվող ծառայության որակը։