ԵԼՔ դաշինքը դատապարտում է խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսի փակումը
Սեպտեմբեր 11, 2017

Օրերս վարչական լծակների գործադրմամբ եւ սպառնալիքների ներքո փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված՝ խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքերով ցուցահանդեսի կապակցությամբ իր հասցեին հնչել են սպառնալիքներ: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ ցուցահանդեսի փակումը պատճառաբանել է դրանում որոշակի շտկումներ կատարելու անհրաժեշտությամբ:

ԵԼՔ դաշինքը խստորեն դատապարտում է ցուցահանդեսի արգելումը: Սա մշակութային գրաքննության նենգ դրսևորում է, որը պայմանավորված է քաղաքական նկատառումներով և սեփական պատմությանը առերեսվել չկարողանալու խիստ սահմանափակ մտածողությամբ: Մենք դատապարտում ենք մշակույթի նախարարության այսօրինակ քաղաքականությունը, որը միանգամայն հարիր է խորհրդային տոտալիտար համակարգի գործելաոճին և կարող է դառնալ չափազանց վտանգավոր նախադեպ:

ԵԼՔ դաշինքը պահանջում է ցուցահանդեսի վերաբացում՝ առանց որևէ գրաքննության: Մշակույթի նախարարությանը կոչ է անում իր վրա չվերցնել մշակութային ոստիկանության գործառույթներ, ինչպես նաև՝ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրում է Նարինե Թուխիկյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու խնդրի վրա:

ԵԼՔ դաշինք
11.09.2017

Գրիգորի Դոխոյան
Արտակ Ս. Խաչատրյան
Դավիթ Խաժակյան
Քրիստ Մարուքյան
Գևորգ Գորգիսյան
Հարություն Բաբայան
Կարինե Ղուկասյան
Ռուզաննա Հարությունյան