Վանաձորի ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցությունն ամփոփել է մեկ տարին
Հոկտեմբեր 10, 2017

Բանախոս՝ Քրիստ Մարուքյան, Վանաձորի ավագանու ԼՀ խմբակցության ղեկավար

Այսօր լրանում է անցած տարի հոկտեմբերի 10-ին՝ մեր կողմից որպես մանդատագողություն որակված միջոցառման մեկ տարին։ Այս ասուլիսի իմաստը և նպատակը կայանում է նրանում, որ մենք արձանագրենք, թե մեկ տարի առաջ ինչ է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում, դրա հետևանքով ինչ ազդեցություններ և դրանից բխող ինչ գործողություններ են եղել։

Մենք մի քիչ կանդրադառնանք վիճակագրական տվյալներին, այսինքն՝ այս մեկ տարվա ընթացքում խոստացված և իրականացված քայլերի ընդհանրություններին և տարբերություններին, մեր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քայլերին, որը կլինի նաև որպես հաշվետվություն։

Անցած տարի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցածը ինչու ենք անընդհատ որակավորում որպես մանդատագողություն, որովհետև այն պարունակում է գողության էլեմենտներ։ Իրականում իրեն քաղաքային իշխանություն հռչակած գողը կամ մանդատագող կլանը, որը նույնիսկ չսպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ ուժգնորեն լծվել է քաղաքային ռեսուրսները թալանելու հարազատ գործին։ Եթե իշխանությունը ստանձնելու գործում գողության էլեմենտը բացակայեր, մենք հետագայում չէինք ունենա կիսատ-պռատ ավագանու նիստեր, իրավազորություն չապահովող նիստեր և եթե մարդիկ հոժարակամ, իրենց կամքով, մտքի ազատությամբ կայացրած լինեին այդ որոշումները, հետագայում որևէ խնդիր չէին ունենա մասնակցելու իրենց պաշտպանյալի կողմից կազմակերպած ավագանու նիստերին, իրավազորություն ապահովելու և որոշումներն ավելի լեգիտիմ դարձնելու։  Բայց քանի որ դա տեղի չի ունենում, մենք արդեն մի տարի անց արձանագրում ենք և ավելի հասատատակամորեն նշում ենք, որ իրականում տեղի է ունեցել թաքուն, գողեգող ինչ-որ պայմանավորվածություն, մանդատների՝ այլ ճանապարհներով ձեռքբերում, որը չի նպաստել այդ իրավազորության ապահովմանը  և քաղաքում լիարժեք կառավարումը ստանձնելու աշխատանքներին։ Մենք մինչև այժմ տեսնում ենք, որ կա թերարժեքության կոմպլեքս, կա որոշակի կիսատություն։ Տարբեր տիպի միջոցառումներով, ծափ-ծիծաղով և խրախճանքների միջոցով փորձ է արվում թաքցնել այն իրական խնդիրները, որոնք կան և որի հետևանքով ունենք ոչ լիարժեք ընկալում թե՛ համաքաղաքացիների և թե՛ դրսի գործընկերների կողմից։ Ընդհանրապես քաղաքական դաշտում չի ընկալվում, որ Վանաձորում կա լիարժեք կառավարում ստանձնած կուսակցություն կամ իշխանություն։

Այս մեկ տարվա ընթացքում, ընտրություններից անմիջապես հետո մեր գրասենյակը աշխատել է, դուռը միշտ բաց է եղել (բնականաբար չէի ասի աշխատանքային ամբողջ օրվա ընթացքում,բայց հասանելիությունը ապահովել ենք․էստեղ ունենալով մեր ներկայացուցիչներին մենք ապահովել ենք կապը բնակիչների հետ)։ Եռամսյակային կտրվածքով ընդունել ենք մոտավորապես 150 հոգու (եղել են ամիսներ, որ այդ թիվը հասել է նաև մինչև 300-ի, կամ ավելի քիչ) այս գրասենյակում, լսել ենք այդ մարդկանց խնդիրները, փորձել ենք տարբեր միջնորդությունների և գրությունների միջոցով նրանց խնդիրներին որոշակի լուծում տալ։ Մարդկանց հետ կապը պահելու իմաստը նաև նրանում է, որ մեր թափանցիկ աշխատանքի միջոցով ցույց տանք, թե այդքան չարչրկված նիստերին չմասնակցելու փոխարեն և դրան զուգահեռ ինչով է զբաղված Վանաձորի ավագանու ԼՀ խմբակցությունը։ Ամեն անգամ, երբ նշվում է ավագանու նիստերին չմասնակցելու հանգամանքը միշտ պետք է հիշել, որ ավագանու պարտավորությունները բաղկացած են մոտ հիսունինը կետից, որոնց մեջ ընդհամենը մեկ տողով է նշված, որ ավագանու անդամը պարտավոր է  մասնակցել նիստերին։

Բացի քաղաքացիների ընդունելությունից, նաև տեղի են ունեցել բազմաթիվ այցելություններ համայնքապատկան հիմնարկներ։ Մեր ավագանու անդամների կողմից այցելություններ են կատարվել մարզադպրոցներ, մանկապարտեզներ, գրադարաններ, մշակույթի տներ, որպեսզի հասկանանք, թե մեր համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկներն ինչ արդյունավետությամբ և ինչ կարգով են գործում։

Բազմաթիվ խնդիրներ ենք վերհանել, որոնք փորձել ենք գրությունների և լրատվամիջոցներով բարձրաձայնելու միջոցով դրանց լուծում տալ։ Անընդհատ խոսել ենք ուռճացված աշխատակազմերի մասին, որոնք գոյություն ունեն քաղաքապետարանում և համայնքապատկան հիմնարկներում, բայց չգիտես ինչու տեղական իշխանություն կոչեցյալի կողմից օպտիմալացումը սկսվեց հենց գրադարաններից, որոնք ամենախոցելի են։ Մենք չլսեցինք որևէ դեպքի մասին, որ աշխատանքից ազատվեն կամ կրճատվեն այն հաստիքները, որոնց աշխատողները երբևէ աշխատանքի չեն գալիս։ Իսկ այդպիսինները, մենք գիտենք, որ կան թե՛ համայնքապատկան հիմնարկներում, թե՛ քաղաքապետարանում։ Դրանք հենց այնպես ձևակերպված և պարզապես փող ստացող մարդիկ են։

Օպտիմալացման տեսանկյունից մենք չտեսանք քաղաքապետարանի թեթևացումը աշխատավարձային ուռճացված բեռից։ Պետք է նշեմ, որ աշխատավարձով կամ սոցիական խնդիրներով չէ միայն, որ պիտի զբաղվի քաղաքապետարանը, այլ այնպես անի, որ քաղաքի ավելի լավ կառավարման արդյունքում, այն դառնա գրավիչ, ռեսուրսները ծախսվեն ենթակառուցվածքների զարգացման վրա, և ոչ թե մարդկանց պարզապես աշխատավարձ բաժանելու, որի դեպքում բոլորը գոհ ու երջանիկ գնան տուն, իսկ քաղաքը թե ինչ վիճակում կմնա՝ ոչ մեկին չի հետարքրում։

Մենք քաղաքապետարան ուղարկել և ստացել ենք 100-ից ավելի գրություններ տարբեր առաջարկություններով, խնդիրներ բացահայտելու կամ բարձրացնելու ուսումնասիրություններին միտված։ Դրանց միջոցով կատարել ենք մեր վերլուծությունները, որոնց մասին պարբերաբար լրատամիջոցներին հայտնել ենք։

Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր ընտրություններից առաջ անհավանական բաներ էին խոստանում քաղաքի զարգացման հետ կապված, ի վերջո օրենքի կոպիտ խախտմամբ իրականացնում են ավագանու նիստեր, որն աշխարհում որևէ տեղ չեք տեսնի, երբ 15 հոգին որոշի 33-ի փոխարեն։ Այդուհանդերձ, ստանձնելով քաղաքի կառավարման պարտավորությունը՝ իրենք էլ չեն պատկերացրել որ լիարժեք պատասխանատվություն են կրում տեղի ունեցող բոլոր գործողություններիի համար։ Մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում ռեսուրսների փոշիացում, թալանի դեպքեր։ Օրինակ, երբ նախընտրական խոստումների ժամանակ լսում էինք ճոպանուղու զարգացման հետ կապված ինչ-որ խոստումներ, դա հնչում էր մոտավորապես այսպես՝ Վանաձորի ճոպանուղու վերագործարկման նպատակով սկսվել են նաև ճոպանուղու ինժեներական աշխատանքները։ Հետո մենք ականատես եղանք, որ քաղաքապետի առաջին տեղակալին պատկանող հիմնարկությունը քանդում է այդ նույն ճոպանուղու կոմպլեքսի մաս հանդիսացող շինությունը։  Արդարացումներ էին հնչում, որ դա ճոպանուղու հետ կապ չունի, քանի որ տուրբազայի շենքն է և այլն։ Պարզապես պետք է հասկանալ,, որ ճոպանուղի ասվածը համակարգ է, ամբողջական համալիր է, որը բաղկացած է ենթակառուցվածքներից։ Եվ երբ ասում ենք ճոպանուղի, նկատի չունենք միայն սյուները և նստարանները, այլ ամբողջ համալիրը, և պետք չէ տպավորություն ստեղծել, թե ինչ-որ մեկը դա չի հասկանում։ Այս խոստումների ֆոնին եղածը քանդելը և վաճառելը լեշակերի հոգեբանություն է, երբ ինչ-որ մեկի ձեռք բերած զոհի վրա հավաքվում են տարբեր թռչուններ և սկսում են հոշոտել մնացորդները։ Մենք ունենք մոտավորապես նմանատիպ մոտեցում քաղաքում ժառանգած արտադրական համալիրների, տարածքների, այգիների, գեղագիտական կենտրոնների նկատմամբ և ականատես ենք լինում դրանց ոչնչացմանն ու թալանին։

Ինչ վերաբերում է մյուս հնչած խոստումներին, մենք լսել ենք Կառավարության կողմից 20 մլն ԱՄՆ դոլլար և, 50 մլն ԱՄՆ դոլլարի չափով Ասիական բանկի կողմից ներդրումների մասին (դրանք մոտավորապես 10 միլիարդ դրամի և  24 միլիարդ դրամի ներդրումներ են)։ Չեմ ասում, որ անպայման առաջին տարվա ընթացքում պիտի տեղի ունենար, բայց երբ հայտարարվում է քաղաքի զարգացման ինչ-որ ուղղության կամ կուրսի մասին, մենք գոնե պիտի տեսնեինք դրանց առաջին քայլերը։ Քանի որ մենք առաջին քայլերն էլ չենք տեսնում, հետևաբար վստահ կարող ենք նշել, որ նախընտրական խոստումները որևէ աղերս չունեն դրանից հետոո իրականացված քայլերի հետ։ Հիմա բնականաբար կխոսեն Կառավարության կողմից հատկացված 400 մլն դրամ և ավելի դրամ արժողությամբ ասֆալտապատման ծրագրերի մասին, կխոսեն ինչ-որ պարսկական ընկերության մասին, որը ներդրում է արել, բայց դրանք վերջին մի ամսվա մեջ հայտնված իրողություններ են, որոնք որևէ կապ չունեն նախընտրական խոստումների հետ։ Ինչ վերաբերում է ասֆալտապատման աշխատանքների հետ կապված խայտառակությանը, մի անգամ ևս պիտի հիշատակեմ լրագրողի հետ կապված բռնության դեպքը․ ինչպես և ինչից դա սկսվեց։ Այստեղ ևս մենք տեսնում ենք ռեսուրսների փոշիացում, փողերի լվացման դեպք, հակառակ պարագայում ահասկանալի է, թե ինչպես կարելի է պետական միջոցներով բերել որակյալ ասֆալտ և փռել այն անձրևի տակ։ Շատ խիստ կասկածելի ճանապարհաշինարարություն ունենք այս պահին և ընդամենը մի ձմեռ անց կտեսնենք, թե գումարներն ինչի վրա փոշիացվեցին և որով փորձ արվեց փակել վանաձորցիների աչքերը։ Ամբողջ տարին մեքենաները ջարդելով, քանդելով, վնասներ կրելով՝ մարդիկ որևէ փախհատուցում կամ ներողություն չստացան և չլսեցին, որ ա՛յ ժողովուրդ, մենք այս իրավիճակում ենք, բայց կատարում ենք այս, այս, այս քայլերը, որպեսզի լուծենք բոլոր խնդիրները։ Այսինքն՝ հաղորդակցությունը թափանցիկությունը, հաշվետվողականությունը մենք այդպես էլ չտեսանք։

Անկատար խոստումներից է նաև ֆուտբոլի դաշտի վերանորոգումը որը տեղի չի ունեցել։ Չկառուցվեց Թումո կենտրոնը։ Ընդհանրապես մեր իշխանավորները սովոր են, երբ ինչ-որ կազմակերպության կողմից լավ բան է իրականացվում անմիջապես փորձում են վերագրել իրենց։ Նույնիսկ, եթե Թումո կենտրոնի շինարարությունը սկսվեր Վանաձորում դրա հետ տեղական և մարզային իշխանությունները որևէ կապ չէին ունենալու։ Այն հանգամանքը որ նրանք չեն խանգարում նման կենտրոնների կառուցմանը, դա դեռ չի նշանակում, որ դրանց գործունեության կամ հայտնվելուն նպաստում են։ Վերագրել ինչ-որ մեկի արածը քեզ, իհարկե, որևէ պատիվ չի բերում, որովհետև բոլորը շատ լավ պատկերացնում են, թե որ ծրագիրն ինչ միջոցներով է իրականցվում, ում հաշվին և ինչ նպատակներով։

Ամփոփելով ասեմ, որ այն ինչ տեղի է ունեցել մանդատագողության հետևանքով որևէ կերպ պատիվ չի բերել Վանաձորին և այն կուսակցությանը, որը դա թույլ է տվել և շարունակում է թույլ տալ։ Միևնույն ժամանակ մենք մի տարի անց արձանագրում ենք  որ դա Վանաձորի զարգացման գողացված հնարավորությունն էր։ Մենք դիմել ենք Սահմանադրական դատարան՝ հույս ունենալով, որ ժողովդավարության այդ մեծ խարանը և ժողովրդավարության նկատմամբ իրագործած բռնությունը իր հանգուցալուծումը կգտնի ՍԴ-ում և կունենաք այլ պատկեր։ Դա է նաև պատճառը, որ այս պահին հետ է պահում մի շարք համայնքներում անկախ, ընդդիմադիր մարդկանց առաջադրվելու ՏԻՄ ընտրույթուններում։ Մարդիկ տեսնելով Վանաձորի փորձը՝ ենթադրություններ են անում և գտնում, որ  Սահամանդրության հետ այս կերպ վարվելու պայմաններում ընդհանրապես իմաստ չունի մտնել այս պրոոցեսների մեջ։

 

Բանախոս՝ Գևորգ Գորգիսյան, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար

Իրականում «մանդատագողություն» բառը շատ թեթև է հնչում, բայց սա մեծագույն ոտնձգություն էր հենց ժողովրդավարության նկատմամբ։ Երբ  իրականացվում էին Սահմանադրական բարեփոխումները, իշխանությունը շեփորահարում էր, որ այս ամենը  նպատակ ունի ձևավորել նոր քաղաքական մշակույթ, ներդնել խորհրդարանական մոդելը Հայաստանում։ Եվ ի՞նչ ունեցանք մենք։ Մենք տեսանք դեպք, որ այդ մոտեցումներով ձեռք բերած Լուսավոր Հայաստան Կուսակցության հաղթանակը ուղղակի գողացվեց։ Եթե սա էր այդ  ժողովրդավարությունը, ապա այն մեր երկրում հետընթաց է ապրել և սա պետք է արձանագրել։ Արդյոք սա այն է, ինչ մենք ուզում ենք։ Խոսում ենք ընտրությունների ինստիտուտի կայացման և քաղաքացիների մոտ դրա նկատմամբ հավատի ավելացման նպատակահարմարության և պահանջի մասին, բայց մենք տեսնում ենք իշխող կուսակցության կողմից հակառակ քայլեր, որոնք հղի են վատ հետևանքներով մեր երկրի համար։ Այն դեպքում, երբ քաղաքացիները կորցնեն սահմանադրական ճանապարհով փոփոխությունների հույսը, մենք կունենանք այլ մոտոցումներ լայն զանգվածների կողմից։  Եթե սրան են գնում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ուրեմն մենք լրջագույնս մատահոգված ենք նրանց ադեկվատությամբ, նրանց՝ մեր երկրի նկատմամբ սրտացավ լինելով։ Այն ինչ կատարվեց ուղղակի անթույլատրելի էր և մենք հույս ունենք ՍԴ-ն  համապաստասխան որակումներ կտա այդ ամենին։ 15 հոգով 33 փոխարեն որոշումներ կայացնել և այդ ամենը համարել լեգիտիմ կամ օրինաչափ, ուղղակի անթույլատրելի է։ Իշխանության ներկայացրած ցանկացած լեգենդին մենք ունենք պատասխան՝ Վանաձորի դեպքը։ Փաստացի այստեղ խորհրդարանական կառավարման մոդելը խաթարվեց։ Դրա հետևանքը եղավ այն, ինչ կա Վանաձորում՝ թալան, օր օրի հուսահատվող հասարակություն, արտագաղթ, դատարկություն, տնտեսական հետընթաց։ Նմանատիպ գործելաոճի հետևանքով մենք լրջագույն խնդիրների առջև ենք կանգնած՝ ամբողջ հանրապետության մասշտաբով։

 

10․10․2017 թվական

Վանաձոր

 


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Ռուզաննա Հարությունյան
Կարինե Ղուկասյան
Աստղիկ Ավետիքյան
Կարեն Սիմոնյան
Սրբուհի Գրիգորյան
Գևորգ Գորգիսյան
Անի Սամսոնյան
Գրիգորի Դոխոյան