Փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում
Փետրվար 06, 2018

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ հետևյալ խնդրի վերաբերյալ․

ԱԺ Պետական-իրավական և Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ փետրվարի 05-ին երկրորդ ընթերցումից առաջ քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը: Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է դատական սանկցիաների վերաբերյալ կարգավորումներ ներառել նախագծում, ինչպես նաև այն լրացնել երկու նոր օրենքների (ՀՀ քրեական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին) նախագծերով: Հանձնաժողովը հավանություն է տվել այս առաջարկությանը:

Այսպիսով տեղի է ունեցել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի կոպիտ խախտում՝ առաջարկությունների ներկայացման ժամկետների չպահպանման մասով։ Մասնավորապես, Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 21.12.2017թ.՝ արտահերթ նիստի կարգով: Նշանակում է՝ օրինագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ գրավոր ձևակերպված առաջարկություններ կարող էին ներկայացվել ոչ ուշ, քան մինչև հունվարի 08-ը։ Եվ անգամ եթե արձակուրդն ու հանգստյան օրերը հանենք, ստացվում է հունվարի 16-ը։

Նշված ժամկետից բացառություն է արվում միայն արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկված օրինագծի դեպքում, այն էլ երբ այդ օրակարգում ընդգրկված է օրինագծի թե՛ առաջին և թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել արտահերթ նիստի կարգով՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար, որպիսի հանգամանքը պարտադիր է դարձնում նախագծերի քննարկման և ընդունման սովորական ընթացակարգի կիրառումը:

Կանոնակարգի 69-րդ հոդվածի 1-ին մասի սահմանմամբ՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:

Նախագծի լրացում ներկայացված քրեական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը հայտնվել են երկրորդ ընթերցումից առաջ և ընդունվելու դեպքում, ստացվելու է, որ այդ օրենքներն ընդունվել են միայն մեկ ընթերցմամբ:

Նախագծում փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում։

Վերոնշյալից հետևում է, որ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին և հարակից դրույթները չէին կարող ներառվել Նախագծում, քանի որ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ ԱԺ նախագահին առաջարկել եմ միջոցներ ձեռնարկել օրենքի խախտմամբ խորհրդարանի օրակարգ մտցված փոփոխություններով նախագիծն օրակարգից հանելու վերաբերյալ։


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Գրիգորի Դոխոյան
Էդմոն Մարուքյան
Անի Սամսոնյան
Նարա Հովհաննիսյան
Կարեն Սիմոնյան
Սերգե Ղահրամանյան
Հրանտ Այվազյան
Արմեն Եղիազարյան