Ռազմավարական նշանակության «Վանաձորի Քիմպրոմ» կոմբինատի ակտիվները իրացվում են
Օգոստոս 22, 2017

Այսօր կործանվում է հանրապետության վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Կոմբինատի ներկայացուցիչները հայտնում են, որ իրականում կոմբինատի համար կենսական նշանակության ակտիվների վաճառք չի իրականացվում, այնինչ վաճառվում են ունիկալ սարքավորումներ, որոք հնարավոր չի լինելու վերականգնել։ Թե ում է պատկանում իրականում գործարանը, պետական մարմինները լռում են՝ թաքցնելով իրական սեփականատիրոջը։ Դրա վառ ապացույցն է ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքում կոմբինատի սեփականտերերի մասին ինֆորմացիայի բացակայությունը։ ՀՀ պետական ռեգիստրի կայքում արաջարկվում է կատարել վճարում կազմակերպությունների սեփականտերեին վերաբերվող ինֆորմացիա ստանալու համար, սակայն վճարումը կատարելուց հետո համակարգը տալիս է “Access Denied” ազդանշանը։

Շրջանառվող լուրերի համաձայն ՝ ի սկզբանե կատարվել է ոչ բարեխիղճ գործարք։ «Արդշինբանկ»-ի սեփականատերը, գնելով (ոչ ուղղակիորեն իր անունով) կոմբինատը, գրավադրել է այն իր իսկ սեփական բանկում։ Տվյալ մեքենայության նպատակը հավանաբար եղել է հետևյալը. կոմբինատի շահագործման որոշ փորձերից հետո, որոնք չեն հաջողվել սխալ կառավարման և համապատասխան մասնագիտական ռեսուրսներ չներգրավելու պատճառով, առաջացել են բազմաթիվ պարտավորություններ երրորդ անձանց նկատմամբ (ՀԷՑ, Գազպրոմ և այլն)։ Տվյալ անձանց նկատմամբ պարտավորությունը չկատարելու հետևանքով բնականաբար սկսվել է սնանկության գործընթաց վերջիններիս նախաձեռնությամբ։ Բայց կոմբինատի սեփականատերը, կանխորոշելով հանգամանքների զարգացման այդպիսի սցենարը, գրավադրել է ակտիվները իր սեփական բանկում, որպեսզի սնանկության գործընթացի ընթացում կոմբինատի ակտիվները հնարավոր չլինի իրացնել, քանի որ բանկը դրանց նկատմամբ ունի առաջնային իրավունք։

Օգտվելով դրանից՝ սեփականատիրոջ նախաձեռնությամբ և հանրությունից գաղտնի, դուրս են հանվում քիմիական կոմբինատի ունիկալ սարքավումները և իրացվում՝ ներկայացնելով դրանք հասարակությանը որպես անպետք սարքավորումների ջարդոնի իրացում։ Դրանով սեփականատերը հետ է բերում իր ներդրումնեը։ Տվյալ սցենարը նույնպես ձեռնտու է սեփականատիրոջը, քանի որ ձեռքբերման գինը բավականին ցածր է եղել և ջարդոնի տեսքով ակտիվների վաճառքը նույնպես հետ կբերի ներդրումը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կորցնում է մի գործարան, նաև որի շնորհիվ է ժամանակին կառուցվել ներկայիս Վանաձորը։

Պետական մարմինները կամ անտեղյակ են սրա մասին, կամ Կոմբինատը դիտարկում են որպես հասարակ հացի փուռ, որը սեփականատերը մաս-մաս վաճառում է։ Իրականում կատարվում է ռազմավարական նշանակության կոմբինատի ակտիվների իրացում, ինչը չի կարելի դիտարկել որպես սեփականատիրոջ մասնավոր շահ։

Պետական մարմինները պետք է անհապաղ իրականացնեն կոմբինատի ներկայիս ակտիվների գույքագրում և կոմբինատի հաշվապահական հաշվեկշռում դրանց արտացոլման համապատասխանության ստուգում։

 

Դավիթ Խաժակյան
Գևորգ Գորգիսյան
Գևորգ Պապիկյան
Աշխեն Թանդիլյան
Աստղիկ Ավետիքյան
Սերգեյ Անիսոնյան
Ռուզաննա Հարությունյան
Կորյուն Շեկոյան