«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Իսկական լիբերալը նման է այգեպանի,
ով պետք է որքան հնարավոր է շատ բան
իմանա այն ծաղկի մասին, որին նա խնամում է…
Ֆրիդրիխ Ֆոն Հայեկ

 

«Լուսավոր Հայաստան»-ի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիրները, կուսակցության գաղափարաքաղաքական առանձնահատկությունների, ծրագրային հիմնադրույթների, ինչպես նաև հանրության ուշադրության կենտրոնում գտնվող կարևոր խնդիրների ուսումնասիրման և վերհանման միջոցով ապահովելու են կուսակցության շարունակական կատարելագործումը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ։

«Լուսավոր Հայաստան»-ը ձևավորելու է այնպիսի կուսակցություն, որը հիմնված չէ որևէ անհատի անձնական նկրտումների վրա, արտահայտում է ինչպես ազատականության գաղափարները կրողների, այնպես էլ բոլոր այն սոցիալական շերտերի շահերն ու խնդիրները, որոնք ցանկանում են տեսնել կայուն և զարգացած պետություն՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, կայացած քաղաքացիական հասարակության ապահովման տեսլականով:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեությունն ուղղված է՝

  • սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետության կայացման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովմանը,
  • պետության և հասարակության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և դրա առանձին տարրերի կայուն, համաչափ զարգացմանը,
  • անհատի համար, ինքնաիրացման և զարգացման միջոցով, երջանիկ կյանքի հիմքերի ապահովմանը,
  • անվտանգային հիմնահարցերի նկատմամբ օպերատիվ, համակարգային և համախմբված սկզբունքներով ռազմավարության մշակմանն ու կիրառմանը,
  • ազգային արժեհամակարգի բաղադրիչների՝ այդ թվում՝ մշակույթի, ավանդույթների, լեզվամտածողության զարգացմանը և իրացմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը,
  • լիբերալ գաղափարներով մեխանիզմների ներդրման և կիրարկման միջոցով տնտեսական համակարգի առողջացմանը,
  • երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրմանը և լուծման նոր մեխանիզմների ներդրմանը,
  • ստվերային տնտեսության վերացմանը և արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականության իրականացմանը,
  • մրցունակ տնտեսական համակարգի ու աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը,
  • աղքատության հաղթահարմանն ու սոցիալական բևեռացման նվազեցմանը,
  • ժողովրդագրական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը (ծնելիության աճ, ներգաղթի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում և արտագաղթի նվազեցում):
«Լուսավոր Հայաստան»-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝

 

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման ինստիտուտների կայացումն ու զարգացումը

Այս նպատակի իրականացման համար «Լուսավոր Հայաստան»-ը հետամուտ է.

  • պետական կառավարման բոլոր մակարդակներում միմիայն համապատասխան գիտելիքային հենք, աշխատանքային արդյունավետ փորձ, կարողություն և ձգտում ունեցող մասնագետների ներգրավմանը,
  • իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների արդյունավետ, գործուն կառուցակարգերի ընդունմանն ու կիրարկմանը,
  • անհարկի վարչարարության ու կամայական հայեցողության բացառմանը և պետական կառավարման մարմինների օպտիմալացմանը,
  • ընտրական գործընթացների և ընտրախախտումների բացառման կառուցակարգերի շարունակական կատարելագործմանը։

Իրավունքի գերակայությունը և հանցավորության դեմ պայքարը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պետականաշինության զարգացման ուղին տեսնում է Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության երաշխավորմամբ իրավական պետության կառուցման մեջ:

«Լուսավոր Հայաստան»-ը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության ամբողջական կենսագործումը միայն հնարավոր է հետևյալ քայլերի պարտադիր իրականացմամբ ՝

  • իրավունքի, որպես մարդու՝ համընդհանուր և անհրաժեշտ ազատության, հավասարության (հավասար հնարավորությունների) և արդարության անհրաժեշտ ձևի սահմանում,
  • օրենսդրության մեջ իրավունքի ամբողջական ամրագրում և օրենքի գերակայության երաշխավորում,
  • մարդու անքակտելի և հիմնարար իրավունքների օրենսդրական ամրագրում և շարունակական իրացում,
  • օրինաստեղծ գործունեության բոլոր փուլերում, սոցիալական լեգիտիմության, սոցիալական անհրաժեշտության առկայության, մասնագիտական արհեստավարժության, գիտականության սկզբունքների պարտադիր առկայության ապահովում,
  • օրենսդրությունում իրավական որոշակիության ապահովում,
  • սոցիալական զարգացմանը զուգահեռ իրավունքի գերակայության արտահայտման այլ ձևերի շարունակական հայտնաբերում, ամրագրում և հետևողական կենսագործում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախանշել և հետամուտ է լինելու իրավունքի գերակայության հետևյալ հինգ սկզբունքների իրագործմանը՝

  1. պետական իշխանության ներկայացուցիչների՝ օրենքով սահմանված կարգով հաշվետվողականությանը,
  2. օրենսդրության արդարությանը, թափանցիկությանը, հստակությանը, հրապարակայնությանը, կայունությանը և հավասարապես կիրառելիությանը,
  3. արդարադատության անկախությանը, անկողմնակալությանը և անխուսափելիությանը,
  4. արդարադատության ժամանակին իրականացմանը՝ բավարար քանակությամբ պրոֆեսիոնալ, բարոյական, անկախ ու անկողմնակալ անձանց կողմից,
  5. իրավական կանխատեսելիության սկզբունքը։

Նկարագրված չորս սկզբունքների հիման վրա, «Լուսավոր Հայաստան»-ը հետևողականորեն կյանքի է կոչելու հետևյալ գործառույթները, որոնք նախանշում են երկրում իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված գործողություններն ու դրանց ուղղությունները: Դրանք են․

  1. իշխանության ճյուղերի լիազորությունների օրենսդրական սահմանափակում, իշխանության ճյուղերի զսպումների և հակակշռման գործուն, արդյունավետ մեխանիզմների ներդրում և կիրարկում,
  2. պայքար կոռուպցիայի դեմ,
  3. օրինականությունը և անվտանգությունը,
  4. մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները,
  5. պետական բաց և թափանցիկ կառավարումը,
  6. օրենքի հարկադրումը,
  7. ընդհանուր դատական իշխանության (քաղաքացիական, քրեական և վարչական դատարաններ) արդար, անկողմնակալ, ինչպես նաև սահմանադրական արդարադատության իրականացումը:

Միաժամանակ ահնրաժեշտ է, որ հանցավոր դրսևորումները ոչ միայն ժամանակին պատժվեն, այլև առաջին հերթին կանխվեն իրենց դրսևորման առաջնային օջախներում՝ առավել ընդունելի, օրինական սովորույթների և մշակույթի ներդրման միջոցով:

 

Կոռուպցիայի դեմ պայքարը

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարացման, տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացների արգելակման հիմնական պատճառներից մեկը կոռուպցիան է իր բոլոր դրսևորումներով: Հետևաբար, «Լուսավոր Հայաստան»-ը իր գործունեությամբ պայքարելու է ինչպես կաշառակերության, պետական ունեցվածքի հափշտակության, ստվերային տնտեսության և հովանավորչության դեմ, որը կներառի՝

  • հանրային կառավարման մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և բարեվարքության կատարելագործման ժամանակակից մեխանիզմների ներդրում և կիրառում,
  • դատական համակարգի անկախության և արդարադատության անխուսափելիության ապահովում,
  • ավելորդ վարչարարության դեմ շարունակական պայքար և պետական վարչական անձնակազմերի օպտիմալացման ժամանակակից մեխանիզմների ներդրում,
  • Բնակչության իրավագիտակցության և իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով պետական հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրում։

Արտաքին քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախանշել և իրականացնելու է հավասարակշռված, պետականամետ արտաքին քաղաքականություն՝ ուղղված

  • Հայաստանի Հանրապետության համակողմանի ու կայուն զարգացմանը,
  • անվտանգության ապահովմանն ու միջազգային հեղինակության բարձրացմանը,
  • օտարերկրյա ներդրումների ավելացմանը,
  • արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ համայնքի շահերի պաշտպանությանն ու առաջխաղացմանը,
  • համաշխարհային արդի գործընթացներին ակտիվ մասնակցությանը և լավագույն փորձի յուրացմանը,
  • Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի ապահովմանը
  • հարևան երկրների հետ բարիդրացիական, փոխշահավետ տնտեսական կապերի հաստատմանը,
  • եվրաինտեգրմանը և միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցությանը,
  • հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի միջազգային իրավական-դատական հարթություն տեղափոխմանը:

Հայաստանի Հանրապետությունը կարող է իրականացնել հաջողված արտաքին քաղաքականություն միայն ներքին արդյունավետ տնտեսական և ժողովրդավարական քաղաքականության առկայության պարագայում:

Արցախյան հարցի լուծման և Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է: Ունենալով հզոր տնտեսություն՝ Հայաստանը կարող է առավել ինքնավստահ և ուժեղ դիրքերից հանդես գալ դիվանագիտության ոլորտում, և հարկ եղած դեպքում՝ ռազմական հակամարտության վերսկսման պայմաններում: Ընդ որում, Արցախի հիմնախնդիրը կարելի է լուծել միմիայն առաջավոր, դիվերսիֆիկացված, իրավունքի գերակայության պայմաններում զարգացող տնտեսության կառուցման միջոցով: Ուստի, բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են Հայաստանի տնտեսական զարգացմանը, էականորեն վնասում են արցախյան հարցի կարգավորմանը, թուլացնում են Հայաստանի ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական հնարավորությունները:

«Լուսավոր Հայաստան»-ը հետամուտ է Հայաստանում եվրոպական մոդելի պետության կառուցմանը՝ պետական կառավարման գործուն ինստիտուտների, իրավունքի գերակայության, ժողովրդավարության միջազգային արդյունավետ փորձի և մեր ազգային լավագույն առանձնահատկությունների ու շահերի համադրությամբ։ Կուսակցությունը գտնում է, որ «Եվրասիական տնտեսական միության»-ը Հայաստանի Հանրապետության անդամակցությունը չի բխում վերջինիս լավագույն շահերից: Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի կառուցել եվրոպական մոդելի երկիր՝ խորացնելով Եվրոպական Միության հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունները՝ լիիրավ անդամ դառնալու հեռանկարով:

Անվտանգությունը

«Լուսավոր Հայաստան»-ը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները պետք է ստանան անձնական անվտանգության ժամանակակից, բարձր երաշխիքներ, որոնք առավելապես կապված են սոցիալական, առողջապահական, կենցաղային, ֆինանսական, տեղեկատվական, բնապահպանական և մշակութային անվտանգության ամրապնդման հետ:

Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության բարձրացման, սպառնալիքների կանխարգելման և չեզոքացման նպատակով «Լուսավոր Հայաստան»-ը առանձնապես կարևորում է.

  • Զինված ուժերի նկատմամբ արդյունավետ ժողովրդավարական վերահսկողությունը,
  • ռազմական գնումների արդյունավետության և թափանցիկության ապահովումը,
  • արդիական ռազմական արդյունաբերության զարգացումը,
  • զինված ուժերում իրավունքի գերակայության և բարեվարքության ապահովումը,
  • ռազմաքաղաքական ուղղվածության գիտահետազոտական կենտրոնների գործունեության պատշաճ ֆինանսավորումն ու դրանց խորհրդակցական դերի բարձրացումը,
  • ժողովրդագրական անվտանգության ապահովումը։

Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումն ուղղակիորեն կապված է ներքին արդյունավետ քաղաքականության, այդ թվում՝ իրավունքի գերակայության, հավասար հնարավորությունների և տնտեսական մրցակցության ապահովման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի հետ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նպատակ ունի Հայասատանի Հանրապետությունում ձևավորել լիբերալ տնտեսական համակարգ՝ միևնույն ժամանակ կարևորելով պետության կարգավորող դերը տնտեսության արդյունավետության բարձրացման, մակրոտնտեսական կայուն աճի, պետական ռազմավարական հետաքրքրությունների, սոցիալ-տնտեսական արդարության, տնտեսական անվտանգության կառուցակարգերի մշակման և ապահովման գործում: Այս նպատակներին հասնելու համար «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորում է․

  1. տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների երաշխավորումը,
  2. կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարը,
  3. կայուն, լիբերալ տնտեսության կառուցման և արդյունավետ ներդրումային քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և օրենսդրության կատարելագործումն ու կիրարկումը,
  4. տնտեսության հեռանկարային ճյուղերը, փոքր և միջին ձեռներեցությունը խթանող դրամավարկային և հարկային արդյունավետ քաղաքականության իրականացումը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ինտենսիվ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, հանքահումքային վերամշակող արդյունաբերության,
  5. պետական բյուջեի թափանցիկության ապահովումը, բյուջեի կատարման, պետական գնումների և արտաքին ֆինանսական փոխառությունների օգտագործման արդյունավետության նկատմամբ իրական վերահսկողական կառուցակարգերի ամրագրումը,
  6. նորարարությունների, տնտեսության ճյուղերի ինտենսիվացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների, մրցունակության բաձրացման և որակի կառավարման առաջավոր համակարգերի ներդրման խթանումը,
  7. ներդրումների իրականացման և ապահովման ուղղությամբ սփյուռքի հետ համակողմանի և հետևողական աշխատանքի իրականացումը,
  8. տարածքային համաչափ և մասնագիտացված տնտեսական զարգացումը։

Տարածքային համաչափ զարգացումը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պայքարելու է Հայաստանի Հանրապետությունում շարունակ խորացող տարածքային անհամաչափ զարգացման՝ որպես ազգային անվտանգության ուղղակի սպառնալիքի դեմ:

Այդ նպատակով «Լուսավոր Հայաստան»-ը համայնքային գոտիավորման և տեղական համեմատական առավելությունների վերլուծության, օրենսդրական նախաձեռնությունների, ներդրումային ու բիզնես միջավայրի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակման միջոցով իրականացնելու է մարզային համայնքների զարգացման և մասնագիտացված ապակենտրոնացման կոնկրետ ծրագրեր: Դրանք ուղղված են լինելու.

  1. տեղական ձեռներեցության խթանմանը,
  2. արտադրական, սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանըևզարգացմանը,
  3. մարզերում կրթական, մշակութային, սոցիալականև առողջապահական բարեփոխումների իրականացմանը,
  4. միջհամայնքային տնտեսական համագործակցությանզարգացմանը։

Կրթություն

Ժամանակակից և մրցունակ կրթություն ստացած քաղաքացին Հայաստանի զարգացման գլխավոր երաշխիքներից է: Կրթության ոլորտում պետական քաղաքականությունը պետք է նպաստի կրթության նոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացմանը, ազատախոհ, նախաձեռնող, ստեղծագործող քաղաքացու ձևավորմանը: Այս նպատակին հասնելու համար «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հետամուտ է․

  • կրթության պետական ֆինանսավորման ավելացմանը,
  • կրթության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմանը,
  • որակյալ և մրցունակ մանկավարժական կադրերի ապահովմանը և շարունակական վերապատրաստմանը,
  • միջազգային ժամանակակից չափանիշներին կրթության որակի համապատասխանեցմանը,
  • կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, անհարկի դրամահավաքի և կաշակառակերության իսպառ վերացմանը և վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրմանը,
  • դպրոցներում նյութատեխնիկական ժամանակակից պայմանների ապահովմանը,
  • բոլոր կրթական հաստատություններում՝ այդ թվում՝ նախադպրոցական, դպրոցական և բուհական կրթական ծրագրերի առավել արդյունավետ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։

Կրթության ոլորտի զարգացումը պայմանավորված է ոչ միայն պետական քաղաքականությամբ, այլև կրթության նկատմամբ հասարակության ողջամիտ և հոգատար վերաբերմունքով: Կրթված և արժանապատիվ քաղաքացին պետք է դառնա մեր հասարակության մեջ օրինակելի և պահանջված տեսակ:

Գիտություն

Գիտության զարգացումը Հայաստանի համար ժամանակի հրամայական է: Առանձնապես կարևորվում է գիտության մրցունակ ճյուղերի զարգացումը: Ուստի, գիտության զարգացումը լինելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեության առանցքում: Այդ նպատակի իրականացման համար մենք հետամուտ ենք լինելու

  • գիտության ֆինանսավորման շեշտակի ավելացմանը,
  • ժամանակակից և որակյալ բարձրագույն կրթության ապահովմանը,
  • բարձրագույն ուսումնական հաստատություններում արդի նյութատեխնիկական բազայի և ժամանակակից գիտական գրականության ապահովմանը,
  • գիտության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը,
  • գիտության ոլորտում նորարարությունների խթանմանը, հատկապես Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող բնագավառներում,
  • ազատ ստեղծագործելու և արժանապատիվ կյանքի ապահովման համար գիտնականների նվազագույն աշխատավարձի ավելացմանը,
  • գիտության և բիզնեսի արդյունավետ գործակցությանը:

Մարդը և նրա ստեղծագործական ներուժը Հայաստանի զարգացման գլխավոր երաշխիքներն են: Ուստի, հարկավոր է ոչ թե շահագործել մարդու ներուժը, այլև կատարել ներդրումներ այն զարգացնելու և բազմապատկելու համար: «Լուսավոր Հայաստան»-ի գործունեությունն ուղղված է այդ ներդրումների համար բարենպաստ պայմանների ապահովմանը:

Մշակույթ

Համամարդկային և ազգային մշակույթի պահպանումը, զարգացումն ու տարածումն ունեն ռազմավարական նշանակություն: ՀՀ քաղաքացիների մշակութային դաստիարակությունը, հոգևոր ճանաչողության բարձրացումը և ստեղծագործ ոգու բացահայտումը կարևոր երաշխիք են հոգեպես առողջ և զարգացող հասարակություն ունենալու համար: Հայկական մշակույթը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. այն կարող է դառնալ Հայաստանի զբոսաշրջային այցեքարտը: Ուստի, «Լուսավոր Հայաստան»-ը կարևորում է ինչպես ազգային մշակույթի պահպանումը, այնպես էլ համաշխարհային մշակույթի հետ վերջինիս ներդաշնակումն ու զարգացումը: Այս նպատակների իրագործման համար մենք կարևոր ենք համարում մշակույթի ոլորտում համալիր պետական քաղաքականության իրականացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների և պայմանների ապահովումը, մշակույթի բնագավառում օրենսդրության կատարելագործումը:

Սոցիալական ոլորտ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում առանձնացնում է սոցիալական հետևյալ խնդիրները․

  1. բնակչության աշխատանքային զբաղվածության ապահովման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծման միջոցով աղքատության մակարդակի կրճատումը,
  2. աշխատանքի արդյունավետության և մրցունակության բարձրացման միջոցով բնակչության եկամուտների ավելացումը,
  3. արդիական կենսաթոշակային բարեփոխումների միջոցով քաղաքացիների համար արժանապատիվ ծերության ապահովումը,
  4. ժամանակակից ենթակառուցվածքների և ծառայությունների ապահովման միջոցով սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց ինտեգրումը հասարակությանը,
  5. կանանց հասարակական-քաղաքական մասնակցության բարձրացմանն ուղղված քաղաքականության մշակումը,
  6. ընտանեկան բռնության բացառումը, երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը,
  7. ժողովրդագրական իրադրության բարելավումը։

Առողջապահության ոլորտ

Հայաստանի առողջապահության ոլորտում առկա են ինչպես բժշկական օգնության կազմակերպման և ծառայությունների որակի, այնպես էլ հասանելիության և մատչելիության խորքային խնդիրներ, այդ թվում՝ կոռուպցիայի դրսևորումներ: Հիմնախնդիր է նաև դեղորայքի ներկրումը, որակի վերահսկողությունը և մենաշնորհների առկայությունը։ Այս խնդիրների լուծման համար «Լուսավոր Հայաստան»-ը կարևորում է․

  1. բժշկական ծառայությունների որակի և կառավարման բարելավումը, ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված համապետական ռազմավարական ծրագրի մշակումը և կիրարկումը,
  2. սոցիալական անապահով խավերի համար պետական անվճար բժշկական օգնության համակարգի ներդրումը,
  3. դեղերի մատչելիության և անվտանգության մակարդակների բարձրացումը,
  4. բժշկական ապահովագրության առավելագույն հասանելիությունը:

Սփյուռքի ներուժի օգտագործման ծրագրերի իրականացումը

«Լուսավոր Հայաստան»-ը գտնում է, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է դառնան հայկական պետականությունը որպես միասնական առանցք ունեցող ցանցային ամբողջական համակարգ։ Անհրաժեշտ է, որ աշխարհում ապրող տասը միլիոն հայերն իրենց նույնականացնեն հայկական պետության հետ: Ֆինանսական աջակցությունից առավել Հայաստանի համար կարևոր է Սփյուքի մարդկային ու մտավոր ներուժը: Հայաստանի քաղաքական և տնտեսական արդիականացման գործում մեր սփյուռքահայ հայրենակիցները կարող են ունենալ վճռորոշ ազդեցություն իրենց բոլոր ռեսուրսներով, կուտակած փորձի փոխանակմամբ և նորարարական գաղափարներով: Ընդ որում, Սփյուռքի կողմից նմանատիպ դիրքորոշումը պետք է դիտվի ոչ թե պարզապես օգնություն, այլ իրավունքի գերակայության ու հավասար հնարավորությունների պայմաններում սեփական հայրենիքում կատարված շահութաբեր ներդրում: Հայաստանի Հանրապետությունը պետք է Սփյուքի համար լինի ոչ թե բեռ ու պարտավորվածություն, այլ հնարավորություն և վերջնական ելակետ՝ աստիճանաբար դառնալով յուրաքանչյուր հայի անվտանգության երաշխավորը աշխարհի ցանկացած կետում:

Բնապահպանության ոլորտ

Հայաստանի Հանրապետությունը, լինելով ցամաքային կլիմայով առավելապես բարձրադիր երկիր, պետք է իրականացնի սեփական բնապահպանական անվտանգությունից բխող համապատասխան նպատակային քաղաքականություն: Այս առումով բնապահպանական կարևորագույն մարտահրավերներ են.

  1. ընդերքի շահագործման և լեռնահանքային արդյունահանումից բխող վտանգավոր նյութերի ու թափոնների անվտանգ կոնսերվացում,
  2. ջրային ռեսուրսների պահպանումն ու առավել արդյունավետ օգտագործումը,
  3. անտառային ռեսուրսների անվտանգությունը՝ անտառների և այլ կանաչ գոտիների վերացման արագ դադարեցումը, կանաչապատման երկարաժամկետ ծրագրերի իրականացումը, հողապահպանության խնդիրները, սողանքների, ապօրինի հորատանցքերի դեմ պայքարը:

Քաղաքացիական հասարակության հետ համագործակցություն

«Լուսավոր Հայաստան»-ի գործունեության առաջնահերթություններից է քաղաքացիական հասարակության գործունեությանը նպաստելը և արդյունավետ համագործակցության մեխանիզմների մշակումն ու ներդրումը: Կայացած քաղաքացիական հասարակությունն աջակցում է երկրում ժողովրդավարական բարեփոխումներին, օժանդակում և թեթևացնում է պետական կառավարման աշխատանքը՝ տեղեկացնելով, քննարկելով և առաջարկելով կառուցողական լուծումներ հանրային կարևորության տարբեր խնդիրների և իրադարձությունների վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան»-ի նպատակն է համապատասխան օրենսդրական փոփոխությունների և պետական օժանդակության միջոցով զարգացնել և լիովին օգտագործել քաղաքացիական հասարակարության ներուժը, աջակցել դրանց առավել արդյունավետ և հաշվետվողական գործունեության խթանմանը, քաղաքացիական հասարակության և պետական մարմինների միջև դառնալ համագործակցության կամուրջ` քաղաքացիական հասարակության ձայնը լսելի, իսկ ձևավորած քաղաքական օրակարգը որոշումներ կայացնողների համար հասանելի դարձնելու նպատակով:

Քաղաքական սերնդափոխություն

Մենք համոզված ենք, որ ներկայումս Հայաստանի երիտասարդությանը չի հատկացվում բավարար ուշադրություն, իսկ երիտասարդության ներուժը փոշիացվում է: «Լուսավոր Հայաստան»-ի առաջնային նպատակներից մեկն է Հայաստանում իրականացնել քաղաքական սերնդափոխություն, երիտասարդությանը տալ գործունեության համար անհրաժեշտ ազատություն` անկաշկանդ ստեղծագործ աշխատանքի և սեփական գաղափարները դրսևորելու լայն հեռանկարներով, սխալվելու ողջամիտ իրավունքով և հավասար հնարավորություններով: Մենք ձգտելու ենք երիտասարդությանն օժտել իրական լծակներով ու ռեսուրսներով, հնարավորություն ընձեռել սեփական գաղափարներն ու գիտելիքները գործնականորեն կիրառելու համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ ներառյալ քաղաքականության և պետական կառավարման ասպարեզում: Երիտասարդությունը Հայաստանի ներկան է:

Առկա հիմնախնդիրների լուծման համար, կարևորելով անհրաժեշտ բոլոր ռեսուրսների առկայությունը և դրանց արդյունավետ օգտագործումը պետական կառավարման համակարգում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նպատակամղված և հետևողականորեն ձեռնամուխ է լինելու նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ իրատեսական մեխանիզմների ներդրմանը՝ ամենօրյա թիմային աշխատանքի և կրթական-լուսավորչական գործունեության ճանապարհով՝ հանուն պետականաշինության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, և հանուն ազգային ու պետական շահերի պահպանման:

Կորյուն Շեկոյան
Արմեն Եղիազարյան
Հրանտ Այվազյան
Կարեն Սիմոնյան
Աննա Կոստանյան
Էդմոն Մարուքյան
Անահիտ Կարապետյան
Արտակ Ոսկանյան