Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
(նոր խմբագրություն)
Մարտ 29, 2018

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (այսուհետև` Կուսակցություն) անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որն իր գործունեությունն իրականացնում է անդամության կամավորության, ինքնակառավարման, անդամների իրավահավասարության, օրինականության, ժողովրդավարության, հրապարակայնության, թափանցիկության և նախաձեռնությունների ազատ դրսևորման սկզբունքներով:
  2. Կուսակցությունն իրավաբանական անձ է, օգտվում է ՀՀ օրենսդրությամբ ընձեռված բոլոր իրավունքներից և կրում է դրանցով սահմանված պարտականություններ: Կուսակցությունը, նրա տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները գործում են Կուսակցության կանոնադրության հիման վրա և դրան համապատասխան (այսուհետև` Կանոնադրություն):
  3. Կուսակցությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության մյուս օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, այլ նորմատիվ իրավական ակտերով և սույն Կանոնադրությամբ, ինչպես նաև Կուսակցության ծրագրով:
  4. Կուսակցության անվանումն է՝
    • հայերեն` «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (հապավումը` ԼՀԿ)
    • ռուսերեն` Партия “Просвещенная Армения” (հապավումը` ППА).
    • անգլերեն` “Bright Armenia” Party (հապավումը` BAP):
  5. Կուսակցությունն ունի խորհրդանշան, ձևաթուղթ, կնիք, բանկային հաշիվներ, այդ թվում` արտարժույթով:
  6. Կուսակցության խորհրդանշանը՝ երեք անձանց ուրվագիծ սպիտակ գույնով, որոնցից առաջինն իր ձեռքում պահում է բոցավառված ջահ, երեքն էլ նայում են ջահի ուղղությամբ դեպի ձախ, հայացքները՝ դեպի վեր: Խորհրդանշանը պատկերվում է կամ սպիտակ գույնով մանուշակագույն ֆոնի վրա կամ մանուշակագույն գույնով սպիտակ ֆոնի վրա: Խորհրդանշանից աջ գրված են «Լուսավոր Հայաստան կուսակցություն» բառերը:
  7. Կուսակցության իրավաբանական հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բաղրամյան 1 շենք, բնակարան 24:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
  1. Կուսակցության ստեղծման նպատակներն են՝ ազատական գաղափարների հիման վրա ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, նրա ենթակառուցվածքների ստեղծումը և եղածների կատարելագործումը, հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությամբ և հասարակության ու պետության քաղաքական կյանքի մասնակցության այլ ձևերով, ժողովրդի քաղաքական կամքի ձևավորման և արտահայտման նպաստելն է և իշխանության մարմիններ ձևավորելը։ 
  2. Կուսակցությունն իր գործունեության  խնդիրներն է համարում`
    • քաղաքական համակարգում հավասարակշռված պայքարի հաստատում՝ փոխզսպման ու հավասարակշռման կառուցակարգերի զարգացման միջոցով
    • քաղաքական նոր մշակույթի հաստատում
    • Հայաստանի Հանրապետությունում քաղաքական շարունակական սերնդափոխության իրականացում,
    • ելնելով «Երիտասարդությունը Հայաստանի ներկան է» կարգախոսից երիտասարդության քաղաքացիական ներուժի քաղաքականապես ամրագրում՝ վերջիններիս համար գործունեության ազատ դաշտի ստեղծման միջոցով, ինչպես նաև երիտասարդներին օժտելով իրական լծակներով, ռեսուրսներով և հնարավորություն ընձեռելով սեփական գաղափարներն ու գիտելիքները քաղաքականության և պետական կառավարման ոլորտում, գործնականում կիրառելու համար
    • ընտրողի ինստիտուտի ձևավորում, որը կփոխարինի քվեարկողին,
    • նպաստում Հայաստանի Հանրապետության եվրոպական մոդելի պետություն դառնալուն և եվրոպական ինտեգրացիայի շարունակմանը՝ ընդհուպ մինչև ԵՄ լիիրավ անդամակցություն,
    • Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական, պետաիրավական և քաղաքական այնպիսի կառուցակարգերի ձևավորում, որոնք Հայաստանը աշխարհասփյուռ բոլոր հայերի համար կդարձնեն կենսական շահերի կենտրոն,
    • առաջնորդվելով  «քաղաքականությունը՝ որպես առաքինության դրսևորում և մարդկային կյանքը երջանիկ դարձնելու միջոց» սկզբունքով և լուսավորականության գաղափարներով՝ նպաստել հայ քաղաքական միտքը  համաշխարհային մտքի դաշտ դուրս բերելուն ու քաղաքակիրթ աշխարհի ինքնաբավ ներկայացուցիչ դառնալուն,
    • քաղաքական համակարգում ինստիտուտների կայացման նպաստում՝ քաղաքականության մեջ շեշտը դնելով ինստիտուտների, այլ ոչ թե անձանց վրա,
    • քաղաքական սոցիալականացմանը և քաղաքական մշակույթի ձևավորման նպաստում, որի միջոցով հնարավոր կլինի հասարակության շրջանում տարածել քաղաքական գիտելիքներ և տեղեկատվություն՝ նրանց դարձնելով պատասխանատու և քաղաքական իրավունքների համար պայքարող քաղաքացիներ,
    • հայ ազգային ինքնության տարրերի պահպանում և տարածում՝ նպաստել հայ  ազգի և նրա մշակույթի զարգացմանը,
    • ազգային անվտանգության բոլոր բաղադրիչների ապահովում և ՀՀ պետական ինքնիշխանության ամրապնդում։
 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ
  1. Կուսակցության անդամ կարող է լինել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացի, ով ընդունում է Կուսակցության ծրագիրն ու Կանոնադրությունը և չի հանդիսանում մեկ այլ կուսակցության անդամ: Կուսակցության հիմնադիր կամ անդամ չեն կարող լինել «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձինք:
  2. Կուսակցությանն անդամագրվում են կամավոր հիմունքներով, անհատական կարգով, անձնական դիմումի համաձայն, Կուսակցության Կառավարման խորհրդի կամ Կուսակցության Մարզային խորհրդի կամ Կուսակցության Համայնքային խորհրդի կամ Երևանի խորհրդի որոշմամբ:
  3. Կուսակցության անդամը վճարում է անդամավճար, որի չափը և մուծման կարգը սահմանում է Կուսակցության Կառավարման Խորհուրդը:
  4. Եթե ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Կուսակցությանն անդամակցությունն անհնարին է դառնում, այն կասեցվում է կուսակցության անդամի դիմումի հիման վրա, Կուսակցության Կառավարման Խորհրդի կամ Կուսակցության Մարզային խորհրդի կամ Կուսակցության Համայնքային խորհրդի որոշմամբ: Կասեցումը հանվում է նույն կարգով:
  5. Կուսակցության անդամն իրավունք ունի`
    • ընտրելու և ընտրվելու տվյալ կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող, ինչպես նաև ներկայացուցչական և ղեկավար մարմիններում (Քաղաքական խորհուրդ, Կառավարման խորհուրդ) ,
    • ներկա լինելու կուսակցության համագումարի նիստերին,
    • ծանոթանալու կուսակցության մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները,
    • տեղեկատվություն ստանալու կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ,
    • ստանալու փաստաթղթերի պատճեններ` կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը,
    • Կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ,
    • մասնակցել այն ժողովին կամ նիստին, որտեղ քննարկվում է նրա անձնական հարցը կամ առաջարկությունը, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ,
    • բողոքարկել Կուսակցության կառուցվածքային մարմինների և ստորաբաժանումների որոշումներն ու գործողությունները Կուսակցության վերադաս մարմիններում,
    • կամովին դադարեցնելու իրենց անդամակցությունը Կուսակցությանը,
    • կասեցնել և վերականգնել իր անդամակցությունը Կուսակցությանը,
    • օգտվել օրենքով և սույն Կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
  6. Կուսակցության անդամը պարտավոր է
    • գործել Կուսակցության կանոնադրության շրջանակներում,
    • կատարել Կուսակցության Համագումարի, վերադաս մարմինների որոշումները և ծրագրային դրույթները,
    • մասնակցել Կուսակցության նշանակած ժողովներին և միջոցառումներին,
    • կատարել օրենքով և սույն Կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
  7. Կուսակցությանն անդամությունը կորցնելու պայմաններն ու կարգը
    • Կուսակցությանն անդամակցությունը դադարում է ՝
      • դիմումի համաձայն Կուսակցությունից դուրս գալու դեպքում,
      • Կուսակցությունից հեռացվելու դեպքում,
      • մահվան դեպքում,
      • Կուսակցության լուծարման դեպքում,
      • Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորստի դեպքում,
      • Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կուսակցությունների մասին», այլ օրենքներով  և սույն Կանոնադրությունով նախատեսված այլ դեպքերում:

Կուսակցության անդամության դադարեցման դիմումն ընդունում է Կուսակցության Կառավարման խորհուրդը կամ մարզային խորհուրդը կամ համայնքային խորհուրդը կամ Երևանի խորհուրդը, որի վերաբերյալ տվյալ խորհուրդն ընդունում է համապատասխան որոշում: Կուսակցության անդամության կասեցման, դադարեցման նշված հիմքերի առկայության դեպքում Կուսակցության Կառավարման խորհուրդը կամ մարզային խորհուրդը կամ համայնքային խորհուրդը կամ Երևանի խորհուրդն ընդունում է որոշում՝ Կուսակցությունից անդամի հեռացման կամ Կուսակցության անդամակցության դադարեցման մասին:

Կուսակցության անդամը, իր պարտականությունների չկատարման, թերացումների, կուսակցական կարգապահական դրույթների զանց առնման, Կուսակցության վերադաս մարմինների որոշումները չկատարելու համար կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Կուսակցության անդամներին կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկել Կուսակցության Կառավարման խորհուրդը կամ մարզային խորհուրդը կամ համայնքային խորհուրդը կամ Երևանի խորհուրդը: Կարգապահական պատասխանատվություն կարող է լինել․

  • Նկատողություն,
  • Խիստ նկատողություն,
  • Կուսակցությունից հեռացում:

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  1. Կուսակցությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով
    • Կուսակցությունը բացառիկ իրավունք ունի օրենքով սահմանված կարգով առաջադրելու Ազգային ժողովի պատգամավորի, ինչպես նաև Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու անդամի թեկնածուներ,
    • մասնակցելու համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեների նախապատրաստամանն ու անցկացմանը,
    • ստեղծել տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներ, ներկայացուցչություններ, ինչպես նաև լուծարել դրանք,
    • տարածել տեղեկատվություն իր գործունեության մասին, քարոզել իր նպատակները և խնդիրները,
    • «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրական գործընթացում հավասար և ոչ խտրական պայմաններով օգտվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցներից,
    • հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ,
    • կազմակերպել հավաքներ և հանրային միջոցառումներ,
    • այլ կուսակցությունների հետ ստեղծել դաշինքներ (միավորումներ),
    • ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել դրանց հետ կապված պարտականություններ,
    • հաստատել և պահպանել միջազգային կապեր ու շփումներ օտարերկրյա կուսակցությունների և միավորումների հետ, անդամակցել միջազգային միություններին ու ասոցիացիաներին,
    • իրականացնել օրենսդրությամբ չարգելված, իր նպատակներին համապատասխանող այլ գործունեություն,
    • իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  2. Կուսակցությունը պարտավոր է
    • պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ինչպես նաև իր կանոնադրությունը, ծրագիրը և որոշումները,
    • յուրաքանչյուր տարի http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` նշելով դրա կազմավորման աղբյուրները:
    • Ընտրություններին մասնակցելու դեպքում կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հինգ օրվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիր:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Կուսակցության կառուցվածքային մարմիններն են Կուսակցության Համագումարը, Կուսակցության Քաղաքական խորհուրդը, Կուսակցության Կառավարման խորհուրդը, Կուսակցության Նախագահը, փոխնախագահը, արտաքին հարցերով քարտուղարը, Վերահսկիչ հանձնաժողովը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները: Կուսակցության տարածքային ստորաբաժանումներն են մարզային և համայնքային խորհուրդները, Երևանի խորհուրդը: Կուսակցության Կառավարման խորհուրդը ստեղծում և լուծարում է Կուսակցության կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանումները (մասնագիտացված հանձնաժողովները): Կառուցվածքային ստորաբաժանումները կոնկրետ խնդրի լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովներն են, որոնց ստեղծման, լուծարման, կազմի, կառուցվածքի և գործունեության կարգը սահմանում է սույն Կանոնադրությունով և Կառավարման խորհրդի ընդունած համապատասխան կարգեվ։  Կուսակցության Համագումարի, ղեկեավար մարմինների իրավասության ոլորտները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունով, Հայաստանի Հանրապետության «Կուսակցությունների մասին» օրենքով, սույն Կանոնադրությունով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով: Կուսակցության մարզային և համայնքային խորհուրդների և Երևանի խորհրդի ստեղծման և լուծարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության «Կուսակցությունների մասին» օրենքով, սույն Կանոնադրությունով և «Մարզային, համայնքային և Երևանի խորհուրդների ձևավորման կարգ»-ով, որը հաստատում է Կուսակցության Կառավարման խորհուրդը: Կուսակցության Վերահսկիչ հանձնաժողովի իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությունով և «Վերահսկիչ հանձնաժողովի ընտրության և ձևավորման կարգ»-ով, որը հաստատում է Կուսակցության Համագումարը:

Կուսակցության Համագումարը

Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը Կուսակցության համագումարն է (այսուհետ՝ Համագումար), որը գումարվում է չորս տարին մեկ անգամ: Համագումարի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեն Կուսակցության բոլոր անդամները: Հերթական Համագումարը հրավիրվում է Կառավարման խորհրդի որոշմամբ, որը կայացվում է ձայների պարզ մեծամասնությամբ։ Համագումարի պատվիրակները առաջադրվում են մարզային խորհուրդների և Երևանի խորհրդի կողմից։ Համագումարը իրավազոր է, եթե ներկա է (գրանցված են) պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ։ Կուսակցության կանոնադրության հաստատման և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, բացառությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, Կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշումներն ընդունվում են ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Համագումարի մնացած որոշումներն  ընդունվում են համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ բաց կամ գաղտնի քվեարկությամբ՝ սույն Կանոնադրությամբ սահմանված դեպքերում:

Կուսակցության արտահերթ համագումար կարող է հրավիրվել Կուսակցության Կառավարման խորհրդի անդամների 2/3-ի որոշմամբ կամ Կուսակցության անդամների 1/5-ի առաջարկությամբ։

 Կուսակցության Համագումարը՝

  • քննարկում է Կուսակցության ծրագրին, Կանոնադրությանն առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
  • հաստատում է Կուսակցության Կանոնադրությունը, դրանում կատարված փոփոխությունները և լրացումները,
  • ընդունում է Կուսակցության ծրագիրը, նրան կից փաստաթղթերը,
  • հաստատում է Կուսակցության նախագահի հաշվետվությունը Կուսակցության  գործունեության մասին,
  • ընտրում է Կուսակցության  Կառավարման խորհուրդը,
  • ընտրում է Կուսակցության նախագահին,
  • հաստատում է Վերահսկիչ հանձնաժողովի կազմավորման ձևը և կարգը, անդամների թիվը և կառուցվածքը,
  • ընտրում է Վերահսկիչ հանձնաժողովի անդամներին,
  •  հաստատում է Կուսակցության Վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը,
  • որոշում է ընդունում Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման մասին:
Կուսակցության քաղաքական խորհուրդը

Կուսակցության Քաղաքական խորհուրդը Կուսակցության ներկայացուցչական գլխավոր մարմինն է: Իրենց լիազորությունների կատարման ողջ ժամկետով Քաղաքական խորհրդի կազմի մեջ են մտնում՝
  • Կուսակցության Նախագահը,
  • Կուսակցության Կառավարման խորհրդի անդամները,
  • Կուսակցության մարզային  խորհուրդների և Երևանի խորհրդի նախագահները,
  • Կուսակցության  կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Քաղաքական խորհուրդը կարող է համալրվել նաև Կուսակցության այլ անդամներով՝ անհատական դիմումի հիման վրա Քաղաքական խորհրդի որոշմամբ, որը կայացվում է ձայների 2/3-ով, բաց քվեարկությունով, երկու տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել Քաղաքական խորհրդի որոշմամբ։ Քաղաքական խորհրդի որոշմամբ համալրված անդամների թիվը չի կարող գերազանցել տասը՝ տվյալ օրացույցային տարվա ընթացքում։ Համալրված անդամները կարող են հեռացվել Քաղաքական խորհրդից՝ խորհրդի որոշմամբ, որը կայացվում է ձայների 2/3-ով, բաց քվեարկությամբ:

Կուսակցության Քաղաքական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և Համագումարի որոշումների կատարման միջոցով:

Քաղաքական խորհրդի նիստ է հրավիրվում Կուսակցության Նախագահի կամ Կառավարման խորհրդի անդամների 2/3-ի նախաձեռնությամբ,  առնվազն վեց ամիսը մեկ անգամ: Քաղաքական խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Կուսակցության Նախագահի կամ Քաղաքական խորհրդի անդամների 2/3-ի նախաձեռնությամբ: Քաղաքական խորհուրդը նախագահում է Կուսակցության Նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Կուսակցության փոխնախագահը: Նիստի քվորումն առկա է, եթե նիստին ներկա են անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են Քաղաքական խորհրդի անդամների ընդհանուր ձայների թվի պարզ մեծամասնությունով, բաց քվեարկությամբ, եթե սույն Կանոնադրությունով, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով կամ Համագումարի կողմից ընդունված կարգերով այլ բան նախատեսված չէ:

Քաղաքական խորհուրդը հաշվետու է Համագումարին:

Կուսակցության Քաղաքական Խորհուրդը՝

  • վերահսկում է Համագումարի և իր որոշումների կատարման ընթացքը և կատարում ամփոփում,
  • հաստատում է  Կուսակցության ռազմավարությունը, ընդունում է գործողությունների ծրագրեր,  
  • Կուսակցության անունից անում է հայտարարություններ,
  • հաստատում է Ազգային Ժողովում Կուսակցության խմբակցության գործունեության հիմնական ուղղությունները,
  • հաստատում է Կուսակցության նախընտրական ծրագիրը, Ազգային Ժողովի պատգամավորության և կառավարությունում քաղաքական պաշտոններում նշանակման կամ ընտրության ներկայացվող Կուսակցության թեկնածուներին,
  • հաստատում է համապետական և տարածքային ընտրական ցուցակները,
  • որոշում է կայացնում Ազգային Ժողովի ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին կամ խորհրդարանական այլ ուժերի հետ դաշինք ստեղծելու մասին,
  • որոշում է կայացնում Քաղաքական խորհուրդը Կուսակցության այլ անդամներով  համալրելու մասին, որը կայացվում է ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությունով,
  • որոշում է կայացնում այլ պետությունների քաղաքական կուսակցությունների հետ համագործակցելու, միջազգային միություններին անդամագրվելու մասին,
  • որոշում է ընդունում դիմել Համագումարին  Կուսակցության Նախագահի հետկանչի պահանջով, Քաղաքական խորհրդի անդամների կողմից կայացրած որոշման հիման վրա, որին կողմ են քվեարկել Քաղաքական խորհրդի անդամների առնվազն 4/5-րդը,
  • կարող է հանդես գալ Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման նախաձեռնությամբ,
  • լսում և հաստատում է  մարզային և համայնքային խորհուրդների, Երևանի խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները, Կառավարման խորհրդի տարեկան հաղորդումը, հետազոտական կենտրոնի տնօրենի տարեկան հաշվետվությունը:
Կուսակցության Կառավարման խորհուրդը

Կառավարման խորհուրդը Կուսակցության մշտական գործող գործադիր (ղեկավար) մարմինն է, որի անդամներն ընտրվում են Համագումարի կողմից չորս  տարի ժամկետով, բաց քվեարկությամբ: Ընտրված են համարվում Համագումարի ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն ստացած թեկնածուները: Կառավարման խորհուրդը նախագահում է Կուսակցության Նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Կուսակցության փոխնախագահը: Կառավարման խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, որոշումների ընդունման, դրանց և Համագումարի որոշուների կատարման միջոցով:  Կառավարման խորհուրդը հաշվետու է  Համագումարին: Կառավարման խորհրդի նիստերը գումարում են առնվազն ամիսը մեկ անգամ:  Արտահերթ նիստ կարող է հրավիրվել Կուսակցության Նախագահի կամ գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Նիստի քվորումն առկա է, եթե նիստին ներկա են անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են Կառավարման խորհրդի անդամների ընդհանուր ձայների թվի պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե սույն կանոնադրությունով, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով կամ Համագումարի կողմից ընդունված կարգերով այլ բան նախատեսված չէ:

Կուսակցության Կառավարման խորհուրդը՝

  • իր կազմից՝ բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրում է Կուսակցության փոխնախագահ և արտաքին հարցերով քարտուղար,
  • իրականացնում է Կուսակցության ամենօրյա կառավարումը, մշակում է Կուսակցության մարտավարությունը, ընդունում է որոշումներ,
  • կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է Համագումարի որոշումների կատարման գործընթացը,
  • հրավիրում է Կուսակցության հերթական համագումարը, նախապատրաստում և կազմակերպում է դրա անցկացումը,
  • որոշում է կայացնում Կուսակցության արտահերթ համագումար հրավիրելու մասին Կառավարման խորհրդի անդամների 2/3-ի նախաձեռնությամբ կամ Կուսակցության անդամների 1/5-ի առաջարկությամբ,
  • որոշում է կայացնում Համագումարի օրակարգի նախագիծը հաստատելու մասին, հաստատում է Համագումարի գումարման օրը, պատվիրակների ցանկը և ընդհանուր թիվը,
  • մշակում և  Համագումարի հաստատմանն է ներկայացնում փոփոխությունները Կանոնադրությունում և ծրագրում, դրանց հարակից այլ փաստաթղթերում, 
  • օրենքի փոփոխությամբ պայմանավորված նախապատրաստում է փոփոխություններ և լրացումներ Կուսակցության Կանոնադրության մեջ և ծրագրում,
  • որոշում է ընդունում համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և ավագանու թեկնածուներ առաջադրելու մասին,
  • մշակում և Քաղաքական խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապետական և տարածքային ընտրական ցուցակները, տվյալ նիստին մասնակցում են Կուսակցության բոլոր տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները,
  • քննարկում և Քաղաքական խորհրդի հաստատմանն է ներկայացնում Կուսակցության նախընտրական ծրագիրը,
  • ստեղծում է և կազմալուծում է Կուսակցության տարածքային ստորաբաժանումները (մարզային կամ համայնքային խորհուրդներ, Երևանի խորհուրդ), վերահսկում է դրանց աշխատանքները,
  • ստեղծում է և կազմալուծում է Կուսակցության  կառուցվածքային ստորաբաժանումները (մասնագիտացված հանձնաժողովներ), նշանակում է դրանց ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ, վերահսկում է դրանց աշխատանքները, ընտրում է Կուսակցության հետազոտական կենտրոնի տնօրենին ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, չորս տարի ժամկետով,
  • հաստատում է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության մարզային, համայնքային և Երևանի խորհուրդների (տարածքային ստորաբաժանումների) ձևավորման կարգը», «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետազոտական կենտրոնի ձևավորման կարգը», «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումների (մասնագիտացված հանձնաժողովների) ձևավորման և գործունեության կարգը», «Լուսավոր Հայաստան» կուսակցության գույքի կառավարման կարգը», «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամավճարների գանձման կարգը»,  ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունները,
  • ընդունում է և հաստատում է Կուսակցության անդամակցության դիմումները, Կուսակցությունից դուրս գալու դիմումները, Կուսակցության անդամների նկատմամբ կիրառում է Կանոնադրությամբ սահմանված խրախուսանքները և տույժեր,
  • հաստատում է Կուսակցության աշխատողների հաստիքացուցակը և դրույքաչափերը,
  • տարեկան առնվազն մեկ անգամ իր գործունեության վերաբերյալ հաղորդում է ներկայացնում Քաղաքական խորհրդին,
  • Կուսակցության անունից անում է հայտարարություններ,
  • որոշում է կայացնում Կուսակցության գործունեության բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք Կանոնադրությամբ վերապահված չեն Կուսակցության Համագումարի, Նախագահի կամ Քաղաքական խորհրդի իրավասությանը,
  • հաստատում է Կուսակցության տարեկան բյուջեն,
  • հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հասատատում է Կուսակցության ծախսերի նախահաշիվը,
  • սահմանում է անդամավճարի չափը և վճարման կարգը,
  • քննարկում է Կուսակցության տարեկան բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը, 
  • իրականացնում է Կուսակցության՝ որպես իրավաբանական անձի, այլ լիազորություններ: 
Կուսակցության Նախագահը
  • Կուսակցության Նախագահի թեկնածություններն առաջադրվում են Համագումարի պատվիրակների կողմից,
  • Կուսակցության Նախագահ ընտրվում է բաց քվեարկության միջոցով Համագումարի ընտրված պատվիրակների ընդհանուր թվի առավել ձայներ ստացած թեկնածուն,
  • Կուսակցության Նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով,
  • Կուսակցության Նախագահի հետկանչի իրավունք ունի միայն Կուսակցության Համագումարը Կուսակցության Քաղաքական խորհրդի անդամների կողմից կայացրած որոշման հիման վրա, որին կողմ են քվեարկել Կուսակցության Քաղաքական խորհրդի անդամների առնվազն 4/5-րդը,
  • իրականացնում է Կուսակցության ընդհանուր ղեկավարումը,
  • ի պաշտոնե Կուսակցության Քաղաքական և Կառավարման խորհուրդների անդամ է,
  • հրավիրում և նախագահում է  Կուսակցության Քաղաքական և Կառավարման խորհուրդների նիստերը,
  • Կուսակցության Նախագահին նրա բացակայության ժամանակ փոխարինում է Կուսակցության փոխնախագահը,
  • ապահովում է Համագումարի և Խորհուրդների որոշումների կատարումը,
  • ներկայացնում է Կուսակցությունը, առանց լիազորագրի հանդես է գալիս նրա անունից,
  • Կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում Կուսակցության աշխատողների հաստիքացուցակը և դրույքաչափերը,
  • աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Կուսակցության հաստիքային աշխատողներին,
  • Համագումարին հաշվետվություն է ներկայացնում Կուսակցության գործունեության մասին,
  • իր իրավասության սահմաններում որոշումներ է կայացնում Կուսակցության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ և ստորագրում է հրամաններ, կարգադրություններ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր, Կուսակցության անունից կնքում է պայմանագրեր և համաձայնագրեր,
  • Կառավարման խորհրդի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում Կուսակցության տարեկան բյուջեն,
  • Կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում դրամական ծախսերի նախահաշիվները,
  • տնօրինում է Կուսակցության գույքը և դրամական միջոցները,
  • իրականացնում է Կանոնադրությունով և Համագումարի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:
Կուսակցության փոխնախագահը

Կուսակցության փոխնախագահն ընտրվում է Կառավարման խորհրդի կազմից  Խորհրդի անդամների կողմից իր կազմից՝ բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, չորս տարի ժամկետով: Աջակցում է Կուսակցության Նախագահին՝ վերջինիս լիազորությունների արդյունավետ իրականացման համար։ Կուսակցության փոխնախագահը կատարում է նիստի հրավիրման կազմակերպչական աշխատանքները, պատասխանատու է նիստերի արձանագրման համար: Կուսակցության նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան:

Կուսակցության արտաքին հարցերով քարտուղարը

Կուսակցության արտաքին հարցերով քարտուղարն ընտրվում է Կառավարման խորհրդի կազմից խորհրդի անդամների կողմից՝ բաց քվեարկույթամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, չորս տարի ժամկետով: Կուսակցության արտաքին հարցերով քարտուղարը համակարգում է Կուսակցության համագործակցությունը գործընկեր օտարերկրյա կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, ՀՀ-ում ներկայացված դիվանագիտական ներկայացուցչությունների և հիմնադրամների հետ: Արտաքին հարցերով քարտուղարը Կուսակցության Նախագահի հետ քննարկելով ներկայացնում է Կուսակցությունը վերը նշված կառույցներում և աջակցում Կուսակցությանը սատարող հասարակական կազմակերպությունների, երիտասարդական կառույցների, հիմնադրամների ու կրթական հաստատությունների գործունեությանը:

Կուսակցության մարզային և համայնքային խորհուրդները

Մարզային և համայնքային խորհուրդները ձևավորվում են Կուսակցության Կառավարման խորհրդի որոշմամբ։ Խորհրդի անդամ կարող են դառնալ տվյալ մարզում կամ համայնքում Կուսակցության անդամները՝ իրենց կողմից ներկայացված ինքնաառաջադրման  կամ առաջադրման դիմումների  հիման վրա, Կառավարման խորհրդի որոշմամբ:

Մարզային և Համայնքային խորհուրդները գործում են մշտական հիմունքներով, կարող են ունենալ իրենց  գրասենյակ(ներ)ը և անձնակազմը: Հաշվի առնելով Կուսակցության անդամների և համակիրների թիվը, մեկ մարզերում Կուսակցությունը կարող է ունենալ մեկ Մարզային և մեկից ավելի Համայնքային խորհուրդներ: Կուսակցության Մարզային և  Համայնքային խորհուրդներն իրենց գործունեությունն իրականացնում են նիստերի հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և Կուսակցության Համագումարի, խորհուրդների, Նախագահի որոշումների կատարման միջոցով:

Կուսակցության Մարզային կամ Համայնքային խորհուրդների նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստի քվորումն առկա է, եթե նիստին ներկա են Մարզային կամ Համայնքային խորհրդի անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են Մարզային կամ Համայնքային խորհրդի անդամների ընդհանուր ձայների թվի պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Մարզային խորհրդի նիստերը նախագահում է Մարզային խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Մարզային խորհրդի քարտուղարը։ Համայնքային խորհրդի նիստերը նախագահում է Համայնքային խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Համայնքային խորհրդի քարտուղարը։

Կուսակցության Մարզային կամ Համայնքային խորհուրդներն իր գործունեության մասին հաշվետու է Կուսակցության Քաղաքական խորհրդին, իսկ տարեկան գործունեության մասին հաշվետվությունը ներկայացվում է Կուսակցության տվյալ մարզային ստորաբաժանման Մարզային խորհրդի նախագահի կողմից: Կուսակցության Մարզային և Համայնքային խորհուրդները կարող են ընդունել Կուսակցության անդամության հայտեր, հաստատել անդամության դիմումները և հեռացնել անդամներին Կուսակցության կանոնադրությունով նախատեսված դեպքերում:

Կուսակցության  Մարզային և Համայնքային խորհուրդն ընտրում է իր կազմից Մարզային և Համայնքային խորհրդի նախագահ, քարտուղար և վերահսկիչ:

Մարզային խորհուրդները համապատասխան որոշումներով Կուսակցության Համագումարի համար ներկայացնում են պատվիրակներ:

Կուսակցության Մարզային և Համայնքային խորհրդի նախագահի ընտրության որոշումը կայացվում է քվեարկությանը մասնակցած ձայների պարզ մեծամասնությամբ:  Մարզային և Համայնքային խորհրդի նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով, բաց քվեարկությամբ: Քվորումն առկա է, եթե Մարզային և Համայնքային խորհրդի նիստին ներկա են խորհրդի անդամների կեսից ավելին:

Կուսակցության Մարզային խորհրդի նախագահը՝

  • իրականացնում է Մարզային խորհրդի կառավարումը,
  • հրավիրում և վարում է Մարզային խորհրդի նիստերը,
  • հետևում է Կուսակցության գործադիր մարմնի կողմից հանձնարարված աշխատանքների կազմակերպմանը և կատարմանը,
  • ներկայացնում է Կուսակցության ղեկավար մարմինների որոշումները մարզային ստորաբաժանման անդամներին, ապահովում է նրանց կողմից առաջարկությունների, բողոքների հավաքման գործընթացը,
  • Մարզային խորհրդի գործունեության մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում Կուսակցության Քաղաքական խորհրդին,
  • կատարում է Կուսակցության Համագումարի, Նախագահի կամ Կուսակցության խորհուրդների կողմից իր վրա դրված այլ պարտականություններ ևս:

Կուսակցության Համայնքային խորհրդի նախագահը՝

  • իրականացնում է  Համայնքային խորհրդի կառավարումը,
  • հրավիրում և վարում է Համայնքային խորհրդի նիստերը,
  • հետևում է Կուսակցության գործադիր մարմնի կողմից հանձնարարված աշխատանքների կազմակերպմանը և կատարմանը,
  • ներկայացնում է կուսակցության ղեկավար մարմինների որոշումները համայնքային ստորաբաժանման անդամներին, ապահովում է նրանց կողմից առաջարկությունների, բողոքների հավաքման գործընթացը,
  • Համայնքային խորհրդի գործունեության մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում տվյալ մարզի Մարզային խորհրդին,
  • կատարում է Կուսակցության Համագումարի, Նախագահի կամ Կուսակցության խորհուրդների կողմից իր վրա դրված այլ պարտականություններ ևս:

Մարզային կամ Համայնքային խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները, իսկ Մարզային կամ Համայնքային խորհրդի նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան, ինչպես  նաև կատարում է Կուսակցության խորհուրդների կողմից իրեն հանձնարարված այլ գործառույթներ ևս: Կուսակցության մարզային կամ համայնքային խորհրդի քարտուղարն ընտրվում է Մարզային և Համայնքային խորհրդի կողմից, իր կազմից՝ չորս տարի ժամկետով, խորհրդի անդամների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ:

Կուսակցության Մարզային և Համայնքային խորհուրդն ընտրում է վերահսկիչ, բաց քվեարկությամբ, չորս տարի ժամկետով, խորհրդի անդամների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:

Վերահսկիչը չի կարող լինել Մարզային կամ Համայնքային խորհրդի անդամ կամ Կուսակցության այլ կառուցվածքային ստորաբաժանումների անդամ:

Կուսակցության Մարզային կամ Համայնքային խորհրդի վերահսկիչն իրականացնում է վերահսկողություն Կուսակցության տարածքային ստորաբաժանման դրամական միջոցների ձևավորման և ծախսման գործընթացների վրա, Կուսակցության անդամների գործունեության համապատասխանությանը Կուսակցության քաղաքական և գաղափարական գծին, վերահսկում է կուսակցության գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման գործընթացները մարզային և համայնքային մակարդակնեորւմ և կատարում այլ գործառույթներ, որոնք հանձնարարվում են Կուսակցության Վերահսկիչ հանձնաժողովի կողմից:

Կուսակցության Մարզային և Համայնքային խորհուրդների ձևավորման կարգը, գործունեությունը, անդամների, նախագահի և քարտուղարի ընտրությունը կարգավորվում է առանձին կարգով, որը հաստատվում է Կուսակցության Կառավարման խորհրդի կողմից:

Երևանի խորհուրդը

Երևանի խորհուրդը ձևավորվում են Կուսակցության Կառավարման խորհրդի որոշմամբ։ Խորհրդի անդամ կարող են դառնալ Երևան համայնքի Կուսակցության անդամները՝ իրենց կողմից ներկայացված ինքնաառաջադրման  կամ առաջադրման դիմումների  հիման վրա, Կառավարման խորհրդի որոշմամբ, չորս տարի ժամկետով։

Երևանի խորհուրդը գործում է մշտական հիմունքներով, կարող է ունենալ իր գրասենյակ(ներ)ը և անձնակազմը Կուսակցության Երևանի խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և Կուսակցության Համագումարի, խորհուրդների, Նախագահի որոշումների կատարման միջոցով:

Երևանի խորհուրդը համապատասխան որոշմամբ Կուսակցության Համագումարի համար ներկայացնում է պատվիրակներ:

Կուսակցության Երևանի խորհուրդը նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստի քվորումն առկա է, եթե նիստին ներկա են խորհրդի անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր ձայների թվի պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Երևանի խորհրդի նիստերը նախագահում է Երևանի խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Երևանի խորհրդի քարտուղարը։

Կուսակցության Երևանի խորհուրդն իր գործունեության մասին հաշվետու է Կուսակցության Քաղաքական խորհրդին, իսկ տարեկան գործունեության մասին հաշվետվությունը ներկայացվում է Կուսակցության Երևանի խորհրդի նախագահի կողմից: Կուսակցության Երևանի խորհուրդը կարող է ընդունել Կուսակցության անդամության հայտեր, հաստատել անդամության դիմումները և հեռացնել անդամներին Կուսակցության կանոնադրությունով նախատեսված դեպքերում:

Կուսակցության  Երևանի խորհուրդն ընտրում է իր կազմից խորհրդի նախագահ, քարտուղար և վերահսկիչ:

Կուսակցության Երևանի խորհրդի նախագահի ընտրության որոշումը կայացվում է քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:  Խորհրդի նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով, բաց քվեարկությամբ: Քվորումն առկա է, եթե Երևանի խորհրդի նիստին ներկա են խորհրդի անդամների կեսից ավելին:

Կուսակցության Երևանի խորհրդի նախագահը՝

  • իրականացնում է Երևանի խորհրդի կառավարումը,
  • հրավիրում և վարում է Երևանի խորհրդի նիստերը,
  • հետևում է Կուսակցության գործադիր մարմնի կողմից հանձնարարված աշխատանքների կազմակերպմանը և կատարմանը,
  • ներկայացնում է Կուսակցության ղեկավար մարմինների որոշումները Երևանի խորհրդի անդամներին, ապահովում է նրանց կողմից առաջարկությունների, բողոքների հավաքման գործընթացը,
  • Երևանի խորհրդի գործունեության մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում Կուսակցության Քաղաքական խորհրդին,
  • կատարում է Կուսակցության Համագումարի, Նախագահի կամ Կուսակցության խորհուրդների կողմից իր վրա դրված այլ պարտականություններ ևս:

Երևանի խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները, իսկ Երևանի խորհրդի նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան, ինչպես  նաև կատարում է Կուսակցության խորհուրդների կողմից իրեն հանձնարարված այլ գործառույթներ ևս: Կուսակցության Երևանի խորհրդի քարտուղարն ընտրվում է Երևանի խորհրդի կողմից, իր կազմից՝ չորս տարի ժամկետով, խորհրդի անդամների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ:

Կուսակցության Երևանի խորհուրդն ընտրում է վերահսկիչ, բաց քվեարկությամբ, չորս տարի ժամկետով, խորհրդի անդամների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:

Վերահսկիչը չի կարող լինել Երևանի խորհրդի անդամ կամ Կուսակցության այլ կառուցվածքային ստորաբաժանումների անդամ:

Կուսակցության Երևանի խորհրդի վերահսկիչն իրականացնում է վերահսկողություն Կուսակցության տարածքային ստորաբաժանման դրամական միջոցների ձևավորման և ծախսման գործընթացների վրա, Կուսակցության անդամների գործունեության համապատասխանությանը Կուսակցության քաղաքական և գաղափարական գծին, վերահսկում է կուսակցության գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման գործընթացները համայնքային մակարդակում և կատարում այլ գործառույթներ, որոնք հանձնարարվում են Կուսակցության Վերահսկիչ հանձնաժողովի կողմից:

Կուսակցության հետազոտական կենտրոնը

Հետազոտական կենտրոնը Կուսակցության խորհրդատվական մարմին է, որի հիմնական նպատակն է քաղաքական, տնտեսական, իրադարձային վերլուծությունների, հետազոտությունների կատարումը և դրանց հիման վրա Կուսակցության Խորհրդին խորհրդատվությունների տրամադրումը: Հետազոտական կենտրոնի աշխատակիցները կարող են լինել անկուսակցական: Հետազոտական կենտրոնի տնօրենին ընտրում է Կուսակցության Կառավարման խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, չորս տարի ժամկետով:

Հետազոտական կենտրոնի տնօրենը համակարգում է հետազոտական կենտրոնի աշխատանքը, կնքում է համագործակցության համաձայնագրեր, տնօրինում է Կուսակցության կողմից հետազոտական կենտրոնին տրամադրված գույքը և ֆինանսական միջոցները, ներկայացնում է տարեկան հաշվետվություններ Կուսակցության Քաղաքական խորհրդին և Վերահսկիչ հանձնաժողովին, առաջարկում է Կուսակցության Նախագահին կնքել աշխատանքային պայմանագրեր և կատարում է Կուսակցության Նախագահի և խորհուրդների կողմից իրեն հանձնարարված այլ գործառույթներ ևս:

Հետազոտական կենտրոնի տնօրենը որոշումներն կայացնում է միանձնյա:

Կուսակցության մասանագիտացված հանձնաժողովները (կառուցվածքային ստորաբաժանումները)

Կուսակցության մասնագիտացված հանձնաժողովները կազմավորվում են Կուսակցության Կառավարման խորհրդի կողմից: Կուսակցության մասնագիտացված հանձնաժողովների թիվը հաստատուն չէ: Դրանց քանակը, ինչպես նաև անդամների կազմը և թիվը կարող է փոփոխվել Կուսակցության Կառավարման խորհրդի կողմից: Կուսակցության մասնագիտացված հանձնաժողովի ղեկավարը նշանակվում է Կուսակցության Կառավարման խորհրդի կողմից: Կուսակցության մասնագիտացված հանձնաժողովի ղեկավարը համակարգում է հանձնաժողովի աշխատանքները, հետևում է Կուսակցության Կառավարման խորհրդի կողմից տրված հանձնարարականների կատարմանը և համապատասխան աշխատանքների իրականացման մասին հաշվետվություն է ներկայացնում Կուսակցության Կառավարման խորհրդին և հաշվետվություններ՝ Կուսակցության Քաղաքական խորհրդին և Վերահսկիչ հանձնաժողովին:

Կուսակցության մասնագիտացված հանձնաժողովի կառուցվածքը, կազմակերպչական գործունեության առանձնահատկությունները կարգավորվում են առանձին կարգով:

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
  1. Կուսակցության գործունեության վերահսկման նպատակով Համագումարի կողմից չորս տարի ժամկետով ընտրվում է վերահսկիչ հանձնաժողովը:
  2. Վերահսկիչ հանձնաժողովի անդամը չի կարող լինել Կուսակցության խորհուրդների անդամ, Կուսակցության տարածքային և մասնագիտացված հանձնաժողովների ղեկավար կամ անդամ:
  3. Վերահսկիչ հանձնաժողովը հաշվետու է Կուսակցության Համագումարին:
  4. Վերահսկիչ հանձնաժողովը վերահսկում է Կուսակցության դրամական միջոցների ձևավորման և ծախսման գործընթացները, Կուսակցության անդամների գործունեության համապատասխանությունը Կուսակցության քաղաքական և գաղափարական գծին, հետազոտական կենտրոնի, Կուսակցության մասնագիտացված հանձնաժողովների գործունեությունը, Կուսակցության գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման գործընթացները և կատարում այլ գործառույթներ, որոնք հանձնարարվում են Կուսակցության Համագումարի կողմից:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
  1. Կուսակցության սեփականությունը, այդ թվում ծրագրային և կանոնադրական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ շինություններ, փոխադրական միջոցներ և այլ գույք, գոյանում են նվիրատվությունից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
  2. Կուսակցության կողմից ստացված, ինչպես նաև նրա սեփական միջոցների հաշվին ստեղծված և (կամ) ձեռք բերված գույքի սեփականատերը Կուսակցությունն է:
  3. Դրամական միջոցները ձևավորվում են անդամավճարներից, oրենքով նախատեuված նվիրատվություններից, oրենքով նախատեuված բյուջետային ֆինանuավորումից, քաղաքացիաիրավական գործարքներից և oրենuդրությամբ չարգելված այլ մուտքերից:
  4. Կուսակցության գույքը և դրամական միջոցները տնօրինում է Կուսակցության Նախագահը:
  5. Կուuակցության տարածքային և կառուցվածքային uտորաբաժանումները Կուսակցության կողմից իրենց հատկացված գույքը տիրապետում և oգտագործում են Կուսակցության Կառավարման խորհրդի կողմից նախատեuված uահմաններում ու կարգով:
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
  1. Կուսակցության վերակազմակերպումը և (կամ) լուծարումը կարող է կատարվել Կուսակցության Համագումարի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով: Կուսակցությունը կարող է վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել, առանձնանալ) մեկ այլ կուսակցության (կուսակցությունների) :
  2. Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ Կուսակցության Քաղաքական խորհուրդը կամ Կուսակցության Համագումարի պատվիրակների առնվազն 2/3-ը՝ գրավոր պահանջով:
  3. Կուսակցության վերակազմակերպման և (կամ) լուծարման մասին որոշումն ընդունվում է Կուսակցության Համագումարի ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ:
  4. Համագումարի կողմից Կուսակցության լուծարման մասին որոշում ընդունելու դեպքում ստեղծվում է լուծարային հանձնաժողով, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է կուսակցության գույքը և դրամական միջոցները, ինչպես նաև իրականացնում է կուսակցության լուծարման հետ կապված աշխատանքները: Կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը, կուսակցության համագումարի որոշմամբ, փոխանցվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության, հիմնադրամի կամ Հայաստանի Հանրապետությանը:
  5. Կուսակցության լուծարման նախաձեռնությունը Համագումարի կողմից մերժվելու դեպքում, այդ մասին որոշման ընդունման պահից, դադարեցվում է լուծարման նախաձեռնությամբ հանդես եկած կուսակցության անդամների անդամակցությունը, և անհրաժեշտության դեպքում կատարվում են նոր ընտրություններ:

ԵՐԵՎԱՆ, 2018

Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գոհար Մաթևոսյան
Կորյուն Շեկոյան
Արմեն Եղիազարյան
Կարինե Ղուկասյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Նարա Հովհաննիսյան
Դավիթ Խաժակյան