Հայկ Կոնջորյան. Երկրորդ շանս կամ ու՞մ է պատկանում Հայկական Աշխարհը
Ապրիլ 05, 2016
Մենք ամեն օր ձեռք ենք բերում կամ կորցնում Հայկական աշխարհը՝ կախված այն բանից, թե ամեն օր ինչ ենք անում այդ աշխարհի տերը լինելու համար: Չէ՞ որ լինել տեր, նշանակում է արժանանալ քո ունեցածին քո ամենօրյա ջանքով: Եթե այգեպանը չի մշակում իր այգին, այլ միայն վայելում է պտուղները, ապա նա այգու տերը չէ, այլ՝ սպառողը: Մենք Հայկական աշխարհի տե՞րն ենք, թե՞ սպառողը:

Ժամանակակից աշխարհը թելադրում է իր կանոնները՝ թե´ Հայաստանի և թե´ Սփյուռքի զարգացման համար: Մենք ապրում ենք բազմազանությունների, ջնջվող սահմանների ու միախառնվող ինքնությունների դարաշրջանում: Աշխարհի տեխնոլոգիական թռիչքը մարտահրավեր է նետում բոլոր ազգերին. կամ հասի՛ր զարգացման հետևից ու դարձի՛ր դրա մի մասը կամ մնա՛ աշխարհի հետնապահների թվում, կամ դարձի՛ր կերտող կամ մնա՛ սպառող: Փոփոխվի՛ր և փոփոխի՛ր՝ ահա ժամանակակից աշխարհի մարտահրավերը Հայկական աշխարհին:

Ո՞րն է լինելու մեր՝ որպես ազգ, մրցունակության գրավականը ժամանակակից աշխարհում: Ա. Թոյնբին ասում էր, որ այն ազգերը, որոնք կարողանում են պատասխանել իրնց նետված մարտահրավերներին, զարգանում և կայանում են իբրև քաղաքակրթություն, իսկ այն ազգերը, որանք մնում են մարտահրավերի ծանրության տակ և չեն կարողանում պատասխանել դրան, հայտնվում են պատմության հետնաբեմում: Հայկական աշխարհի ճակատագիրը կախված է նրանից, թե մենք ինչպես կպատասխանենք մեզ նետված մարտահրավերին:

Այդ մարտահրավերները հասկանալու համար, մենք պետք է արդի աշխարհի հետ խոսենք իր իսկ լեզվով: Մենք պետք է նորանանք և թարմանանք, վերաիմաստավորենք մեր ավանդական մտածողության մի շարք կողմերը, ազատվենք զոհի բարդույթից, դադարենք լինել չափազանց անցյալամետ և սովորենք որսալ ներկայության ռիթմը: Մենք պետք է ինքներս մեզ օժտենք երկարաժամկետ մտածողությամբ և ոչ թե ապրենք սոսկ առօրեական շարժառիթներով: Պետք է ազատվենք դժբախտ ազգի սինդրոմից և մեր դժբախտությունը վերածենք շանսի: Պատմությունը քամու նման մեզ պոկեց իրարից ու նետեց աշխարի տարբեր ծայրերը, բայց պատմությունը քամու նման էլ մեր սերմերը սփռեց ամբողջ երկրագնդով: Անցյալի մեր դժբախտությունը այսօր դարձել է շանս: Հայկական աշխարհը շանս է, սակայն որից դեռ պետք է կարողանալ օգտվել: Դրանից օգտվելու համար մենք պետք է մտածենք շանսի, այլ ոչ թե դժբախտության մտածողությամբ:

Հայկական աշխարհը կարող է դառնալ մեր գլխավոր քաղաքակրթական կռվանն այսօրվա աշխարում: Դրա զարգացման ու հզորացման գլխավոր հարցերից մեկը ինքնության հարցն է: Որքանո՞վ է հայ լինելը գրավիչ: Ժամանակակից աշխարհում նույնիսկ ազգային պատկանելիությունը, հաճախ ենթարկվում է շուկայական հարաբերությունների տրամաբանությանը: Ինչու՞ պետք է Բոստոնում ծնված պատանի Դեյվիդը, իրեն նույնականացնի Հայաստանի և հայության հետ: Բացի հայրենսիրությունից, ո՞րն է այն զուտ մարդկային շարժառիթը, որի համար նա կցանկանա հայ լինել: Ի՞նչն է միավորում Գորիսում ապրող Արևիկին և Փարիզում բնակվող Մարկին: Ի՞նչը պետք է մեզ ստիպի միավորել մեր անհատական «ես»-ը և «դու»-ն մի հավաքական «մենք»-ի մեջ: Չէ՞ որ, Հայկական աշխարհն այնքան էլ միատարր չէ: Այն իր ներսում ունի բազմաթիվ շերտեր և շահեր, որոնք հարկավոր է համադրել: Այս համադրությունը ստեղծելու համար մենք պետք է գտնենք այն գլխավոր բաղադրիչները, որոնք մեզ կմիավորեն ու կդառնան Հայկական աշխարհը սնուցող ավիշը: Որո՞նք են դրանք. մշակու՞յթը, կրո՞նը, լեզու՞ն, պատմությու՞նը, պետությու՞նը, մարդի՞կ:

Եթե Հայկական աշխարհը պատկերացնենք որպես մի մեծ մեխանիզմ, ապա դրա շարժիչը կարծում եմ պետք է լինի պետությունը: Մյուս բոլոր բաղադրիչներն առանց պետության նվազ կենսունակ են և խոցելի: Մշակույթն առանց պետության անպաշտպան է, կրոնն առանց պետության՝ խոցելի, մարդիկ առանց պետության՝ անկազմակերպ: Մենք դարեր շարունակ ունեցել ենք մշակույթ, մնացել ենք քրիստոնյա և խոսել հայերեն, բայց չունենալով պետություն՝ ենթարկվել ենք տարատեսակ հալածանքների:

Ստեղծել արդիականացված և ժողովրդավարական պետություն կայուն և զարգացող պետական ինստիտուտներով, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են, իսկ ազատությունները՝ երաշխավորված: Պետություն, որն առաջարկում է ապրելու, կրթվելու, գործարարությամբ զբաղվելու և բոլոր ուղղություններով զարգանալու մրցակցային պայմաններ: Միայն ժամանակակից և զարգացած պետություն ստեղծելով է հնարավոր դառնալ Հայկական աշխարհի առանցքը և արդյունավետ երկխոսություն հաստատել աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի միջև:

Հայության բազմաթիվ խմբեր և ներկայացուցիչներ՝ գիտնականներ, արվեստի գործիչներ, գործարարներ, ապրելով աշխարհի տարբեր ծայրերում, հասել են մեծագույն հաջողությունների՝ դառնալով արդի աշխարհի առաջամարտիկներ: Որպեսզի Հայաստանը, որպես պետություն, կարողանա միավորել այդ մարդկանց և խմբերի ջանքերը ի նպաստ Հայկական աշխարհի, նախ, պետք է հասնի զարգացման նույն մակարդակին: Հետնապահը չի կարող միավորել առաջամարտիկներին: Հայաստանը պետք է լինի առաջամարտիկ ոչ միայն անհատների մակարդակով, այլև՝ պետության: Հակառակ դեպքում Սփյուռք-Հայաստան հարաբերությունները մշտապես կլինեն օգնողի և օգնություն խնդրողի հարաբերություններ, որի պարագայում Հայաստանը չի կարող դառնալ շարժիչ ուժ:

Այս էսսեն ես գրում եմ հենց այն ժամանակ, երբ Արցախի սահմաններում ընթանում են պատերազմական գործողություններ: Այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 18 զոհ: 18 կյանք պակասեց Հայկական աշխարհից: Այն պահին, երբ դուք կկարդաք այս տողերը, քանի՞ կորսված կյանք գումարված կլինի 18-ին: Մինչև ե՞րբ պետք է մենք խաղաղության դիմաց կյանք նվիրենք: Այս հարցը մշտապես կախված է մեր գլխին դեմոկլյան սրի պես: Եվ այս հարցի գլխավոր պատասխանը ուժեղ պետությունն է՝ զարգացած տնտեսությամբ, ամուր բանակով, հզոր գիտությամբ ու տեխնոլոգիական առաջընթացով:

Հակառակ դեպքում պատերազմի հրամայականը մեզ անընդհատ ետ կնետի զարգացումից, և մենք մշտապես կանգնած կլինենք հերթական պատերազմից ապաքինվելու անհրաժեշտության առջև, ու սա կլինի Հայկական աշխարհի անընդմեջ կրկնվող օրակարգը: Որպեսզի խախտենք այս սցենարի կրկնությունը, մենք պետք է ինչ-որ առանձնահատուկ ցատկ կատարենք և շեշտակի փոխենք մեր պատմական զարգացման տրամաբանությունը: Այդպիսի ցատկի լավագույն հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունն է, որը կլինի համահայկական երազանքների ու նպատակների կրողը, և որի միջոցով մենք կտնօրինենք մեր ճակատագիրը, իսկ ճակատագիրը տնօրինելու լավագույն միջոցը այն կերտելն է:

http://www.mediamax.am/
Ռուզաննա Հարությունյան
Հրանտ Այվազյան
Աստղիկ Ավետիքյան
Աշխեն Թանդիլյան
Հարություն Բաբայան
Քրիստ Մարուքյան
Անահիտ Կարապետյան
Մանե Թանդիլյան