ՀՀ 7-ՐԴ ԳՈւՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
«ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈւԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈւԹՅՈւՆԸ
Մայիս 20, 2021
Նախաբան
ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եղել է մանդատների թվով ամենափոքր խմբակցությունը, որում ընդգրկված են եղել նախապես 18, իսկ այնուհետև՝ 17 պատգամավոր:
Չնայած այդ հանգամանքին՝ «Լուսավոր Հայաստան»-ի անդամները մշտապես ակտիվ գործունեություն են ծավալել խորհրդարանում և դրա առանձին հանձնաժողովներում, իսկ խմբակցությունը տարբեր ցուցանիշներով եղել է առաջատար դիրքերում։ Խորհրարանական խմբակցությանը վերապահված որոշ գործիքներ «Լուսավոր Հայաստան»-ը կիրառել է առաջինը, երբեմն՝ եղել դրանց միակ կիրառողը։

«Լուսավոր Հայաստան»-ին է տրվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից մեկի՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը:

Ընդհանուր առմամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները խորհրդարանում ունեցել են 865 ելույթ, իշխանության ներկայացուցիչներին տվել 771 հարց՝ չհաշված հանձնաժողովների նիստերի ընթացքում տրված հարցերը և ունեցած ելույթները։

Խմբակցությունն իրացրել է հարցապնդման իրավունքը 3 անգամ։

Խմբակցությունն իրականացրել է իր գործունեությունը՝ հավատարիմ մնալով իր կարևորագույն սկզբունքներին և նպատակներին՝ պետականաշինություն, մարդակենտրոնություն, ինստիտուցիոնալ կայուն զարգացում, կառուցողականություն, ներառականություն՝ խորհրդարանում բարձրացնելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարզերի և մայրաքաղաքի միջև համաչափ տարածքային զարգացումը, խոցելի խմբերի պաշտպանվածությունը, գործարարության խթանումը, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների լիարժեք կիրառությունը, կառավարության կենտրոնական և տարածքային մարմինների արդյունավետ գործունեությունը և բազմաթիվ այլ հիմնաքարային հարցեր։


Օրենսդրական գործունեություն
Որպես օրենսդրական նախաձեռնություն խորհրդարան բերված կառավարության կառուցվածքի խնդիրները տեսնելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի առաջին նստաշրջանին ակտիվորեն վեր է հանել այդ կառուցվածքում թաքնված խնդիրներն ու միաժամանակ առաջարկել լուծման իր տարբերակը՝ ներկայացնելով կառավարության այլընտրանքային կառուցվածք՝ միաժամանակ հիմնավորելով այդ այլընտրանքի առավելությունները, մասնավորապես՝ խորհրդարանական վերահսկողությունից դուրս չմնացող գերատեսչություններ, քաղաքական պատասխանատվություն կրող իրավապահ (ուժային) և այլ կարևոր կառույցների ղեկավարներ, տրամաբանական միացումներ և անջատումներ, սուպերվարչապետական համակարգի թուլացում։ Նախաձեռնությունը մերժվել է, սակայն կարճ ժամանակ անց պարզ է դարձել խմբակցության առաջ քաշած թեզերի ճշմարտացիությունը։

Ըստ «Պառլամենտ Մոնիթորինգ»-ի 2019թ. 1-ին կեսին ամփոփված տվյալների՝ «Նախագծեր հեղինակելու նոր հնարավորությունը լիարժեքորեն իրացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: ԼՀ-ն խորհրդարանական 3 ուժերից միակն է, որն իր գրեթե բոլոր նախագծերը շրջանառության մեջ է դրել խմբակցության անունից (օրակարգում չընդգրկված 18 նախագծերից 17-ը, իսկ օրակարգում ընդգրկված բոլոր օրինագծերը ներկայացվել են խմբակցության անունից): (…) իրողությունն այն է, որ թիմային, հավաքական մոտեցում ցուցաբերելու հարցում քաղաքական մեծամասնությունն առայժմ զիջում է ընդդիմությանը»։

Իսկ 2-րդ նստաշրջանի ընթացքում, ըստ նույն մոնիտորինգային տվյալների՝ «88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր 2 պատգամավոր միջինացված հաշվարկով հանդես է եկել 1, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 26 պատգամավորներից յուրաքանչյուրը՝ 1, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության 18 պատգամավորներից յուրաքանչյուրը՝ 1.7 օրենսդրական նախաձեռնությամբ»։

Ընդհանուր առմամբ՝ օրենքի (միաժամանակ մի քանի օրենքների նախագծերի փաթեթը ևս հաշվարկվում է որպես 1 օրենսդրական նախաձեռնություն), Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի 89 նախագիծ է նախաձեռնվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։

Այդ առաջարկները մշտապես բխել են քաղաքացիների ուղղակի բողոքներից և առաջարկություններից, կարիքներից և ծառայել բացառապես պետության և արդարության շահերին։ Նշենք խմբակցության օրենսդրական նախաձեռնություններից մի քանիսը.

ա) Առաջարկել ենք կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցել ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1.5 օրվա դիմաց, ինչը թե՛ արդարացի կլիներ՝ հաշվի առնելով կալանավորման ռեժիմի տարբերությունը, թե՛ հնարավորություն կտար բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները։ Առաջարկությունն այդպես էլ չընդունվեց գործող իշխանության կողմից։

բ) Առաջարկել ենք փաստաբանի պաշտպանվածությունը բարձրացնել ու դարձնել դատախազի պաշտպանվածության մակարդակին՝ քրեական օրենսգրքում փոփոխությունների միջոցով, սակայն առաջարկը չի ընդունվել։

գ) 2019թ. հունվարին, ելնելով դեմոգրաֆիական պատկերից, առաջարկել ենք նախորդ տարիների նմանությամբ թույլատրել 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին մուծել օրենքով սահմանված վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից: Առաջարկը մեկ անգամ ընդունվել է, այնուհետև՝ ոչ։ Միաժամանակ, հետագայում բազմիցս բարձրացրել ենք ծառայությունից խուսափած քաղաքացիների մասով համաներում հայտարարելու անհրաժեշտության հարցը, որպիսի առաջարկը ևս մերժվել է, սակայն որոշ ժամանակ անց՝ 2021թ. ապրիլին, կառավարությունն այդ նախաձեռնությամբ նախագիծ է ուղարկել խորհրդարան։

դ) Առաջարկել ենք օրենքով նախատեսել, որ հիպոտեկի պայմանագրի տոկոսների փոխհատուցման (եկամտային հարկի վերադարձման) արտոնությունից հնարավոր է օգտվել նաև մարզերում՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն (այդ թվում՝ կիսակառույց) ձեռքբերելու դեպքում, քանի որ մարզերում տասնամյակներ շարունակ բնակարանաշինություն չի իրականացվում, սակայն նախագիծը մերժվել է։

ե) Նախաձեռնություններ ենք իրականացրել՝ ի պաշտպանություն տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող կենսաթոշակառուների իրավունքների, որպեսզի նրանք հնարավորություն ունենան առանց բանկ այցելելու շարունակել ստանալ հասանելիք կենսաթոշակը։

զ) Նախաձեռնել ենք օրենսդրական մանրամասն լրացումներ, որոնք հնարավորություն կտան երիտասարդ պրոֆեսիոնալ կադրերին լիարժեք աշխատել ՀՀ Ռազմաարդյունաբերական համալիրում՝ վերջինիս զարգացմանն ի նպաստ դնելով իրենց տաղանդն ու գիտելիքները՝ անցնելով նաև պարտադիր զինվորական ծառայություն։ Նշված նախագծով մշակվել են նաև ՀՀ Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական ծրագրին առնչվող հիմնական կետերը։

է) Մեր կողմից մշակված նախաձեռնությամբ տրվում էր անվճար բարձրագույն և միջնակարգ-մասնագիտական ուսման հնարավորություն հաշմանդամություն ունեցող բոլոր (այդ թվում՝ 3-րդ խմբի) քաղաքացիներին, սակայն նախաձեռնությունը մերժվեց վերջին՝ լիագումար նիստում 2-րդ ընթերցմամբ ընդունման փուլում։

ը) Ժամանակին, երբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցները լիարժեք հնարավորություն էին տալիս, մեր կողմից իրականացված նախաձեռնությամբ հնարավորություն էր տրվելու հիմնադրամի միջոցներից զինծառայողներին փոխանցումներ կատարել ոչ միայն մարտական գործողությունների, այլ նաև առհասարակ ամբողջ զինծառայության ընթացքում ստացված վիրավորումների, վնասվածքների համար։ Նախաձեռնությունը, սակայն, չընդունվեց։

թ) Նույնկերպ, երբ մեր կողմից առաջարկվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցումներ կատարել նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նախաձեռնությունը ևս չընդունվեց։

ժ) Մեկ այլ նախաձեռնությամբ՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձ էինք նախատեսում ոչ միայն աշխատանքային, այլ նաև մյուս բոլոր (քաղաքացիաիրավական պայմանագրերով) վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար։ Սակայն հերթական անհիմն ձևակերպումների ներքո այս նախագիծը ևս չընդունվեց։

ժա) Մեր կողմից կազմված օրենքի նախագծով բացահայտման էին ենթարկվելու հանքերի բոլոր սեփականատերերը, սակայն իշխող մեծամասնությունը, հակառակ պաշտոնապես որդեգրված թափանցիկության սկզբունքին, մերժեց նախաձեռնությունը։

ժբ) Հաշվի առնելով մեքենաներ ներմուծող/ներմուծած անձանց խնդիրները՝ մեր կողմից առաջարկվել էր ժամանակավոր հարկային արտոնություններ տրամադրել այդ ոլորտին, ինչը հնարավորություն կտար 0-ից բարձր մակարդակի վրա պահել այդ բիզնեսի եկամուտները։

ժգ) Հաշվի առնելով ոստիկանության զորքերի կողմից մարտական հերթապահություն իրականացնելու հանգամանքը՝ առաջարկել ենք զինծառայողներին վերաբերելի նույնատեսակ հարկային արտոնություններ տրամադրել նաև ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր սահմանված կարգով և ժամկետում մեկնում են առաջնագիծ՝ մարտական հերթապահության:

ժդ) Մեր կողմից մշակված նախաձեռնությամբ՝ հեմոդիալիզ անցնելու նպատակով համապատասխան բժշկական սպասարկում իրականացնող բժշկական հաստատություն հասնելու համար մշտական բնակության վայրից առնվազն 20կմ անցնող քաղաքացուն յուրաքանչյուր այցելության համար ճանապարհածախսի հատուցման իրավունք էր նախատեսվում: Նախագիծը, սակայն, իշխող մեծամասնության հավանությունը չստանալով, դուրս մնաց շրջանառությունից։

ժե) Խորհրդակցելով տնտեսագետների հետ և կատարելով համապատասխան հաշվարկներ՝ «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկել էր սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով եկամտային հարկը հաշվարկել 10% դրույքաչափով:

ժզ) Համավարակի և արտակարգ դրության սահմանափակումների ընթացքում մեր կողմից մշակված նախաձեռնությամբ կարգավորվում էին պայմանագրային հարաբերություններում անհաղթահարելի ուժի (force-majeure) ազդեցության հետևանքով չկատարված կամ թերակատարված պարտավորություններից առաջացող բացասական հետևանքները։ Դա կարող էր հիմք ծառայել արտակարգ դրության ընթացքում չմարված վարկային, բնակվարձի և այլ պարտավորությունների գծով որոշակի զիջումներ ստանալու համար, սակայն նախագիծը մերժվեց, իսկ կառավարությունը հարցը լուծեց «տեղային միջոցների» կիրառմամբ և միայն շատ ավելի փոքր մասշտաբով։

ժէ) Մեր կողմից մշակված նախագծի համաձայն՝ զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք իրենց կողմից չօգտագործված արձակուրդների դիմաց ամբողջական փոխհատուցում ստանալու հնարավորություն էին ստանում՝ ի տարբերություն գործող հակասահմանադրական կարգավորման, որով նրանք ստանում են առավելագույնը 3 տարվա արձակուրդային վճարները։ Այս նախագիծը ևս մերժվեց իշխող մեծամասնության կողմից։

ժը) Մեր կողմից նշակված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների միջոցով կարգավորվում էին առկա մի քանի օրենսդրական բացեր՝ կապված գերության մեջ հայտնված զինծառայողների և քաղաքացիական անձանց կարգավիճակի ու նրանց ընտանիքների կարիքների ապահովման հետ։ Մասնավորապես՝ անընդունելի համարելով ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին անհարգելի պատճառներով ծառայությունից խուսափող դիտարկելը՝ նախագծով առաջարկել ենք որպես պայմանագրային զինծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք նախատեսել ռազմական գործողությունների կապակցությամբ զինծառայողի անհայտ կորած ճանաչվելու դեպքերը։ Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողների իրավական կարգավիճակի հստակեցումը կարևոր է նաև պատերազմական ակտիվ գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողի, այդ թվում՝ հրամանատարական պաշտոն զբաղեցնող, հաստիքն արագ համալրելու անհրաժեշտությամբ, ինչն անհնար է առանց նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու։

Միաժամանակ, նշված օրենքի գործող խմբագրությամբ՝ գերության մեջ գտնվելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը, սակայն վերջիններիս պաշտոնային դրույքաչափը վճարվում է միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ։ Այսինքն՝ գործող օրենքը ելնում է զինծառայողի մեղավորության կանխավարկածից, ինչը, մեր համոզմամբ՝ բացարձակապես անընդունելի և հակասահմանադրական կարգավորում է՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Օրենքի նմանաբնույթ կարգավորման պարագայում անկատար է մնում օրենքով սահմանված կարգավորումների հետապնդած նպատակներից մեկը, այն է՝ զինծառայողի ընտանիքի անդամների սոցիալական կայունության ապահովումը։ Այդ նպատակը մնում է նաև այն պատճառով, որ օրենքը չի սահմանում գերեվարված զինծառայողին հասանելիք պաշտոնային դրույքաչափի՝ զինծառայողի ընտանիքի անդամներին տրամադրելու (հասանելի դարձնելու) իրավական ընթացակարգ։ Օրենքով ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողների համար սոցիալական երաշխիքներ ևս սահմանված չեն։ Գերեվարված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական վիճակի կայունությունն ապահովելու նպատակով՝ նախագծով առաջարկել էինք զինծառայողի ընտանիքի անդամներին (ամուսինը, զավակները և ծնողները) տրամադրել ամենամսյա դրամական օգնություն մինչև զինծառայողի՝ գերությունից վերադառնալը կամ գտնվելու վայրի պարզումը կամ իրավասու մարմնի կողմից օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերի պահպանմամբ հարուցված վարույթի շրջանակներում զինծառայողի՝ գերության մեջ հայտնվելը կամ անհայտ կորելը զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք լինելու հանգամանքի ապացուցումը։

Նախագծով առաջարկվել էր նաև զինծառայողների համար օրենքի մակարդակով նախատեսել լրացուցիչ սոցիալական երաշխիք, որի համաձայն՝ պետական լիազոր մարմնի կարդային ստորաբաժանման տրամադրության տակ մնացած զինծառայողներին օրենքով սահմանված կարգով հատկացվող  բնակելի տարածության վարձակալության դիմաց հատկացվող դրամական փոխհատուցումը պահպանվում է  (կադրերի ռեզերվում գրանցելու)՝ օրենքով սահմանված ամբողջ ժամկետի ընթացքում։

Ռազմական գործողությունների ընթացքում գերեվարվում են նաև քաղաքացիական անձինք, սակայն գործող օրենսդրությունը նրանց գերու կարգավիճակ տալու ընթացակարգ և ըստ այդմ նաև սոցիալական երաշխիքներ չի նախատեսում։ Այս բացը լուծվում էր մեր կողմից ներկայացված նախագծերի փաթեթով որը սակայն, մերժվեց գործող իշխանության կողմից։

ժթ) Ստանալով սահմանային տարիքի հասած բազմաթիվ զինծառայողների առաջարկն առ այն, որ պետք է բարձրացնել ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում ծառայության առավելագույն տարիքային շեմը, ինչպես նաև տեղեկացված լինելով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողը, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում է արտագնա աշխատանքի այն դեպքում, երբ ցանկություն ունի և ունակ է շարունակել ծառայությունը ՀՀ Զինված ուժերում կամ այլ զորքերում՝ մեր կողմից մշակվել և խորհրդարանի կողմից ընդունվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, որոնցով նշված շեմը զգալիորեն բարձրացվեց։

ի) Հետպատերազմյան փուլում մեր կողմից առաջնահերթ մշակվեց իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, որի վերաբերյալ ավելի մանրամասն կխոսվի ստորև։

իա) «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել և խորհրդարանի կողմից ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի ուղերձը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին և խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին և անձանց, միջխորհրդարանական կազմակերպություններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ կապված ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վերադարձի, նրաց նկատմամբ խոշտանգումների փաստերի, դիերի փոխանակման, Ադրբեջանի կողմից պետականորեն վարվող հայատյաց քաղաքականության հետ։

իբ) Տեղեկացված լինելով կենսաթոշակի հաշվարկման ընթացքում պետական մարմինների կողմից քաղաքացիների աշխատանքային ստաժի հաշվարկման հետ կապված խնդիրներ ստեղծելու պրակտիկային՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել և Ազգային ժողովի քննարկմանն էր առաջադրել օրենսդրական նախաձեռնություն, որը հստակ սահմանում էր, որ պետական լիազոր մարմինը չի կարող պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, եթե քաղաքացին ներկայացրել է իր աշխատանքային ստաժի առկայությունը հիմնավորող բավարար ապացույց։ Նախագիծը, սակայն, մերժվեց իշխող մեծամասնության կողմից։

իգ) Մեր կողմից Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացման նախագիծ, որը հնարավորություն կտա կրճատ աշխատաժամանակ սահմանել հաշմանդամություն ունեցող երեխա ունեցող և խնամող ծնողների համար։

իդ) «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացումներով՝ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից առաջարկվում էր սահմանել, որ պետությունը փոխհատուցում է տրամադրում  միայնակ տարեցների կոմունալ վճարների դիմաց: Տվյալ նախաձեռնությունը ևս հավանության չարժանացավ։

իե) Մի շարք նախաձեռնություններ են արվել՝ ՓՄՁ-ներին աջակցելուն ուղղված, վարկային (այդ թվում՝ գրավի, երաշխավորության) հարաբերությունների կարգավորմանը, ապահովագրության,  դատական ընթացակարգերի դյուրացմանը, կոռուպցիայի կանխարգելմանը, տեղական ինքնակառավարման որոշակի խնդիրների, պետական գնումների թափանցիկության ապահովման ու բազմաթիվ այլ հարցերի լուծմանը միտված։

Հարցապնդումներ
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եղել է հարցապնդմամբ հանդես եկած միակ խմբակցությունը։
  1. 2019թ. մարտի 13-ին խմբակցությունը գրավոր հարցապնդմամբ դիմել է կառավարությանը՝ դնելով նախարարություններում, այլ գերատեսչություններում և պետական մարմիններում աշխատատեղերի կրճատման արդյունքում առաջացող խնդիրների հարցը։ Քննարկման արդյունքում, համաձայն Սահմանադրության 113-րդ հոդվածի 2-րդ մասի՝ մեր կողմից առաջարկվել է ընդունել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում, որը չի ընդունվել՝ 41 կողմ, 67 դեմ, 1 ձեռնպահ ձայների բաշխմամբ։
  2. 2019թ. նոյեմբերի 01-ին գրավոր հարցապնդմամբ խմբակցությունը դիմել է կառավարությանը՝ դնելով Հանրապետությունում բնապահպանական ծրագրերի խիստ սահմանափակ լինելու և միաժամանակ թերակատարվելու հարցերը։ Քննարկման արդյունքում, համաձայն Սահմանադրության 113-րդ հոդվածի 2-րդ մասի՝ մեր կողմից առաջարկվել է ընդունել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում, որը չընդունվեց, սակայն նախարարը որոշ ժամանակ անց ազատվեց պաշտոնից։
  3. 2020թ. հունիսի 03-ին խմբակցությունը գրավոր հարցապնդմամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ բարձրացնելով կրթության, գիտության և մշակույթի ոլորտների մի քանի տասնյակ խնդիրների մասին։ Քննարկման արդյունքում, համաձայն Սահմանադրության 113-րդ հոդվածի 2-րդ մասի՝ մեր կողմից առաջարկվել է ընդունել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում, որը ևս չընդունվեց, սակայն նախարարը որոշ ժամանակ անց ևս ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Հետագայում՝ պայմանավորված պատերազմական իրադրության առաջնահերություններով, խմբակցությունը չի իրացրել հարցապնդման իր իրավունքը։


Քննիչ հանձնաժողովներ
Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/4՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվել են հետևյալ քննիչ հանձնաժողովները.
  1. 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով.
  2. ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով.
  3. Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով.
  4. Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի` համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

Դատական իշխանության նկատմամբ գործադիրի ոտնձգությունների զսպումը և հակակշռումը

Դատարանների շենքերի մուտքերն ու ելքերն արգելափակելու վերաբերյալ վարչապետի՝ քաղաքացիներին ուղղված կոչի առթիվ ընդդիմադիր խմբակցությունների կողմից հրատապ նախաձեռնվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ, որում նախատեսվում էր քննարկել ստեղծված հակասահմանադրական իրավիճակը և օրենսդիր իշխանության անունից հանդես գալ գործադիր իշխանությանն ուղղված հայտարարությամբ առ այն, որ դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքում անհրաժեշտ է հավատարիմ մնալ ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը և հարգել ՀՀ կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով ամրագրված միջազգային պարտավորությունները, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքները։ Արտահերթ նիստը չկայացավ՝ այն միտումնավոր տապալվեց իշխող խմբակցության կողմից։
Տեղեկանալով ՀՀ դատական համակարգում վեթինգ անցկացնելու վերաբերյալ կառավարության մտադրության մասին՝ «Լուսավոր Հայաստան»-ի իրավաբանների թիմը մշակեց և հրապարակեց վեթինգի հայեցակարգային սկզբունքներ, որոնք թույլ չէին տալիս անհիմն մեղադրական ուղղվածություն տալ ներդրման ենթակա ինստիտուտին՝ միաժամանակ ապահովելով դրա արդյունավետ կիրառությունը և համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքներին։

ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ արհեստականորեն ստեղծված ճգնաժամի և իշխանության կողմից որպես «լուծումներ» ներկայացվող նախաձեռնությունների մասով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը եղել է հետևյալը. եթե որևէ մեկին հայտնի են կատարված հանցագործության վերաբերյալ տեղեկություններ, ապա այդպիսիք պետք է ներկայացվեն իրավապահ մարմնին և ստանան քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ընթացք։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախաձեռնությանը, ապա խմբակցությունը գտել է, որ դրանով ստեղծվում է մեխանիզմ՝ չվաստակած հանգստի ուղարկելու դատարանի՝ քաղաքական մեծամասնության կողմից թիրախավորված դատավորներին։ Այդ քայլով նաև լեգիտիմացվում էր անաշխատ եկամուտը։

Սահմանադրական դատարանի որևէ դատավորի կողմից վաղաժամ թոշակի անցնելու հնարավորությունը չօգտագործվելուց հետո խորհրդարան բերված հանրաքվեի նախագծին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բացարձակապես դեմ է արտահայտվել՝ գտնելով, որ նախևառաջ երկրում կան լուծման կարոտ շատ ավելի կարևոր խնդիրներ, միաժամանակ՝ խմբակցության ղեկավարը ելույթ է ունեցել ու քննադատել վարչապետի նոր պառակտիչ հայտարարությունները, որոնցով հերթական անգամ փորձ էր կատարվում հասարակությանը բաժանել «կողմ»-երի և «հակա»-ների՝ հայտարարելով նաև, որ պատրաստ է պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու մտքի և խոսքի ազատության իրավունքը՝ անկախ նրա քաղաքական դիրքորոշումից։

Հետագայում՝ հանրաքվեի չեղարկումից և Ազգային ժողովի միջոցով Սահմանադրության փոփոխություններն ընդունվելուց հետո՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության իրավաբաննների թիմը մշակեց սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճի ու Սահմանադրությանը սահմանադրական օրենքի համապատասխանությունը վիճարկելու (առաջին մաս) և Սահմանադրությանը Հանրապետության Նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու լիազորությունից զրկելու վերաբերյալ օրենսդրական դրույթների համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ (երկրորդ մաս) դիմում Սահմանադրական դատարան, որը ներկայացվեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ը կազմող ընդդիմադիր պատգամավորների ստորագրությամբ։ Դիմումում հիմնավորվել են մինչև 2-րդ ընթերցում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ եզրակացություն տալու՝ Սահմանադրական դատարանի լիազորության իրացման պարտադիրությունը, Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների վերազանցման փաստը՝ առանց այդ եզրակացության 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ Սահմանադրության փոփոխություններն ընդունելով, այդպիսով՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման (փոխզսպման) սկզբունքի խախտումն ու այլ կարևոր հանգամանքներ։ Գործի քննությունը մի մասով կարճված է, ինչի մասին տարածվել է համապատասխան հայտարարություն և վերլուծություն, մյուս մասով դեռևս ընթանում է քննություն։


Առաջարկներ ՀՀ պետական բյուջեի և այլ նախագծերի վերաբերյալ

ՀՀ պետական բյուջեի նախագծերի տարեկան քննարկման և ընդունման ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև խմբակցության անդամ պատգամավորները՝ առանձին, ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ՝ հավաքագրված Հանրապետության բոլոր մարզերից, ինչպես նաև առանձին շահառու խմբերի ներկայացուցիչներից։
Առաջարկները միտված են եղել Հանրապետության տարբեր մարզերի համայնքների ու մայրաքաղաքի (բնակֆոնդ, վթարային շենքերի ամրացում, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, ոռոգման և խմելու ջրի ցանց, ճանապարհներ, լուսավորություն և այլն) և միաժամանակ հանրապետական նշանակության (1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական փաթեթի ծրագրի շահառուների, բնապահպանական ծրագրերի և այլն) խնդիրների լուծմանը, մայրաքաղաքի ու մարզերի միջև միջոցների բաշխմանը՝ տարածքային համաչափ զարգացման նպատակին համահունչ։ Այդ առաջարկների մեծամասնությունը, ցավոք, չի ընդունվել իշխանության կողմից։  
Կառավարության կողմից ներկայացված հակակոռուպցիոն նախաձեռնությունների քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշտապես եղել է ակտիվ և ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, դիտողություններ, որոնց ընդունումը թույլ չէր տա չարաշահել ներդրվող նոր ինստիտուտները՝ ի վնաս քաղաքացիների իրավունքների (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը, դատաիրավական փոփոխությունների փաթեթները, հակակոռուպցիոն կոմիտեի ներդնումը և այլն)։

Իր առաջարկների չընդունման պայմաններում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կողմ չի քվեարկել։

Առաջարկների փաթեթ է մշակվել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների ընդունման ժամանակ՝ ելնելով հարկային հարաբերություններում պետության և քաղաքացու շահերը հնարավորինս հավասարակշռելու սկզբունքից, որոնք, սակայն, մեծամասամբ չեն ընդունվել։

Նույնկերպ խմբակցությունն իր առաջարկներն էր ներկայացրել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում էական փոփոխությունների կապակցությամբ՝ պաշտպանելով փաստաբանների շահերը, սակայն նախագիծն ընդունվեց՝ ավելացնելով պարտականություններ և կրճատելով իրավունքներ։

Առաջարկների փաթեթ էր մշակվել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի փոփոխման նախագծի հետ կապված։

Ծավալուն առաջարկների փաթեթ է կազմվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք չեն ընդունվել, իսկ հետագայում նախագիծը Հանրապետության նախագահի կողմից չի ստորագրվել։

Մեր կողմից առաջարկվել էր նաև ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը վերախմբագրել այնպես, որ Հայաստանում գործի համամասնական բաց ցուցակով ընտրակարգը, որը հնարավորություն կտար ընտրողին ինքնուրույն որոշել, թե տվյալ կուսակցության ցուցակից ով պետք է անցնի խորհրդարան՝ ի տարբերություն փակ ցուցակի, երբ այդ հարցը որոշվում է միանձնյա՝ կուսակցապետերի կողմից։ Համապաստախան հիմնավորումներով մշակված փաստաթուղթն ուղարկվել էր նաև Վենետիկի հանձնաժողով։ Այդ առաջարկները, սակայն, չընդունվեցին գործող իշխանության կողմից։


Քաղաքացու լսված լինելու իրավունքը
Հավատարիմ մնալով մարզային համայնքների ձայնը խորհրդարանում լսելի դարձնելու իր խոստմանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները կարճ պարբերականությամբ այցելել են մարզային համայնքներ, լսել և հավաքագրել քաղաքացիների բողոքներն ու ընթացք տվել այդ խնդիրներին։

Հարցերն ունեցել են ինչպես անհատական, այնպես էլ համայնքային նշանակություն, ինչպես օրինակ՝ կենսաթոշակային, սոցիալական ապահովության, տեղական նշանակության ճանապարհների, ոռոգման կամ խմելու ջրի անցկացման և բազմատեսակ այլ ոլորտներից։

Միևնույն ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն կամ խմբակցության առանձին պատգամավորներին դիմած շահառու խմբերի բողոքներն ու առաջարկությունները ևս անխտիր լսվել ու ընթացք են ստացել։
Այսպես, օրինակ՝ մշակվել, շրջանառվել և ուժի մեջ են մտել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, որի կապակցությամբ դիմումներ էինք ստացել ճարտարապետական համայնքից։ Ոլորտում առկա խնդիրների քննարկման համար խմբակցության անդամ Էդվարդ Անդրեասյանի կողմից նախաձեռնվել էին նաև լսումներ։

Այդպիսով ոչ միայն իրացվել է քաղաքացիների լսված իրավունքը, այլ  նաև բարձրացված հարցերը համապատասխան ընթացք են ստացել պատկան մարմիններում։
Նույն սկզբունքով ընթացք են ստացել նաև խմբակցության անդամներին հասցեագրված գրավոր դիմումները։

Ընդհանուր առմամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն ստացել են մոտավորապես 2,600 գրավոր դիմում (840-ից ավելին՝ միայն խմբակցության ղեկավարին ուղղված), ուղարկել մոտավորապես 3,700 գրություն (1,100-ից ավելին՝ միայն խմբակցության ղեկավարը)՝ չհաշված աշխատակարգային բնույթ կրող փաստաթղթերը։


Համավարակ, արտակարգ դրություն
Նոր կորոնավիրուսի (COVID 19) համավարակն աշխարհում տարածվելուց հետո, երբ դեռ Հայաստանում իշխանությունը՝ վարչապետի մակարդակով լծված էր Սահմանադրության փոփոխությունների քարոզարշավին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկեց փակել օդային և ցամաքային սահմանները, ապահովել հակահամաճարակային կանոններ։
Սակայն իշխանությունը հերթական անգամ ցանկություն չունեցավ ժամանակին լսելու ընդդիմության ձայնը՝ իր քարոզարշավը շարունակելու, հայաստանյան ավիաշուկա մուտք գործած լոուքոսթերների աշխատանքն ու դրա հաշվին նաև սեփական գովազդն ապահովելու համար և ուղղակի անլուրջ վերաբերմունքի պատճառով։

Արտակարգ դրություն հայտարարվելուց և սահմանափակումներ նախատեսվելուց հետո «Լուսավոր Հայաստան»-ի տնտեսագետների թիմը մշակեց վերլուծական փաթեթ, որով, ի թիվս այլնի, հիմնավորվում էր թե՛ հնարավորությունը, թե՛ անհրաժեշտությունը յուրաքանչյուր ընտանիքի տրամադրելու ուղիղ դրամական օգնություն 100,000-ական դրամի չափով։

Առաջարկը, սակայն, մերժվեց, իսկ կառավարությունը գնաց առանձին սոցիալական ծրագրերի իրականացման ճանապարհով, որոնց չափորոշիչներն այնքան խիստ էին, որ բազմաթիվ ընտանիքներ և տնտեսվարողներ այդպես էլ օժանդակություն չստացան, շատ դեպքերում օժանդակության տրամադրման արդարացիությունը դրվեց կասկածի տակ։

Մարտի կեսին խմբակցության ղեկավարը դիմեց ՀՀ կենտրոնական բանկ՝ առաջարկելով գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը, առնվազն 3 ամիս ժամկետով իրականացնել այս առաջարկությունը: Որոշ ժամանակ անց ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումները։

Նույն խնդրի լուծման համար խմբակցության ղեկավարը դիմեց նաև ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այս առաջարկը, սակայն, մերժվեց։

Այդ ընթացքում խմբակցության իրավական թևի ներկայացուցիչները, համագործակցելով քաղաքացիական իրավունքի լավագույն մասնագետների հետ, մշակեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ (անհաղթահարելի ուժի ազդեցության վերաբերյալ)՝ միտված թեթևացնելու համավարակի և արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով տուժած քաղաքացիների բեռը, ովքեր չէին կարողանում վճարել վարկերը, բնակվարձերը, կոմունալ և այլ վճարները, ինչպես նաև տնտեսվարողների համար, ովքեր այդ նույն պատճառներով խնդիրներ ունեին պայմանագրային պարտավորությունների կատարման հետ։
Այդ նախագիծը ևս մերժվեց իշխող խմբակցության կողմից։

Որոշ ժամանակ անց, երբ առկա էր հանրային պահանջ և հնարավորություն, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, խորհրդակցելով տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչների, գործարարների, բժիշկների և այլ մասնագետների հետ, 2020թ. ապրիլի ամսվա կեսին առաջարկեց արտակարգ դրության իրավական ռեժիմը մեղմել և նախատեսված միջոցառումների իրականացումը հետևյալ մասերով հայտարարել չեղյալ՝ սանիտարահակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ և վերահսկմամբ՝
  • Երևանի մետրոպոլիտենում, ինչպես նաև ավտոբուսներով կանոնավոր ձևով ուղևորափոխադրումների կազմակերպում.
  • Շինանյութի, տնտեսական, սպորտային նշանակության իրերի վաճառքի կետերի գործունեության թույլատրում.
  • Արհեստագործական նշանակության կետերի վերաբացում.
  • Միջմարզային տրանսպորտի գործունեության թույլատրում՝ գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների ապահովման նպատակով.
  • Մեքենաների տեխնիկական սպասարկման կետերի վերաբացում.
  • Ոստիկանության և հաշվառման-քննչական ստորաբաժանումների վերաբացում՝ ոչ լրիվ գրաֆիկով.
  • Գույքի գնահատման կազմակերպությունների աշխատանքի թույլատրում.
  • Օրթեզավորման կենտրոնների վերաբացում.
  • Կահույքագործական աշխատանքների թույլատրում։
Առաջարկը մերժվեց, ինչը հանգեցրեց քաղաքացիների ֆինանսական դրության էլ ավելի վատթարացման։
Որոշ ժամանակ անց կառավարությունն ինքը նախաձեռնեց համավարակի կանոնների մեղմացումը։


2020թ. հուլիսյան մարտեր
Հուլիսյան մարտերի ընթացքում մեր կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերը միջազգային հանրությանը բարձրագույն մակարդակով տեղ հասցնելու համար Տավուշի մարզում (Մովսես, Չինարի և այլն) ադրբեջանական զինուժի կողմից, ծանր հրետանու և տանկերի կիրառմամբ, քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության թիրախավորման փաստերը, ինչով խախտել է ՄԱԿ-ի Կանոնադրությունն ու այլ հիմնարար փաստաթղթեր (առանձին նամակներով դիմել ենք Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիին, ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուին և Ժելյանա Զովկոյին, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդին, «Renew Europe» խմբի նախագահ Դաչիան Քիոլոսին, «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների» դաշինքի նախագահ Հանս վան Բաալենին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Միլտիադիս Վարվիցիոտիսին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիք Դամսին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Ծերեթելիին, նույն վեհաժողովի փոխնախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ-ում  «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների» դաշինքի ղեկավարներին, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության նախագահությանը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Աթիլա Մեշտերհազիին և ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռուքսանդրա Պոպային)։ Մեր կողմից կազմված և ուղարկված նամակներում մանրամասն նկարագրվել են այդ դեպքերը։ Խմբակցության անդամները նվիրատվություններ են կատարել Տավուշի մարզում մարտերի հետևանքով տուժած բնակավայրերի հիմնանորոգման ծրագրին։


44-օրյա պատերազմ, ռազմական դրություն
Տեսնելով բանակցությունների բացակայությունն ու կանխատեսելով դրա հնարավոր հետևանքները՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փակ հանդիպումներ էր նախաձեռնել ՀՀ պաշտպանության և անվտանգության ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում՝ պաշտպանության նախարարի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի, անվտանգության խորհրդի քարտուղարի, ոստիկանության պետի, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի հետ։ Առանձին հանիպում է տեղի ունեցել նաև վարչապետի և խմբակցության ղեկավարի միջև։ Հարցին, թե արդյո՞ք պատերազմի իրական վտանգ կա, հնչել են միայն հավաստիացումներ, որ այդպիսի վտանգ չկա։
Կարճ ժամանակ անց, սակայն, սկսվեց պատերազմը։

Պատերազմի լուրն ստանալու առաջին իսկ ժամերին խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց բոլոր ներքին տարաձայնությունները մի կողմ թողելու մասին՝ մեկտեղելով մեր բոլորիս ջանքերը՝ հանուն պետականության ու ռազմական հաջողությունների։

Պատերազմի առաջին իսկ օրվանից մեր թիմի բազմաթիվ անդամներ կամավոր մեկնել են առաջնագիծ՝ պահպանելու հայրենիքի սահմանները՝ հայկական բանակի զորամիավորումների կազմում։
Պատերազմի ողջ ընթացքում ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցներ, ներդրել ենք մեր ռեսուրսները, այդ թվում՝ նաև մեր կապերն ու մտավոր հնարավորությունները՝ աջակցելու համար թե՛ ռազմական գործողություններին, թե՛ դիվանագիտական աշխատանքներին։

Այցելելով Արցախ և ականատես լինելով ռազմի դաշտում առկա իրողություններին՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից պահանջվել է Ազգային ժողովի խորհրդի փակ նիստ՝ վարչապետի մասնակցությամբ, որտեղ խոսել է անհապաղ հնարավոր պայմաններով պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին ՝ խուսափելու համար ավելի մեծ մարդկային կորուստներից, բացասական պատասխան լսելուց հետո պահանջել ներկայացնել ռացիոնալ պլան, որը ևս չի ներկայացվել։ Ընդ որում, այդ ժամանակ դեռ մեր վերահսկողության տակ էին գտնվում Հադրութն ու Շուշին, և դրանք հանձնալու մասին խոսք չէր կարող լինել։

Պատերազմն ամեն գնով դադարեցնելու վերաբերյալ պահանջը, սակայն, այդպես էլ մինչև վերջ անտեսվեց իշխանության կողմից։

Չնայած դրան՝ խմբակցության անդամների և աշխատակազմի կողմից որևէ պահ չի դադարեցվել բոլոր հնարավոր միջոցների գործադրումը՝ ի նպաստ ընդհանուր նպատակի իրականացման։

Տեղեկացված լինելով, որ մեզ անհրաժեշտ է վերախմբավորվել՝ Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո խմբակցության ղեկավարը բոլոր հարթարկներում լոբինգ է արել, որ անհրաժեշտ է հումանիտար հրադադար։

Մեր կողմից անդադար օգտագործվել են մեզ հասանելի միջխորհրդարանական և այլ արտաքին կապերը՝ ազդեցություն ունեցող մարմիններին և պաշտոնատար անձանց հասցնելու համար Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ ծննդատան և եկեղեցու ռմբակոծությունները, գերի ընկած զինվորիների և քաղաքացիական անձանց խոշտանգումները և սպանությունները, քաղաքային, ոչ ռազմական նշանակության տարածքների ռմբակոծությունները, կասետային ռումբերի կիրառությունը, վարձկան ահաբեկչական խմբավորումների ներգրավումը, հրադադարի համաձայնությունների խախտումները, զանգվածային ոչնչացման զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային ռումբերի կիրառությունը, թուրքական գործոնի ուղղակի մասնակցությունը ռազմական գործողություններին։ Միաժամանակ, խմբակցության ղեկավարն օգտագործել է ԵԽԽՎ-ում, ԵԽԽՎ հանձնաժողովներում նիստերի ընթացքում տրվող բոլոր հնարավորությունները՝ բարձրացնելու Ադրբեջանի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների հարցն ու հորդորելով ԵԽ անդամ երկրներին գործողություններ ձեռնարկել՝ պատերազմը դադարեցնելու համար։

Այլ հարթակներում աշխատել են պատվիրակությունների անդամ հանդիսացող խմբակցության մյուս պատգամավորները։

Տեղեկանալով հարավային ուղղությամբ թշնամական զորքի առաջխաղացման մասին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության իրավաբանների կողմից ուսումնասիրվել էր նաև ՀԱՊԿ և ՌԴ հետ իրավապայմանագրային բազան և արդյունքում վերհանվել այն պայմանագիրը և այդ պայմանագրի համապատասխան դրույթները, որոնց վրա հիմնվելով պետք էր դիմել ՌԴ և խնդրել համատեղ ջանքերով պաշտպանել մեր օդային սահմանների անվտանգությունը (ՀՀ և ՌԴ միջև 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքված ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի Միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը)։ Այդ վերլուծությունն ուղարկվել էր անձամբ վարչապետին, սակայն դա մնաց անհետևանք։

Տեղեկանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիմումի հիման վրա Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ փակ քննարկում անցկացնելու վերաբերյալ՝ մեր կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ուղարկվել էր առաջարկություն առ այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացվի Արցախի ողջ տարածքում բոլոր տեսակի թռչող սարքերի համար ոչ թռիչքային գոտի (no-fly zone) հայտարարելու և բոլոր միջոցներով այն պարտադրելու առաջարկ, ինչի ընդունումը հնարավորություն կտար կանխելու պատերազմական հանցագործությունների հետագա ընթացքը և բացառելու հումանիտար աղետը, ինչպես նաև առաջարկել էինք աշխատանք տանել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որպեսզի վերջիններս, որպես ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, աջակցեն այս առաջարկության ընդունմանը, իրականացմանն ու պարտադրմանը։ Այս առաջարկը, սակայն, այդպես էլ իրողություն չդարձավ։

2020թ. նոյեմբերի 09-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միակն էր, որի ներկայացուցիչները ներկա էին խորհրդարանում ուշ գիշերին և հաջորդ օրը՝ փորձելով հանդարտեցնել Ազգային ժողովի շենք մուտք գործած քաղաքացիներին, թույլ չտալ իրավիճակի հետագա լարում՝ դրա հնարավոր անդառնալի հետևանքներով։

«Լուսավոր Հայաստան»-ն այն եզակի ուժերից էր, որն այդպես էլ չտրվեց բռնության կոչեր կատարելու և ատելության մթնոլորտն ավելի շիկացնելու սադրանքներին՝ ողջ ընթացքում պահպանելով զգությունն ու հնարավորինս տեղ հասցնելով մեզ հետ տեղի ունեցած աղետից հետո պառակտվելու, քաղաքացիական պատերազմի գնալու բացարձակ անթույլատրելիությունը։

Պատերազմից հետո «Լուսավոր Հայաստան»-ն առաջինը հրապարակեց իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, որը հետևյալն էր.
  1. «Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է: Խորհրդարանն ընտրում է վարչապետ: Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն.
  2. Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում.
  3. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում.
  4. Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում.
  5. Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում.
  6. Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով.
  7. Զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում.
  8. Արցախահայության (այդ թվում՝ փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում.
  9. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում.
  10. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ և այլն: Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում.
  11. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից և այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում.
  12. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում.
  13. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում»:
Միաժամանակ, մեր կողմից հրավիրվեցին խորհրդարանական լսումներ բոլոր շահագրգիռ և կարող անձանց համախմբելու և նրանց դիրքորոշումները լսելի դարձնելու համար։

Լսումների ընթացքում խորհրդարանի ամբիոնից հանրային լսարանի առջև իրենց դիրքորոշումն ու առաջարկները ներկայացնելու հնարավորություն ստացան բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ, այդ թվում՝ տարբեր ոլորտների մասնագետներ։

Խորհրդակցելով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 2020թ. նոյեմբերի 17-ին ներկայացրեց «Ռազմական դրությունը հանելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ հաշվի առնելով նոյեմբերի 09-ի եռակողմ հայտարարության ստորագրման, ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման հանգամանքները, ինչպես նաև նպատակ ունենալով վերացնել խոչընդոտը, որը թույլ չէր տալիս ներկայացնել վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ։ Խորհդրանական մեծամասնությունը, սակայն, անգամ նորմալ քննարկման առարկա չդարձրեց այս նախաձեռնությունը։

Տեղեկացված լինելով ադրբեջանական փակ հաստատություններում մհայ ռազմագերիների վիճակի մասին՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրավոր դիմումներ է ուղարկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի  (CPT) նախագահին և երկու փոխնախագահներին՝ հորդորելով հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու բանտերում և այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։
Հավաստնի աղբյուրների տեղեկություններ ստանալով այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունը պատրաստվում է զորահանդեսի, որի ընթացքում պլանավորում է քայլերթի հանել նաև մեր ռազմագերիներին, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ մասին անհապաղ նամակներով դիմել է բարձրագույն միջազգային ատյաններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետր Մաուրերին, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին՝ հայտնելով ունեցած տվյալներն ու հիմնավորելով, որ տվյալ արարքը հակասում է 1949թ. Ժնևյան կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածներին։

Հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու գործում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել է ու ելույթներ ունեցել ինչպես բաց հրապարակային, այնպես էլ դռնփակ նիստերում՝ ներկայացնելով փաստեր և իրավական հիմնավորումներ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, պատերազմելու տեռորիստական մեթոդների, հայ գերիների խոշտանգումների և սպանությունների, ռազմավարի պուրակի իրական նպատակի և բնույթի և այլ հանգամանքների մասին։ Նրա կողմից իրականացվել է նաև միայնակ ակցիա ԵԽԽՎ նիստերի դահլիճում՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու պահանջով։

Գերիների վերադարձման հետ կապված ձեռնարկվել է նաև խորհրդարանում հրատապ թեմայով քնարկում, որն ընթացել է դռնփակ ընթացակարգով, սակայն ամեն դեպքում բացահայտվել են էական իրողություններ՝ կապված այդ հարցի առնչությամբ իշխանության տարբեր ներկայացուցիչների դիրքոշման հետ։

Գերիների վերադարձմանը նպաստելու խնդրանքով խմբակցության ղեկավարն անդադար գրավոր դիմել է միջազգային ամենաբարձր ատյաններին և խմբակցության գործընկեր կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին, անձամբ ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինին։

Մինչ օրս էլ բարձր մակարդակի ներկայացուցիչների հետ ցանկացած քննարկում սկսվում է գլխավորապես հայ գերիներին հայրենիք վերադարձնելու խնդիրը բարձրացնելով։

2021թ. փետրվարի 23-ին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները միասին ներկայացրին «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նոր նախագիծ, որն ընդունվեց Ազգային ժողովի քվեարկությամբ, ըստ այդմ՝ երկրում մինչ այդ դեռևս պահպանվող ռազմական դրությունն ավարտվեց։

Ինչպես պատերազմի ողջ ընթացքում, այնպես էլ դրանից հետո և մինչ այժմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են Սյունիքի մարզի տարբեր քաղաքներ՝ հնարավոր օգնություն տրամադրելու և իրադրության մասին մշտապես տեղեկացված լինելու համար։

Հաշվի առնելով թշնամական կողմի ռազմատենչ հայտարարությունները Սյունիքի մարզի վերաբերյալ, այն փաստը, որ Սյունիքի համայնքները ռազմական գործողությունների ավարտից հետո ադրբեջանական զինուժի ուղիղ տեսադաշտում են և որ նախկին մի քանի տասնյակ կմ հեռավորության փոխարեն՝ այժմ 2-3 կմ, իսկ որոշ դեպքերում շատ ավելի փոքր հեռավորություն է մինչև ադրբեջանական դիրքեր, մեր կողմից դեռևս պատերազմի ավարտից անմիջապես հետո, որպես Սյունիքի մարզի անվտանգության հարցի լուծում, առաջարկվել էր ՌԴ հետ նոր անվտանգային համաձայնագրի կնքում, ըստ որի՝ հնարավոր կլինի 102-րդ ռազմաբազայի մի մասը տեղափոխել երկրի հարավ կամ նոր ռուսական ռազմաբազա հիմնել Սյունիքում։ Ընդ որում՝ Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ ուժերն ավելի հեշտությամբ կարող են սպասարկվել Սյունիքում տեղակայված ռազմաբազայից, քան այլ վայրից։

Համաձայնագրի կնքումը մեր կողմից այժմ էլ առաջարկվում է քննարկել՝ ելնելով անվտանգային նոր մարտահրավերներից և ռազմաքաղաքական գործոնների վերլուծությունից։

Վերլուծելով կառավարության անդամների (այդ թվում՝ պաշտոնաթող) և տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան աշխատակիցների և այլոց կողմից ներկայացվող փաստական հանգամանքներն ինչպես պատերազմի ընթացքի, այնպես էլ դրան նախորդող փուլի վերաբերյալ, ականատես լինելով մեր ժողովրդի համար պատերազմին հաջորդող ներքաղաքական և արտաքին քաղաքական աղետալի զարգացումներին, նպատակ ունենալով վերհանել օբյեկտիվ ճշմարտությունը՝ պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության վերաբերյալ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել և մշակել էր կառավարության որոշման, իսկ այնուհետև նաև օրենքի նախագիծ, որով ստեղծվում էր պարիտետային փաստահավաք խումբ՝ ուսումնասիրելու համար նախապատերազմյան իրողությունները (այդ թվում՝ բանակցությունների ընթացքը, զենքի գնումների պլանը, սպառազինության ձեռքբերումը և այլն), պատերազմի ընթացքը և պատերազմին հաջորդած իրողությունները։ Ըստ նախագծի՝ փաստահավաք խմբում պետք է ընդգրկվեին տարբեր քաղաքական հոսանքների, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նշանակված անձինք՝ ապահովելու համար դրա աշխատանքների և եզրակացության օբյեկտիվությունը։ Նախագիծն ուղարկվել է վերջին խորհդրարանական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած քաղաքական խմբերի ղեկավարներին, այդ թվում՝ գործող վարչապետին, ով մինչ օրս չի ներկայացրել իր հստակ դիրքորոշումը փաստահավաք խումբ ստեղծելու հարցի կապակցությամբ։


Վերջաբանի փոխարեն
Եզրափակելով՝ նշենք, որ «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է համալրել իր թիմը արհեստավարժ գործունեություն ծավալող մարդկանցով։ Հունիսի 20-ին սպասվող ընտրություններին կուսակցությունը մասնակցելու է սեփական ցուցակով և ներկայացնելու այն մարդկանց պատկերացումները, ովքեր կարծում են, որ Հայաստանը պետք է լինի զարգացած պետություն, որտեղ հասարակությունը զերծ է որևէ տեսակի ներքին պառակտումներից։
 

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Ռուզաննա Հարությունյան
Արմեն Եղիազարյան
Հրանտ Այվազյան
Գևորգ Գորգիսյան
Նարա Հովհաննիսյան
Դավիթ Խաժակյան
Անահիտ Կարապետյան