Նամակ-պահանջ Սանիտեկին
Օգոստոս 01, 2018

Երևան մայրաքաղաքը աղբանոցի վերածած «Սանիտեկ» ընկերություն

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը Երևանի քաղաքացիների անունից դիմում է Ձեզ հետևալ նամակով.

Ականատես լինելով, որ Երևան մայրաքաղաքում ծավալային տարողության թույլատրելի 80 տոկոսից ավելի կուտակված կենցաղային աղբից պայթում են կոնտեյներները և դրանց հարթակները։ Բնակելի, առևտրային տարածքներում, բազմաբնակարան շենքերում, փողոցներում և հասարակական վայրերում անխնա ընդլայնվում են աղբակույտերը, չի հեռացվում լքված աղբը, օդում ծանրանում է գարշահոտությունը,

Փաստելով, որ Երևան մայրաքաղաքում ստեղծում եք անթույլատրելի հակասանիտարական վիճակ և տապալում եք պայմանագրով սահմանված՝ բարելավված, առավել արդյունավետ և ժամանակակից պահանջներին բավարարող ծառայություններ մատուցելու նպատակը,

Արձանագրելով, որ Երևան մայրաքաղաքում ամռան պահպանման ամիսներին (մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատված) աղբահանության աշխատանքը դուրս է գալիս Ձեր վերահսկողությունից, ծառայության որակը խիստ վատթարանում է,

Նկատելով, որ Երևան մայրաքաղաքում պարտականությունների ոչ պատշաճ կատարումը տարածվում է հավասարապես և՛ ցածր և՛ միջին և՛ բարձր շահագործման հաճախականություն ունեցող հատվածներում,

Վերհիշելով, որ Երևան մայրաքաղաքում երկու տարի անընդմեջ Ձեր նշած նոր ներկրվող սարքավորումների, մեքենաների և աղբամանների ձեռքբերման մասին խոստումներով, պայմանագրով նախատեսված ժամկետում դրանք նորով փոխարինելու Ձեր անկարողունակությամբ չեք շտկում իրավիճակը, չեք նպաստում քաղաքացիների բավարարվածության բարելավմանը, ինչպես նախատեսված է պայմանագրով,

Մատնանշելով, որ «Սանիտեկ»-ի՝ որպես Երևան մայրաքաղաքում աղբահանության ծառայություն մատուցող միակ ընկերության աշխատանքից բխող խնդիրները գտնվում են բացառապես Ձեր իսկ լուծման տիրույթում,

Մտահոգվելով, որ Երևան մայրաքաղաքում Ձեր ծառայության ոչ պատշաճ իրականացման հետևանքով ստեղծում եք համաճարակային վտանգ, առողջական սպառնալիք և անհանգստություն բնակիչների համար, նվազեցնում եք պայմանագրով նախատեսված բնապահպանական պահանջների կատարողականը, ինչպես նաև վնաս եք հասցնում քաղաքի տուրիստական գրավչությանը և վարկանիշին։

Եվ հաշվի առնելով Երևան մայրաքաղաքում Ձեր անբարեխիղճ գործունեության հետևանքով հասունացող հասարակական բողոքի ալիքը՝

Պահաջում ենք,

յոթնօրյա ժամկետում (մեկնարկը՝ օգոստոսի 2-ից) Երևան մայրաքաղաքում դատարկել բոլոր աղբամանները, մաքրել հարթակները, վերացնել բազմաբնակարան շենքերի, բակերի ու փողոցների աղբակույտերը։

Միաժամանակ այս պահանջը ներառում է նաև աղբահավաքման կանոնավոր աշխատանքը վերականգնելը և պայմանագրի տարածքում (Երևանի Արևմուտք և Երևանի Արևելք) մաքրության պահպանման աստիճանը Դ կարգից (մեծաքանակ կուտակումներ) Ա կարգի (աղբի իսպառ բացակայություն) հասցնելը։

Պահանջի չկատարման դեպքում Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը դիմելու է Երևանի քաղաքապետարան Ձեր հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը լուծարելու նպատակով։


Share via:
Ռուզաննա Հարությունյան
Աստղիկ Ավետիքյան
Սրբուհի Գրիգորյան
Աշխեն Թանդիլյան
Գևորգ Պապիկյան
Նարա Հովհաննիսյան
Դավիթ Խաժակյան
Անի Սամսոնյան