Ներկայացնում ենք Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Անի Սամսոնյանի աշխատությունը «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի ձեռք բերման կառուցակարգի հիմնախնդիրները Հայաստանում» թեմայի վերաբերյալ:
Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:
ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը 2016 թվականին կաճի 2,2 տոկոսով և կկազմի ՀՆԱ-ի 3,5 տոկոսը։ 2015 թվականը կավարտվի 4,9 միլլիարդ դոլլարի պարտքով, որը կազմում է ՀՆԱ-ի 40,4 տոկոսը։ Այսինքն, 2016 թվականին պետական պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին։ Վերջին օրերին Ֆինանսների նախարարության հրապարակած այս տեղեկությունները նախորդների պես կդառնան վիճակագրություն և կմոռացվեն։ Ընդհանրապես վերջին տասը տարիներին հանրությունն արդեն հարմարվել է «բյուջեի պակասորդ» արտահայտությանը, իսկ կառավարությունը հասցրել է ավելացնել պետական պարտքի բեռը 2,6 միլիարդ դոլլարով։ Որպես կանոն բյուջեի մուտքերին գերազանացող ելքերի հիմնական պատճառը համարվում է տնտեսական ճգնաժամը կամ արտագաղթը, բայց ոչ՝ համակարգային և արմատավորված կոռուպցիան։ Այս երևույթի դեմ պայքարի համար միջազգային մի շարք փաստաթղթեր ստորագրած և պարտավորություններ ստանձնած Հայաստանում 2003 թվականից մինչև հիմա մշակվել է երեք հակակառուպցիոն միջոցառումների ծրագիր (2003-2007թթ, 2009-2012թթ, 2015-2018թթ.) Առաջին ծրագրով վավերացվել են կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոնվենցիաները, ընդունվել է շուրջ հիսուն օրենք և ենթաօրենսդրական ակտ դատական համակարգի անկախության, պետական ծառայության մեջ հաշվետվողականության, հանրային մասնակցային կառավարման մեխանիզմների ներդրման և այլ ոլորտային բարեփոխումների վերաբերյալ (տես՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագիր)։ Սակայն ծրագրի արդյունքներով և միջազգային ցուցանիշների համաձայն, կոռուպցիայի հաղթահարման առումով Հայաստանում վիճակը չի բարելավվել, ավելին՝ մնացել է բարձր և վերածվել համակարգային հիմնախնդրի։ Երկրորդ ռազմավարության ձախողման արդարացումը շարադրվել է 2014 թվականի Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգում, հետևալ բովանդակությամբ՝ «Միջոցառումների ծրագրի համալիր ուսումնասիրության արդյունքում վեր էին հանվել դրա արդյունավետության վրա ազդող մի շարք թերություններ: Մասնավորապես, պարզվել էր, որ ծրագիրը մշակելիս թերի են բացահայտվել կոռուպցիոն հիմնախնդիրները, կոռուպցիայի պատճառները, ինչպես նաև դրա դրսևորման ձևերը: Բացի այդ, անհրաժեշտ ֆինանսական և այլ միջոցների բացակայության պայմաններում ծրագրում ներառված ոլորտները չափազանց լայն և չթիրախավորված են եղել, իսկ առանձին դեպքերում ճիշտ չի ընտրվել պատասխանատուի պետական մարմինը, չի ապահովվել ինքնուրույն կառավարում իրականացնող մարմինների պատասխանատվությունը: Վերջապես, ծրագրի մեծածավալության պատճառով, խնդիրները ձևակերպելիս չի ապահովվել արդյունքների, համաթվերի և միջոցառումների ուղղակի կապը, իսկ ծրագրով նախատեսված միջոցառումները չեն եղել լիարժեք պլանավորված, անհրաժեշտ չափով համալիր և ամբողջական»:
Երբ մշակվեց և հանրությանը ներկայացվեց ընթացիկ՝ 2015-2018 թվականների ռազմավարական ծրագիրը՝ լրատվամիջոցներին և հանրությանն այն առանձնապես չոգևորեց։
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հաջողություններ չի գրանցում սկզբունքային պատճառներով։ Աշխարհում այս երևույթի վերացման հաջողված ռազմավարությունները մշակվել են մի քանի հիմնարար սկզբունքներով, որոնք բացակայում են հայաստանյան փորձում։ Դրանցից երկուսը՝ քաղաքական կամքը և ընդհանուր տեսլականը որոշիչ են ու փոխկապակցված։ Դրանք ՀՀ Կառավարության հակակոռուպցիոն պայքարում բացակայում են հետևալ պատճառներով։
Առաջին՝ կառավարությունը չունի հանրության վստահությունը։ Համաձայն 2013 թվականի Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի՝ Հայաստանում հարցվածների միայն 20 տոկոսն է արդյունավետ գնահատել կոռուպցիան նվազեցնելուն ուղղված իշխանության նախկին փորձերը։ Բացի այդ, մարդիկ չեն հավատում, որ մի օր օրենքը կարող է լինել գերակա և հիմնվել իրավահավասարության սկզբունքի վրա։ Միաժամանակ բարձր է քաղաքացիների կաշառք տալու կամ կաշառք վերցնելու պատրաստակամությունը և հանդուրժողականությունը, որովհետև վերջիններիս համար քաղաքական վերնախավի կոռումպացված վարքագծի օրինակները շատ են և համարվում են անփոփոխելի։ Ավելին, այդ վարքագծով աչքի ընկնող պաշտոնյաներից այս տարի ձևավորվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի կազմում ընդգրկված են Վարչապետը (խորհրդի նախարար) , Կառավարության աշխատակազմի ղեկավարը, Արդարադատության նախարար, Ֆինանսների նախարար, ՀՀ գլխավոր դատախազը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, Հանրային խորհրդի նախագահը և համայնքների միության մեկ ներկայացուցիչ։ Քաղհասարակության մասնակցության ապահովման համար խորհրդի կազմում հատկացվել են նաև երկու ներկայացուցչական տեղ (համաձայնությամբ), որի համար հասարակական կազմակերպությունները պետք է ընտրվեն վիճակահանության կարգով։ Մասնակցության դիմումների վերջնաժամկետը սահմանվել էր մինչև այս տարվա մայիսի 15-ը, սակայն ոչ մեկը դեռ հայտ չի ներկայացրել։ Խորհրդի անդամները և ծրագրի իրականացնողներն անընդհատ նշում են հասարարակական սեկտորի ներգրավման համար ընձեռած հնարավորության առավելության մասին, սակայն հայտնի է, որ հենց սկզբից հայեցակարգն ընդունվել է առանց հանրային քննարկումների։ Պետք է նշել, որ վավերացրած միջազգային փաստաթղթերը Հայաստանին պարտավորեցնում են ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարող անկախ և ինքնուրույն մարմին /ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի» կոնվենցիա, 36-րդ հոդված, Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի 20-րդ հոդված և այլն/։ Ստացվում է, զուտ խորհրդատվական բնույթ կրող վարչապետի խորհուրդը ձևական է և ոչ արդյունավետ, որովհետև չունի հանրության վստահությունը և հաշվետվողական չէ։
Երկրորդ պատճառը ռազմավարական ոլորտների ընտրությունն է և բարեփոխումների բովանդակությունը։ Ինչպես նշված է հայեցակարգում, ռազմավարության ծրագրի միջոցառումներում ընդգրկված ոլորտներն ընտրվել են ըստ առաջնահերթության։ Բայց դրանք համակարգային բնույթ չունեն ։ Ընդ որում հայտնի է, որ գերակա ոլորտները հետաքրքրություն չեն ցուցաբերել բարեփոխումների մասով։ Մասնավորապես բարեփոխվելու են պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության, կրթության, առողջապահության և հանրային ծառայության ոլորտները։ Այստեղ հիմնականում նշվում է օրենսդրության մշակման և իրավական ակտերի փոփոխման, վերապատրաստման դասընթացների անհրաժեշտության, էթիկայի հանձնաժողովների ստեղծման, հաշվետվողականության բարձրացման և այլ ծախսեր նախատեսող քայլերի մասին։ Փաստաթուղթն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ քայլերը շարադրված են անհասկանալի (օրինակ՝ «Պետության կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում էլեկտրոնային ծառայությունների մատուցման վերաբերյալ համալիր ծրագրի մշակում և իրականացում» ), տարաբնույթ մեկնաբանության ենթակա (օրինակ՝ «Առողջապահության համակարգում գնագոյացման համակարգի բարելավում, ոչ պաշտոնական վճարումների համար նպաստավոր պայմանների վերացում) և վերացական (օրինակ՝ «ՀՀ ոստիկանության ծառայողների համար սոցիալական և իրավական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների սահմանում»), իսկ որոշ գործընթացներ անէական են և ավելորդ ( օրինակ՝ «Հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված համալիր ծրագրի մշակում և ներդնում)։ Ասել, թե այս ոլորտները բարեփոխման անհրաժեշտություն չունեն՝ սխալ է։ Սակայն նախատեսվող քայլերն ընթացակարգային են, բայց ոչ համակարգային, երկրորդային են, բայց ոչ առաջնային ։ Օրինակ, երբ խոսվում է պետական եկամուտների հավաքագրման ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, պետք է հասկանալ կաշառքի դրդապատճառները, որոնցից են հարկային և մաքսային բարձր դրույքաչափերը, խրթին և անկայուն օրենսդրությունը, հարկային և մաքսային անօրինական արտոնությունների առկայությունը, որոնք ռազմավարության մեջ անտեսված են։ Ուրեմն այդ քայլերով առևտրային կոռուպցիան, որն ունի նաև պետական կոռուպցիայի բաղադրատարեր և դրա հետևանքները՝ ինչպես օրինակ մենաշնորհը կամ ստվերային տնտեսությունը չեն վերանալու։ Կապիտալի արտահոսքը շարունակվելու է, իսկ արտաքին ուղղակի և անուղղակի ներդրումների մասին կարելի է մոռանալ։
Օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դաս ձևավորելու համար հաշվի չեն առնվել կենտրոնացված կաշառվածության՝ վերևից-ներքև և ներքևից վերև շրջանառության առանձնահատկությունները։ Այն դեպքում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները պահանջում են իրենց ենթականերից կաշառք վերցնել և հաշվետու լինել իրենց, կամ միայն պաշտոնյան է կաշառք վերցնում և «գնում» իր ենթակաների լռությունը, ապա բավարար չէ սահմանափակվել միայն «ստորադաս» ծառայողների դաստիարակությամբ, էթիկայի կանոնների հաստատմամբ կամ նույնանուն հանձնաժողովների ստեղծմամբ։ Երբ առկա է մրցակցային կաշառակերություն, ապա պաշտոնյաների թեկուզ փոքր հատվածի կոռումպացվածությունը դառնում է վարակիչ այլ պաշտոնյաների և հանրային ծառայողների համար ։ Բայց ինչպես բոլոր դեպքերում բարձրաստիճան պաշտոնյաները մնում են «անձեռնմխելի», իսկ հանրային ծառայողների նկատմամբ վերահսկողական մեխանիզմներն այդպես էլ չեն կիրառվում։ 2014 թվականի հայեցակարգում նշվում է, որ «Միայն օրինավոր և ազնիվ հանրային պաշտոնյան կարող է հանրությանը վստահություն ներշնչել կառավարման համակարգի նկատմամբ: Միայն այդ պարագայում կարելի է ակնկալել կոռուպցիայի դեմ պայքարում անհատի դերի արժևորման, հակակոռուպցիոն գործընթացներում ներգրավվածության, ինչպես նաև կոռուպցիոն երևույթներին մասին բարձրաձայնելու պատրաստակամության հարցերում հանրության վերաբերմունքի դրական փոփոխություն»: Հանրության վերաբերմունքի փոփոխության համար կառավարությունը պետք է դիմի կտրուկ և շոշափելի քայլերի, օրինակ՝ կրճատի պետական ուռճացված ապարատը, բարձրացնի աշխատավարձերը, կամ խստացնի ծառայողական քննության չափանիշներն ու պահանջները և անվերապահորեն հետևի դրանց կատարմանը։ Բայց քանի դեռ այս առումով ևս պաշտոնյաներն ունեն որոշումներ կայացնելու հայեցողություն, բյուրոկրատության ցածր որակը և կոռուպցիան ավելի ու ավելի բյուրեղացվելու են։ Ուշագրավ է, որ մի շարք խիստ կոռումպացված ոլորտներ դուրս են մնացել առաջնահերթությունների ցանկից՝ ինչպես դատաիրավական համակարգը, սոցիալական ապահովության, պետական գնումների և ֆինանսների կառավարման, բնական պաշարների շահագործման ոլորտները։ Ի դեպ, ռազմավարության ծրագրի մի քանի միջոցառումներ նախատեսում են նաև որոշակի ծառայությունների, ապրանքերի գնումներ և ստեղծում կոռուպցիոն ռիսկեր չբարեփոխված ոլորտներում (օրինակ՝ «Վարորդական վկայական ստանալու համար գործնական քննության տրանսպորտային միջոցների ձեռք բերում» կամ «ՀՀ առողջապահության համակարգում տվյալների միասնական համակարգի ստեղծում), իսկ մենք գիտենք, որ պետական գնումների գործընթացները թափանցիկ չեն, իսկ փողերի յուրացումը հեշտ է։
Երրորդ պատճառը առաջինի և երկրորդի տրամաբանական բացատրությունն է։ Ընդհանրապես այն երկրներում, որտեղ պատժիչ համակարգի անկատարության և թույլ վերահսկողության հետևանքով կոռուպցիան արմատավորված է, որտեղ օրենքները գրվում են ոչ թե հանրային շահի պաշտպանության, այլ իշխանական վերնախավի և նրանց արտոնյալների համար, բարեփոխումների մասին խոսելն անիմաստ է, որովհետև կոռումպացված պետական կառավարման վարչակազմը միշտ փորձելու է խոչընդոտել դրան։ Պետական իշխանության գործունեությունը չի նպաստում հանրային շահին, այլ մասնավոր հատվածի հարստացմանը և ցանկացած հանրային կամ պետական նախաձեռնություն դիտարկվում է որպես անձնական գրպանի աղբյուր։ Այսօր օրինական և անօրինական ազդեցություն ձեռք բերած մասնավոր հատվածը իշխանության համար ծառայում է որպես ուժեղ հենարան։ Այս համագործակցությունը երկկրողմանի է, որովհետև վարչակազմի փոփոխումը կարող է վտանգել մասնավորի շահերը, իսկ մասնավորի «գլխատումը» կխարխլի իշխանություն ունեցողների դիրքերը։ Հայաստանի պարագայում պետական և մասնավոր հատվածը միաձուլված է։ Կարելի է ասել, որ նմանատիպ կործանարար կառավարման հետևանքով այսօր հանրությունը բաժանված է երկու մասի՝ մարդիկ ովքեր ունեն ազդեցության լծակներ, և մարդիկ, ովքեր ուզում են գնել այդ ազդեցությունը։ Հետևաբար «մասնավոր օգուտների փոխանակման համակարգի» բարեփոխման համար կառավարության այս ռազմավարությունն արհեստական է և ոչ կենսունակ։ Այս գործոններով է պայմանավորված նաև այն, որ ռազմավարությունը զուրկ է ընդհանուր տեսլականից։
Կոռուպցիայի դեմ պայքարը միջազգային պարտավորության ձևական գործառույթներից բացի բովանդակություն չի կրում։ Այս պայքարը երբեմն կարող դառնալ միայն քաղաքական հաշվեհարդարի հարմարավետ և պոպուլիստական գործիք։ Վերջերս ՀՀ-ում դեսպան Ռիչարդ Միլսը նշեց. «Միացյալ Նահանգների կառավարությունն այստեղ է աջակցելու, և ամեն պատեհ առիթով մենք հնչեցնում ենք մեր մտահոգությունը: Մենք կաշխատենք Հայաստանի ցանկացած պետական կառույցի հետ, այդ թվում և՝ Խորհրդի հետ, որը հանդես կբերի կոռուպցիայի դեմ պայքարելու հանձնառություն ու կձեռնարկի շոշափելի գործողություններ: Սակայն կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է, եթե կա քաղաքական կամք, դա գիտակցում ենք մենք և հայ ժողովուրդը, ուստի մենք սպասում են նոր Խորհրդի կողմից այդ կամքի դրսևորմանը»։ Կարծում եմ այս դեպքում Հայաստանը ևս հիասթափեցնելու է դոնոր կազմակերպություններին։ Անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու առաջարկների փաթեթը պետք է ուսումնասիրվեր և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեր մինչև 2016 թվականի վերջը։ Սակայն Հայաստանը խախտել է ժամկետները՝ հետաձգելով այն 2017-2018 թվականներին։ Չմոռանանք, որ 2017 թ-ին սպասվում են խորհրդարանական ընտրություններ, իսկ 2018-ին լրանում է գործող նախագահի լիազորությունների ժամկետը, հետևաբար անկախ մարմին ստեղծելու ժամանակ չի լինի։ Իսկ մինչև այդ պետական բյուջեն երկրաչափական պրոգրեսիայով կշարունակի նվազել, իսկ արտաքին պարտքը՝ աճել։ Կոռուպցիայի դեմ պայքարող խորհուրդն էլ կանոնակարգի պահպանման համար ժամանակ առ ժամանակ նիստեր կգումարի և կարձանագրի իր գործունեության հաջողությունները։
Աղբյուրներ
Կարդացեք նաև՝
Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի ձեռք բերման կառուցակարգի հիմնախնդիրները Հայաստանում
Կոռուպցիոն ռիսկերը պետական եկամուտների հավաքագրման ոլորտում
Սեմինարներ են իրականացնում հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցները
Էլեկտրոնային ժողովրդավարության և առանձին գործիքների ներդրման գործընթացը Հայաստանում
Որո՞նք են կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններն ու միջազգային փաստաթղթերը. հակակոռուպցիոն դպրոց
«Որքան երկիրն աղքատ է, այնքան այն ավելի կոռումպացված է». Կարեն Զադոյան
Հակակոռուպցիոն դպրոցի սաները հանդիպեցին առողջապահության նախարարին
Ի՞նչ խախտումներ են կատարում կուսակցությունները՝ նվիրատվություններ ընդունելիս
Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում
Կոռուպցիան Հայաստանում. ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից
Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ
Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները
Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով
Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար
Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում
«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան
Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը
Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար
«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին
Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները
Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում
Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի
Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան
Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը
Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը
Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը