Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության համառոտ հաշվետվություն
Նոյեմբեր 09, 2021
2016 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Վանաձորում առաջին անգամ քաղաքական կուսակցությունների միջոցով ձևավորվեց համայնքի ավագանին։ Չնայած «Լուսավոր Հայաստան» կուսակցության հաղթական ընտրարշավին և ընդդիմադիր բևեռի ձևավորման փորձերին ընդդեմ Վանաձորի երկարամյա Հանրապետական իշխանության, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր տասը անդամով դարձավ մեծությամբ 2-րդ խմբակցությունը և հինգ տարի շարունակ ջանք ու եռանդ չխնայեց իշխանական մեծամասնությանը փոխզսպելու ու հակակշեռու, ինչպես նաև ավագանու ինստիտուտի կայացման ուղղությամբ։ Վանաձորի օրինակով, ինչպես վանաձորցիները, այնպես էլ ՀՀ շատ համայնքներ դարձան ավագանու ինստիտուտի դերի և նշանակության պրակտիկ գործունեության ականատեսը։

2016 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավրվեց խմբակցության հետևյալ կազմը՝
  1. Քրիստ Հրաչիկի Մարուքյան (խմբակցության ղեկավար)
  2. Հայկազ Ալեքսանի Սիմիկյան
  3. Հրանտ Գնունու Այվազյան
  4. Կարինե Նորիկի Ղուկասյան 
  5. Արմեն Էդիկի Եղիազարյան
  6. Վահե Լևոնի Կռոյան 
  7. Ռոմիկ Ֆրունզիկի Մարգարյան 
  8. Անահիտ Գագիկի Կարապետյան (խմբակցության քարտուղար)
  9. Կարեն Սենիկի Բեկչյան
  10. Միհրան Հրաչիկի Քոչարյան

Վերջինիս փոխարինելու եկավ 
  1. Սուրեն Լևոնի Կարապետյանը
2018 թվականի ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Հրանտ Այվազյանն ու Արմեն Եղիազարյանը ստանձնեցին պատգամավորի պարտականությունները, ինչի արդյունքում նրանց փոխարինեցին՝
  1. Արմեն Յուրիկի Ավետյանը  
  2. Արման Իսմայիլի Սիրադեղյանը


Ստորև ներկայացնում ենք Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության հնգամյա գործունեության համառոտ հաշվետվությունը՝
  • Նախաձեռնել ենք համայնքային հիմնարկների աշխատակիցների հաստիքների և պարտականությունների կատարման ստուգում, իրավունքների ոտնահարման դեպքերի, այդ թվում՝ աշխատավարձերի ուշացման, աշխատանքային վեճերի և այլ խնդիրների վերհանում, դրանց լուծմանն ուղղված ուղիների մշակում, ինչի արդյունքում մասնավորապես լուծվել է աշխատավարձերի ուշացման հարցը՝ բոլոր աշխատակիցները ստացել են իրենց պարտքը և նման խնդիր այլևս չի առաջացել։
 
  • Մանրազնին կերպով վերլուծել ենք համայնքային հիմնարկներների աշխատանքները և հաստիքացուցակները, բազմակի ստուգայցերի միջոցով իրականացրել ենք կարիքների բացահայտում և վերհանել առկա խնդիրները, մշակել ենք համընդհանուր ընդունելի հաստիքացուցակ՝ համայնքի կարիքներից ելնելով:
 
  • Համայնքային հիմնարկներում գնումների ընթացակարգերն ուսումնասիրելով, առանձնահատուկ ստուգել ենք մանկապարտեզներ մատակարարված ապրանքների և սննդի որակը, քանակները, գները, բարձրաձայնել հայտնաբերած թերությունները և խախտումները, ինչի արդյունքում խնդիրները ստացել են օպտիմալ լուծումներ։
 
  • Մշտապես հետևողական լինելով Վանաձորի վարորդների բարձրացրած խնդիրներին զբաղվել ենք համայնքի տարածքում վճարովի և անվճար հիմունքներով ավտոկայանատեղի կազմակերպելու համար հատկացված տարածքների հարցով, թեմայի հետ առնչվող բոլոր փաստաթղթերին ծանոթանալով՝ ձեռնարկել ենք համապատասխան գործողություններ, ինչի արդյունքում քաղաքը «ազատվել է» Հայքի հրապարակի և Ոստիկանության Տարոնի բաժնի շրջակայքի անօրինական վճարովի ավտոկայանատեղիներից:
     
  • Իրականացրել ենք համայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքների վերահսկում, ինչի արդյունքում մի քանի փողոցներում կատարված անորակ աշխատանքը չի ընդունվել, մինչ սահմանվող նորմերին համապատասխանեցվելը։
     
  • Համատիրությունների աշխատանքի վերահսկման թեմայով հանդիպումներ ենք ունեցել տարբեր թաղամասերի բնակիչների հետ։ Նրանց ենք ներկայացրել իրենց իրավունքների ու վերահսկման հարցով ավագանու լիազորությունները, համատիրության կազմից դուրս գալու, այն լուծարելու և նորը հիմնելու ուղիները։

     
  • Մշակել ենք համատիրությունների ծախսերի հաշվետվության նոր ձևաչափ և համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրությունները համակարգող բաժինների միջոցով այն ներկայացրել համատիրություններին: Առաջարկը ստացել է դրական եզրակացություն և դրվել շրջանառության մեջ:
 
  • Գույքահարկի մասին օրենքի շրջանակներում առաջարկել ենք սահմանել արտոնություն գույքահարկի գծով՝ Վանաձոր համայնքում հաշվառված Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված՝ 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի զինհաշմանդամների համար: Նշված խմբի զին. հաշմանդամները ստացել են գույքահարկի գծով արտոնություն:
 
  • Հաշվի առնելով դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի հայտագրման մասով առաջացած խնդիրները, վանաձորցի մի քանի տասնյակ ծնողների բողոքը, ովքեր կայքի գործարկման օրը արդեն իսկ առավոտյան 09:05 չեն կարողացել երեխաներին հայտագրել իրենց թաղամասային դպրոցներ և հիմք ընդունելով այլ թաղամասերում գտնվող դպրոցներ երեխաներին ուղարկելու անհնարինությունը՝ խնդրի լուծման առաջարկների փաթեթ ենք ուղարկել ԿԳՄՍ նախարարին, մի քանի կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում խնդիրը ստացել է մասնակի լուծում և հաջորդ ուսումնական տարում նույնատիպ բողոք չենք ստացել։
 
  • Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի պատճառով Վանաձորի համայնքային հիմնարկների աշխատանքը ժամանակավոր դադարեցնելու հանգամանքը, հիմք ընդունելով ստեղծագործական հիմնարկների մի քանի տասնյակ աշխատակիցների աշխատանքի դուրս գալու խնդրանքը և ելնելով այն հանգամանքից, որ վերոնշյալ ոլորտի աշխատակիցներն իրենց մասնագիտական բարձր մակարդակն ապահովում են տարիների կուտակած փորձով, սակայն արդյունքը բավականին հեշտ կորցնում ստաբիլ պարապմունքները դադարեցնելու պատճառով, 2020թ. դիմել ենք պարետատուն, խնդրելով առավելագույնը 7-10 հոգու մասնակցությամբ խմբեր կազմելու պայմանով թույլատրել նրանց աշխատանքը: Վարչապետի աշխատակազմի հետ համատեղ աշխատանքի և քննարկումների արդյունքում համայնքի ստեղծագործական կոլեկտիվների (Կամերային երգչախումբ ՀՈԱԿ, Կամերային նվագախումբ ՀՈԱԿ, Գր. Հախինյանի անվան «Հորովել» ժող. երգի-պարի համույթ ՀՈԱԿ, «Բոհեմ» կամերային թատրոն ՀՈԱԿ, Տիկնիկային թատրոն ՀՈԱԿ, Երգի թատրոն ՀՈԱԿ) համար կարողացել ենք թույլտվություն ստանալ և վերսկսել աշխատանքը։
 
  • Համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի պատճառով նախաձեռնել ենք Վանաձոր համայնքի թվով 5 մանկապարտեզներում բուժքույրի հաստիքը 0.5 դրույքաչափից 1 ամբողջական դրույք դարձնելու հարցը, որը ստացել է դրական լուծում:
 
  • Մեր առաջարկով անապահով բազմազավակ ընտանիքների մանկապարտեզ հաճախող երեխաների համար սահմանվել են զեղչեր:
 
  • Մի քանի տարի շարունակ իրականացրել ենք «Ավագանու օգնական» նախաձեռնությունը, որի շնորհիվ համայնքում բնակվող մի խումբ երիտասարդներ մոտիկից ծանոթացել են ավագանու ինստիտուտին, աշխատանքներին, համայնքում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին:
 
  • Մասնակցել ենք երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացին, ներկա գտնվել քաղաքի երիտասարդների հետ կազմակերպված տարատեսակ հանդիպում-քննարկումների: Լսելով համայնքի զարգացմանը միտված նրանց ծրագրային առաջարկները, մեր առաջարկով փոփոխել ենք համայնքի տարեկան բյուջեն՝ երիտասարդական ծրագրերի համար հատկացվող տողում տրամադրելով 2 ապա արդեն 3 մլն դրամ, ինչի արդյունքում երիտասարդները կարող են իրենց ծրագրերը ներկայացնել ավագանու դատին և դրանց իրագործման համար ստանալ ֆինանսական աջակցություն:

     
  • Ուսումնասիրել ենք Վանաձորի այգիների և պուրակների իրավական կարգավիճակը, Համերաշխության պուրակի դեպքում (նախկին Վզվզնյակ) քաղ. հասարակության ներկայացուցիչների հետ կազմակերպել ենք մաքրման աշխատանքներ, հետևողականորեն վերլուծել ենք վարձակալի վարքագիծը և արձանագրելով պայմանագրային պարտավորությունների խախտման մի շարք դեպքեր` դիմել պայմանագրի լուծման պահանջով։ Ավագանու նիստերին հանդես ենք եկել այգու բարեկարգման և թարմացման մասին առաջարկներով: Համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում այգին բարեկարգվել է։
 
  • Խոշորացույցի տակ ենք պահել մեծամասամբ համայնքային բյուջեով քաղաքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տարվող շինարարական աշխատանքները՝ վերահսկել Հայքի հրապարակի շատրվանների, Համերաշխության պուրակի, Արցախ պուրակի և մյուս այգիների, Վանաձորի կերպարվեստի թանգարանի, համայնքային մշակույթի տների և սպորտային դպրոցների շինարարական աշխատանքները։
 
  • Բնակիչների բազմաթիվ բողոքների հիման վրա կատարել ենք քաղաքի տրանսպորտային հանգույցի խնդիրների վերհանում՝ այդ թվում քաղաքացիների շրջանում անցկացրած հարցման միջոցով, մարդկային հոսքերի վերլուծություն՝ առաջարկել նոր երթուղիների և աշխատանքային ժամերի փոփոխություն:
 
  • Հիմք ընդունելով Ամառանոցային (Լագեր) ու Խանդակ (Ջունգլիներ) թաղամասերի տարեցների խնդրանքը՝ տրանսպորտի բաժնի պետի հետ քննարկումների արդյունքում փոփոխություն մտցվեց թիվ 1 ներքաղաքային երթուղու ուղեգծի մեջ, ինչը հնարավորություն տվեց տվյալ թաղամասերի բնակիչների համար ավելի հեշտ հասանելի դարձնել Վանաձորի Բժշկական կենտրոն այցերը։
 
  • Համագործակցելով ՃՈ հետ 2019թ. սկսած ամռան և աշնան ամիսներին հնարավոր դարձավ սահմանել ՃՈ աշխատակիցների մշտական հերթապահություն Հայքի հրապարակում, հատկապես երեկոյան ժամերին, ինչի արդյունքում մեքենաներից «ազատագրվեց» համայնքապետարանի դիմացի հատվածը և քաղաքացիների զբոսանքն ու երեխաների հեծանիվ կամ չմուշկ վարելը դարձավ անվտանգ: Հետևողական աշխատանքի շնորհիվ 2020թ. համայնքապետարանի հետնամասում տեղադրվեց ուղեփակոց, ինչն ավելի հեշտացրեց ՃՈ վերահսկման գործընթացը։
 
  • Գիշերային լուսավորությունը վերականգնելու հարցով դիմել ենք Վանաձորի համայնքապետին։ Քաղաքի մի քանի հասցեների համար, օրինակ՝  Մանուշյան 37, հարցը ստացել է դրական լուծում։
 
  • Ուսումնասիրել ենք համայնքի թափառող շների խնդիրը, վերլուծել Վանաձորի համայնքապետարանի կարիքների համար թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների պայմանագիրը և դրա տեխնիկական բնութագիրը։ Աշխատանքային այցով մեկնել ենք Թբիլիսի, որտեղ ծանոթացել ենք կենդանիների ստերջացման ծրագրի մանրամասներին և պայմանավորվածություն ձեռք բերել Վանաձորում նմանօրինակ աշխատանքների կազմակերպման հարցում օժանդակություն ստանալու հարցով։ Առավել օգտավետ և քաղաքակիրթ ձևով խնդրին լուծում տալու նպատակով 2020թ.-ից բյուջեում հատկացվել է գումար: Տեղի է ունեցել մրցույթ, որի շրջանակում 2021թ. սկսած համայնքում կատարվում է թափառով շների ստերջացում, ինչը հասարակության համար հնարավորինս անվտանգ է դարձնում կենդանիներին։
 
  • Զբաղվել ենք բազմաբնակարան շենքերի բակերի անանցանելի մուտքերի բացման հնարավորությունների ուսումնասիրությամբ: Համայնքի և ՃՈ ներկայացուցիչների հետ քննարկվել են լուծումները և ձեռք է բերվել պայմանավորվածություն համապատասխան բյուջետային միջոցներ հատկացնելու մասին:
 
  • Դիմել ենք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին Ներսիսյան նրբանցքում մատակարարվող խմելու ջրի գրաֆիկի, պարբերականության և մաքրության հետ կապված խնդիրներով, ինչի արդյունքում Ընկերությունը պարտավորվել էր իրականացնել KFW բանկի կողմից ֆինասնավորվող ներդրումային ծրագրի 3-րդ փուլով նախատեսված աշխատանքները, որը ներառում է նոր բաշխիչ ցանցի կառուցում, խմելու ջրի մաքրման կայանի և ջրընդունիչ համակարգի վերանորոգում:

     
  • Ուսումնասիրել ենք համայնքի տարածքում անվարձահատույց տրամադրված տարածքները: Ծանոթացել Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում 2016թ.-ից մինչ օրս անվարձահատույց տրամադրած սենյակներում կատարված աշխատանքի հաշվետվությունը, որը ստացել ենք շուրջ երկու տարի հետևողականորեն պահանջելու արդյունքում: Ավագանու աշխատանքների վերջին փուլում քննարկում էինք բոլոր սենյակները ազատելու, իսկ հետագայում հանձնելու դեպքում հստակ պայմաններ առաջադրելու հարցը: Գործընթացը հնարավոր է ավարտին հասցնել ավագանու հաջորդ գումարման աշխատանքների շրջանակում։
 
  • Ներկա ենք գտնվել փակված գրադարանների աշխատակիցների մասնակցությամբ դատական մի քանի նիստի և նպաստել աշխատանքից ազատված աշխատողների վերականգնման հարցի իրավական կողմի ճշտման գործնթացի կայացմանը:
 
  • Համայքնի բնակիչների ազատ տեղաշարժն ապահովելու և հաշմանդամություն ունեցող անձանց համար հավելյալ դժվարություններ չառաջացնելու նպատակով 2020 թվականից զբաղվում ենք դեպի «Տաշիր սթրիթ» տանող ստորգետնյա անցումի վերականգնման աշխատանքներով։ 2021թ. վերջապես մեկնարկել են շինարարական աշխատանքները։
 
  • Բնակիչների գիշերային անդորրը պահպանելու նպատակով զբաղվել ենք սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների ներկայացվող պահանջների ուսումնասիրմամբ, ինչի արդյունքում կասեցվել է բնակելի շենքերի ու ուսումնական հաստատությունների հարակից տարածքում ապօրինի գործող կառույցների աշխատանքը։
 
  • Պարբերաբար Վանաձոր համայնքի ավագանու նիստերի ընթացքում կանխել ենք տարածքների նվիրատվության, էականորեն ցածր գնով օտարման, ուղիղ վաճառքի և նմանատիպ այլ դեպքեր, որոնց արդյունքում պահպանվել է համայնքային գույքը, տարածքը կամ հողամասը։
 
  • Բավականին լուրջ դիմադրություն և հանրային լայն հնչեղություն ենք տվել Վանաձորի «Էլիտար» շենքը գույքահարկից ազատելու նախաձեռնությանը, սակայն հանրային շահը մասնավորին ստորադասող ավագանու մյուս ներկայացուցիչների քվեարկությամբ իրականացվել է նշված գործարքը։
 
  • Հայանքի խնդիրների լուծմանը քաղաքացիների ներգրավվածությունը ապահովելու նպատակով իրականացրել ենք մի շարք քննարկումներ, ինչի արդյունքում ձևավորել ենք համայնքի ղեկավարին կից երեք խորհրդակցական մարմիններ, որոնց կազմում ընդգրկվել են նախապես հայտագրված քաղաքացիներ։

     
  • 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրացրել ենք Վանաձոր քաղաքի ապաստարանների հարցը, համայնքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի հետ համատեղ նախաձեռնել մաքրման և վերականգնման աշխատանքներ։

Վանաձոր համայնքի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները ծավալել են ակտիվ գործունեություն, նիստերի ընթացքում բարձրաձայնել են քաղաքում առկա հարյուրավոր խնդիրներ, մշտապես պահպանել են թափանցիկ և հաշվետու գործելաոճը։ Երբեք ՉԵՆ ԽՈՒՍԱՓԵԼ  քաղաքացիների հետ հանդիպումներից, ՉԵՆ ԽՈւՍԱՓԵԼ ԶԼՄ ներկայացուցիչների հրավերներից և մինչև լիազորությունների կատարման վերջին օրն աշխատել են Ի ՇԱՀ ՎԱՆԱՁՈՐԻ։
Եվ այժմ էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հերթական անգամ հանդես է գալիս ինքնաբավ, կայացած, օրինակելի ու անկաշառ, սկզբունքային ու համայնքի շահով առաջնորդվող մարդկանց թիմով։ Նախորդող տարիներին ՉԵՆՔ ստորադասել հանրային շահը մասնավոր հետաքրքրություններին, ՉԵՆՔ առաջնորդվել պահի թելադրանքով և ՉԵՆՔ մտել շահադիտական կամ առևտրային գործարքների մեջ։ 

Չի լինելու այնպես, որ խոշորացված համայնքի բնակիչները նախընտրեն պարբերաբար կուսակցական ճամբարներ փոխող, պատեհապաշտ, համայնքի ունեցվածքը որպես մասնավոր սեփականություն ընկալող, հարկատուների հաշվին հարստացող ու համայնքը բաժինբաժին անողներին և չընտրեն ազնվորեն իր դիմագիծը պահող «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։
 

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Էդմոն Մարուքյան
Դավիթ Խաժակյան
Գևորգ Գորգիսյան
Կարեն Սիմոնյան
Կարինե Ղուկասյան
Արմեն Եղիազարյան
Ռուզաննա Հարությունյան