Քաղաքացիականից քաղաքական

Մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շուրջ ձևավորվում են քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք տևական պայքարի արդյունքում հասնում են լուրջ հաջողությունների: Քաղաքացիական շարժումներում ներգրավված երիտասարդները ապացուցել են, որ իրենք կարող են համախմբվել ու անձնվիրաբար պայքարել հանուն հասարակական խնդիրների լուծման և Հայաստանի բարօրության։ Պատրաստ են և ունակ խորությամբ ուսումնասիրել խնդիրներն ու առաջարկել համապատասխան լուծումներ:

Կարևոր է գիտակցել, որ եթե քաղաքացիականի այս նոր տեսակը ներկայացնող մարդիկ չմտնեն քաղաքականություն, ակամայից այդ տեղերը զիջելու են այժմյան քաղաքական դաշտում առկա արժեհամակարգի կրողներին։ Մենք ստիպված ենք հավերժ պայքարել անառողջ քաղաքական դաշտի և անհաջող որոշումների դեմ:

Մենք աշխատելու ենք ոչ միայն տեղային և հստակ հարցերի շուրջ, այլև նվիրվելու ենք խնդիրների համակարգային լուծմանը և կառուցելու ենք մեր երազանքների Լուսավոր Հայաստանը: Այն ներքին պահանջը, որը մեզ մղեց պայքարել քաղաքացիական դաշտում, հստակ ասում է, որ մենք աշխատանք ունենք անելու քաղաքականության մեջ: Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ։

Հասարակության մեջ կա կարծիք, որ հնարավոր չէ առողջացնել քաղաքական համակարգը Հայաստանում, որը իրապես խարխուլ է և չի նպաստում մարդկանց բարեկեցությանը: Մենք համոզված ենք` փոփոխությունները պայմանավորված են մեզանով և մենք առաջարկում ենք արդյունավետ կառավարման մեխանիզմը, որի օջախը առկա է Հայաստանում:

Շատերը հարցնում են՝ ինչու՞ է Հայաստանում զարգանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, մի ոլորտ, որտեղ գոյություն ունեն երեքհարյուրից ավելի ընկերություններ և հազարավոր մասնագետներ։ Պատասխանը շատ պարզ է՝ այստեղ գործում է արդիական արդյունավետ կառավարում։ Իսկ դա նշանակում է արդյունավետ վերահսկողություն, պատասխանատու կառավարում, նոր մարդկանց ներգրավում, որը բերում է թարմ շունչ և նոր լուծումներ, գործում են ներդրված համակարգեր և բոլորը գիտակցում են, որ անփոխարինելի մարդիկ չկան: Գործնականում իր արդյունավետությունը ապացուցած այս սկզբունքները և մոտեցումները մենք կբերենք քաղաքական դաշտ։ Նոր մարդիկ, նոր մտածելակերպ, նոր սկզբունքներ՝ դա քաղաքական դաշտի առողջացման ճանապարհներից մեկն է:

Մենք բազմաթիվ հետևություններ արեցինք տարբեր քաղաքացիական շարժումներից, որոնցից գլխավորն այն էր, որ թեպետ հետևողական քաղաքացիական շարժումը կարո՛ղ է և գրանցու՛մ է որոշակի հաջողություն խնդիրների հետեւանքների վերացման հարցում, սակայն դրանց պատճառները պահանջում են համակարգային լուծումներ, իսկ համակարգային լուծման բանալին քաղաքական դաշտում է: Մենք այսուհետ պայքարելու ենք խնդիրների համակարգային լուծման համար և մեր քաղաքացիական փորձն ու ներուժը այժմ կիրառելու ենք քաղաքականության մեջ: Ժամանակն է, որպեսզի ՀՀ գիտակից, արժանապատիվ ու կիրթ քաղաքացին քննադատողից, բողոքողից ու պահանջողից ձևափոխվի քաղաքական դաշտում առկա խնդիրները բարձրացնող ու դրանց լուծումներն առաջարկող, հստակ ազգանպաստ քաղաքականություն իրականացնող քաղաքական ուժի։

Միացի՛ր մեզ, որ միասին կառուցենք ներկայի արժանապատիվ Հայաստանը:

Կորյուն Շեկոյան
Սերգեյ Անիսոնյան
Աստղիկ Ավետիքյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Քրիստ Մարուքյան
Նարա Հովհաննիսյան
Անի Սամսոնյան