Հայաստանը տասը միլիոն հայերի երկիր

Մեզ դեռ մանկուց սովորեցնում են` մենք հպարտ ենք, որ հայ ենք: Հայի ավանդական ինքնության առանցքում մշտապես դրվել է պատմությունը, լեզուն, մշակույթը, կրոնը: Մեր նպատակն այն է, որ ժամանակակից հայի ինքնության կենտրոնում նախ և առաջ լինի հայկական պետականության գաղափարը և աշխարհում ապրող տասը միլիոն հայերը իրենց նույնականացնեն հայկական պետության հետ: Պետությունն այն գլխավոր գործոնն է, որ պետք է ապահովի հայության անվատանգությունն ու միասնականությունը, նպաստի տնտեսության և մշակույթի զարգացմանը, ստեղծի պայմաններ` մարդու արժանապատիվ կյանքի ապահովման համար:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համահայկական բոլոր խնդիրների լուծման բանալին տեսնում է հզոր Հայաստան կառուցելու մեջ: Վերջին հարյուր տարիների ընթացքում, հայկական սփյուռքն իր ներուժն ու ջանքերը հիմնականում ուղղել է Հայ Դատին, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին, Արցախյան հիմնահարցի լուծմանը, Հայաստանի զարգացմանն ուղղված ֆինանսական աջակցությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, Սփյուռքի գաղութներում հայոց լեզվի և մշակույթի պահպանմանը:

Մենք կարծում ենք, որ այժմ Հայաստան-Սփյուռք հարաբերություններ պետք է կառուցել այլ սկզբունքներով. Հայաստանն ու Սփյուռքը պետք է դառնան մեկ առանցք ունեցող ցանցային մի համակարգ, որը ներառում է ողջ աշխարհը: Այս համակարգը պետք է հիմնված լինի ոչ միայն Սփյուռքի կողմից Հայաստանի միակողմանի օգնության, այլև Հայաստանի կողմից Սփյուքի օգնության երկկողմանի գաղափարի վրա: Իր ունեցած ռազմական պոտենցիալի, տնտեսական կարողությունների և դիվանագիտական հնարավորությունների չափով, Հայաստանը պետք է դառնա յուրաքանչյուր հայի անվտանգության երաշխավորը` աշխարհի ցանկացած մասում: Ֆինանսական աջակցությունից առավել` Հայաստանի համար կարևոր է Սփյուքի մարդկային ու մտավոր կապիտալը: Հայաստանի քաղաքական և տնտեսական արդիականացման գործում մեր սփյուռքահայ հայրենակիցները կարող են ունենալ վճռորոշ ազդեցություն իրենց գիտելիքներով, կուտակած փորձի փոխանակմամբ և նորարարական գաղափարներով: Ընդ որում, նմանատիպ դիրքորոշումը Սփյուռքի կողմից պետք է դիտվի ոչ թե պարզապես օգնություն, այլ ներդրում, որը Հայաստանը պետք է արդարացնի արժանապատվորեն: Հայաստանը պետք է Սփյուքի համար լինի ոչ թե բեռ ու պարտավորվածություն, այլ հնարավորություն և վերջնական ելակետ:

Ռուզաննա Հարությունյան
Կարինե Ղուկասյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Հարություն Բաբայան
Գևորգ Գորգիսյան
Անի Սամսոնյան
Հայկ Կոնջորյան