ԵԼՔ դաշինքի հայտարարությունը 2017թ. մայիսի 14-ի՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։
Մայիս 15, 2017

ԵԼՔ դաշինքը 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետևյալը.

1. Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում և ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե:

2. Ընտրական պրոցեսի ընթացքում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառքներ են բաժանվել, այդ գործընթացը ունեցել է կազմակերպված և կենտրոնացված բնույթ, ինչի վերաբերյալ ԵԼՔ դաշինքին հաջողվել է ձեռքբերել անառարկելի ապացույցներ: Այս ապօրինի երեւույթից բխող մի շարք խախտումներ տեղ են գտել ընտրական տեղամասերում, ինչը արձանագրվել է ԵԼՔ դաշինքի վստահված անձանց կողմից:

3. ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը, ընդհուպ խոչընդոտելով կատարված ընտրական հանցագործությունների բացահայտմանը. ԵԼՔ դաշինքին հաջողվել է ձեռքբերել և հրապարակել անառարկելի ապացույցներ, որ ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում Ոստիկանության քաղաքական չեզոքության մասին ՀՀ օրենսդրության պահանջների հետ: Քվեարկության օրը Ոստիկանության ներկայացուցիչները բռնություններ են գործադրել «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր նկատմամբ` ըստ էության խոչընդոտելով ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ հերթական փաստի բացահայտմանը:

4. Ընտրակաշառքների բաժանման եւ ստացման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ եւ այդ երեւույթի նկատմամբ ձեւավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:

5. ԵԼՔ դաշինքը ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց, դիտորդներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, ովքեր ընտրական տեղամասում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իրենց քվեով և գործունեությամբ պաշտպանել են օրինականությունը և ժողովրդավարությունը: Դաշինքը շնորհակալություն է հայտնում նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական և բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին:

6. ԵԼՔ դաշինքը արձանագրում է, որ մայրաքաղաքում ունի համակիրների ամուր եւ կայուն հենարան եւ Երևանի ավագանիում ԵԼՔ խմբակցությունը իրեն համարում է դաշինքի օգտին քվեարկած շուրջ 70 հազար երևանցիների պատվիրակը եւ Երևանի ավագանիում հանդես է գալու նրանց անունից:

7. ԵԼՔ դաշինքը ԱԺ-ում Երևանի ավագանիում իր գործունեության ընթացքում և ընդհանրապես՝ միջոցներ է ձեռնարկելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների Երևանի ավագանու ընտրություններում տեղ գտած ապօրինի երեւույթների պատշաճ քննության իրականացմանը հասնելու համար, հետևողական և սկզբունքային պայքար է մղելու այդ երևույթների դեմ:

8. ԵԼՔ դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը և ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար:

ԵԼՔ դաշինք 15.05.2017

Կորյուն Շեկոյան
Սերգեյ Անիսոնյան
Կարինե Ղուկասյան
Հարություն Բաբայան
Գևորգ Գորգիսյան
Գրիգորի Դոխոյան
Հայկ Կոնջորյան
Մանե Թանդիլյան