Քաղաքական սերու՞ցք, թե՞ քաղաքական փրփուր
Դեկտեմբեր 24, 2015
Հայաստանի ներկայիս քաղաքական «վերնախավը» իշխանական համակարգի վերին աստիճաններին հայտնվեց աշխարհաքաղաքական ցնցումների ստեղծած նոր իրավիճակի հետևանքով, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Պատմությունն արդեն ապացուցել է այն իրողության իսկությունը, որ քաղաքական ցնցումների հետևանքով իշխանության է գալիս հիմնականում մրուրը։ Հասարակական բնականոն զարգացման դեպքում նրանց՝ իշխանության գալու շանսերը զրոյական են։ Օրինակները բազմաթիվ են՝ սկսած Ֆրանսիական հեղափոխությունից ընդհուպ մինչև Խորհրդային Միության փլուզմամբ հետխորհրդային տարածաշրջանում առկա իրողությունները։

Քաղաքական վերնախավի մասին խոսելիս առանձնացնում ենք շնորհյալների՝սերուցքի և ապաշնորհների՝ փրփուրի տեսակները։ Այս երկուսի առկայությունը մշտատև է քաղաքական բոլոր համակարգերում, բոլոր ժամանակներում։ Ապաշնորհների տեսակարար կշիռը մեծ  է հատկապես տոտալիտար համակարգերում, ինչպիսիք էին նացիստական Գերմանիան և ԽՍՀՄ-ը, որտեղ ժողովրդավարական տևական զարգացում չեղավ, այլ ներքաղաքական ցնցումները իշխանության բերեցին ապաշնորհների մի ամբողջ կոհորտայի։ Ցնցումների միջոցով հրաժեշտ տալով ԽԱՀՄ-ին՝ հետխորհրդային երկրները միկրոմակարդակում շարունակեցին խորհրդային «լավագույն» ավանդույթները։ Հայաստանում ևս, ներքին միկրոցնցումների ցիկլայնությունը «իններորդ ալիքի» միջոցով, հաճախ իշխանության է բերում ապաշնորհներին։ Սա համակարգի անկայունության կամ բացակայության հիմնախնդիրն է։

Ժողովրդավարական ինստիտուտների իրապես կայացումը ու գործառնությունը կբացառի խմբակենտրոն ապաշնորհների գլխապտույտ իշխանական թռիչքը, հարատև հասարակական բնականոն զարգացման միջոցով կապահովի սոցիալական մոբիլության ու քաղաքական համակարգի ճիշտ վերարտադրության իրացումը, որը ծնունդ կտա քաղաքական համակարգի կայացմանն ու իրական ընտրանիով համալրվելուն։

Ներկայումս քաղաքական դաշտի թե հնաբնակները, թե նորահայտ սուբյեկտների մի մասը, զբաղված են քաղաքական իմիտացիայով, որը հղի է՝ դաշտը և դրա հետևից հանրությունը սխալ ուղղությամբ տանելու մարտահրավերներով, քանի որ այդ իմիտացիայի հետևում իրականում թաքնված է սեփական խմբային շահերը պաշտպանելու ձգտումը։ Դա կարող է հանգեցնել հանրության ու իշխանության միմյանցից օտարմանը և մեկուսացմանը։ Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ դա բերում է ներպետական պայթյունավտանգ իրավիճակի: Պատճառը կայուն համակարգի բացակայությունն է։

Իհարկե, չի կարելի կատեգորիկ պնդել, որ սերուցքը առկա չէ մեր քաղաքական դաշտում։ Խնդիրն այն է, որ այդ սերուցքը տարրալուծվում է ապաշնորհ փրփուրի ընդհանուր զանգվածի մեջ։ Հարկ է, որ քաղաքական համակարգի հիմնասյունը լինի հենց այդ սերուցքը, որի հիման վրա հետայդու կատարվող սերնդափոխությունը էվոլյուցիոն ուղով կվերաթարմացնի դաշտը՝ բացառելով պատեհապաշտ տարրերի մուտքը քաղաքական բնագավառ։ Դա զերծ կպահի հասարակական-քաղաքական դաշտն անհարկի ցնցումներից։

Ներկա հայաստանյան քաղաքական դաշտում քաղաքական ուժերը տիպաբանվում են երկբևեռ մոդելով։ Կամ իրենց ներկայացնում են  «ընդդիմություն» (դրա արմատական կամ չափավոր երանգներով), կամ իշխանական ու մերձիշխանական։ Սրանց գործունեության ու պայքարի գլխավոր առանցքը միմյանց տարբեր առումներով «մերկացնելն» ու սևացնելն է, թեև դա նաև կատարվում է ընդդիմադիրի իմիտացիայի շղարշով պատված։ Վերջին «նորույթներից» մեկն էլ  Ազգային ժողովում և այլ նպատակահարմար միջավայրերում պոպուլիզմի մեծ չափաբաժնով ընդդիմադիր կերպարի ու առաջնորդի իմիտացիան է։ Պոպուլիզմը խաղում է լայն զանգվածի էմոցիաների հետ, բայց ոչ երբեք բանականության։ Դա քաղաքական ընտրանու որակական բարեփոխման հարցը չի լուծում, քանի որ նախ իմիտացիոն պրոցես է տարվում , և հետո, մեկ անձը ի վիճակի չէ իրենով լուծել այդ հարցը։

Կարևորը քաղաքական ուժի ներսում հորիզոնական հարաբերությունների իրական, ոչ երբեք ձևական գործարկումն է։ Չպետք է լինեն անփոխարինելի անձեր և քաղաքական գործիչներ։ Դա կբերի քաղաքական դաշտի լճացմանը, կհանգեցնի անկման։ Քաղաքական ընտրանին՝ սերուցքը, ենթադրում է շարունակական սերնդափոխություն և երիտասարդացում։ Հակառակ դեպքում, երբ դաշտում տիրապետող է փրփուրը, ստեղծվում է ամբողջատիրական համակարգերին բնորոշ լիդերի կերպար։ Հարկավոր է՝ աստիճանական սերնդափոխության միջոցով սերուցքը դարձնել քաղաքական դաշտի հեգեմոն, որպեսզի հետագա գնահատանքների դեպքում հարկադրված չլինենքթույլ տված սխալներում միջակությունների մարդկային գործոնը ևս հաշվի առնել։

Մեր նշած կառավարման ուղղահայաց համակարգը, որը աստիճանաբար քայքայիչ պրոցեսի ենթակա է, իր ձևախեղված դրսևորումներով առկա է նաև հանրային համակարգում, և լրջագույն վտանգի կարող է ենթարկել պետականության գոյությանն ինքնին։ Լուսավոր կետը այդ հարաբերությունների համակարգը հորիզոնականով փոխելու և սերուցքի համաբաժինը տիրապետող դարձնելու հրամայականի մեջ է։

Հեղինակ՝  Արտակ Ս․ Խաչատրյան

Սերգեյ Անիսոնյան
Սերգե Ղահրամանյան
Սրբուհի Գրիգորյան
Աշխեն Թանդիլյան
Գևորգ Պապիկյան
Անի Սամսոնյան
Անահիտ Կարապետյան
Արտակ Ոսկանյան