Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,
նախևառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու զեկույցները ներկայացնողներին և Վենետիկի հանձնաժողովին իրենց արտառոց աշխատանքի և այս կարևոր գործիքի՝ Իրավունքի գերակայության ստուգաթերթի մշակման համար, որը նպաստում է Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքներից մեկի՝ իրավունքի գերակայության սկզբունքի, համապատասխանության գնահատման նոր միասնական չափանիշների ներդրմանը:
Այս կիրառական գործիքն անկասկած կդառնա մոնիտորինգի և կանխարգելման արդյունավետ միջոց: «Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցությունը մեծապես աջակցում է բանաձևին և զեկույցին կիսելով այս քայլերի հիմքում ընկած տեսլականը:
Անշուշտ, այն կիրառելով որոշակի անդամ պետությունների նկատմամբ՝ ակնհայտ է, որ նույնիսկ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում կան լուրջ վտանգներ օրենքի գերակայության համար: Այն դեպքերում, երբ իրավունքի գերակայության ստուգաթերթի կիրառմամբ իրականացված վերլուծության արդյունքները մտահոգություններ են առաջացնում, ապա դրանք պետք է կոշտ արձագանք գտնեն բոլոր այն անձանց կողմից, որոնք ներգրավված են օրենքի գերակայության սկզբունքների խթանման և ամրապնդման մեջ:
Իհարկե, մենք Իրավունքի գերակայության ստուգաթերթը համարում ենք կիրառական գործիք ոչ միայն Եվրոպայի Խորհրդի երկրների, այլև ազգային և միջազգային այլ շահագրգիռ կողմերի համար, լինի դրանք ազգային կամ տեղական պետական ինստիտուտներ, այլ միջազգային կազմակերպություններ կամ քաղաքացիական հասարակություն: Այն բոլոր երկրների համար կդառնա ժողովրդավարացման, իրավունքի գերակայության հաստատման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհային քարտեզ և ուղեցույց:
Թույլ տվեք հղում կատարել Արիստոտելի աշխատությանը, որը շարունակում է մնալ ազդեցիկ և արդիական նույնիսկ պատմության այս շրջափուլում: Թեև նա ձևակերպեց այն հարցը, թե արդյոք ավելի լավ է ղեկավարվել լավագույն մարդու, թե լավագույն օրենքների կողմից, միևնույն ժամանակ նա հարցին մոտեցավ իրատեսորեն՝ նշելով, որ դա կախված է ոչ միայն օրենքի տեսակից, այլ նաև այն ռեժիմի տեսակից, որը գործադրել և կիրառել է խնդրո առարկա օրենքը (Քաղաքականություն 1282բ):
Սա է պատճառը, որ ես ցանկանում եմ խորը մտահոգություն հայտնել ազատական ժողովրդավարությունների հետընթացի վերաբերյալ, որտեղ իրավունքի գերակայությունը կորցնում է իր հիմնարար իմաստը: Աճող պոպուլիստական ուժերը փորձում են օրենքի մեջ ներդնել անորոշ ձևակերպումներ, ինչը հետագայում թույլ կտա նրանց գործել ընդդեմ ժողովրդավարական սկզբունքների՝ միևնույն ժամանակ «գործելով օրենքի շրջանակներում» և այդ կերպ փորձելով ստիպել մեզ շեղվել մեր սկզբունքներից:
Իրավունքի գերակայության ստուգաթերթն այսպիսի հանգամանքներում կիրառելու դեպքում, թերևս տեղիք չէր տրվի թյուրընկալումների համար և վնաս չէր հասցվի ժողովրդավարությանը: Ստուգաթերթը պետք է պարտադիր փաստաթուղթ դառնա բոլոր անդամ պետությունների և մյուս երկրների համար, որոնք փորձում են հասնել այդ արժեքների ներդրմանը՝ դառնալով հենակետ բոլորի համար: Այսպիսով, մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներին՝ ցույց տալով մեր իրական և համապարփակ ինքնությունը, որպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամներ:
Տիկնայք և պարոնայք, «Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցության անունից կոչ եմ անում Եվրոպայի Խորհրդի բոլոր հաստատություններին օգտագործել այս ստուգաթերթը որպես մոնիտորինգի գործիք և պայքարել այն արժեքների համար, որոնց վրա է խարսխված այս հեղինակավոր հաստատությունը՝ շարունակելով օրինակ ծառայել ժողովրդավարացման ճանապարհին գտնվող բոլոր պետությունների համար։
Շնորհակալություն։