Մի նստեք ՀՀԿ-ի կիսաքանդ ավտոբուսը
Նոյեմբեր 29, 2016
Եթե դուք փորձեք 40 աստիճան ջերմությամբ թոքաբորբով հիվանդներին պաղպաղակ վաճառել, կստացվի՞: Նույնիսկ եթե համոզեք նրանց, որ դա ոչ թե պաղպաղակ է, այլ կարկանդակ: Իսկ գիտե՞ք, թե որն է պաղպաղակի և ՀՀԿ-ի նմանությունը. Հանրապետական կուսակցությունը պետության առողջության համար նույնն է, ինչ սառը պաղպաղակը թոքաբորբով հիվանդի: Բայց այն փորձում են վաճառել մարդկանց, երբեմն ներկայացնելով այլ կերպարանքով՝ ասես կարկանդակ: Իսկ հիվանդի ջերմությունը գնալով բարձրանում է, հատելով ջերմաչափի սահմանները, և պաղպաղակը թթվում է նրա ստամոքսում՝ առնվազն 5 տարով:

ՀՀԿ-ի կերպարանափոխությունը, կամ կոմերցիոն լեզվով ասած՝ rebranding-ը, փաթեթավորման այն նոր մարտավարությունն է, որը Հանրապետականը կիրառեց Վանաձորում և փորձելու է կրկնել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իմաստը հետևյալն է՝ պառլամենտական մոդելի ընտրության պարագայում քաղաքացին պետք է ընտրի կուսակցությանը, և մրցակցությունը կայանում է կուսակցական բրենդերի միջև: Բայց քանի որ ՀՀԿ-ն որպես ապրանք շուկայում վատ համբավ ունի, հարկավոր է այն փաթեթավորել մի այնպիսի ժապավենով, որ քաղաքացին գնի փաթեթավորումը, բայց վերջում ստանա ներսի պարունակությունը:

Այս սկզբունքով ՀՀԿ-ն Վանաձորի կուսակցական ցուցակի առաջին համար նշանակեց Մամիկոն Ասլանյանին, ով քաղաքի նոտարն էր, մինչ այդ չէր եղել կուսակցական և մարդկանց տարբեր հարցերում լավություն էր արել: Ասել է թե՝ «հասնող տղա» էր, մարդկանց մատից փուշ հանելու լավ ռեզյումե ուներ: ՀՀԿ-ի քարոզարշավը ամբողջությամբ կառուցվեց Մամիկոն Ասլանյան անհատի վրա, չնայած մարդիկ պետք է ընտրեին կուսակցության: Ինչ-որ իմաստով սա աշխատեց. կային մարդիկ, ովքեր ասում էին, որ ոչ մի դեպքում չեն ընտրելու Հանրապետականին, այլ ընտրելու էին Մամիկոնին: Չնայած, որ Ասլանյանը վարում էր այն կիսաքանդ ավտոբուսը, որի անունն էր ՀՀԿ, ոմանք համաձայնվեցին նստել այն:

Այժմ, պատկերացրեք այդ խարխուլ ավտոբուսը, որը տարիներով մարդկանց տարել է սխալ ճանապարհով, բազմաթիվ անգամ վթարի ենթարկվել, որից շատերը դուրս են թռչել ու փախել, իսկ մնացողները իրար գլխի սեղմված մաքառում են մինչ այժմ, ահա այդ ավտոբուսն այս անգամ ունի նոր վարորդ. նորաձև ու Ray-Ban ակնոցներով Ռոբին Հուդ մաչոն, աղքատների հույսն ու կանանց սրտակերը, նույն ինքը՝ Կարեն Կարապետյան:

Խոստովանեք, որ փաթեթավորումն իսկապես հետաքրքիր է, ինչ-որ տեղ նույնիսկ կարելի է հավատալ Կարեն Կարապետյանի անկեղծ մղումներին, բայց վարորդի ազնվությունը չի կոմպենսացնում անսարք ավտոբուսի մաշված անիվները, կոտրված լուսամուտները, որտեղից ներս խուժող աղքատության քամին զրնգացնում է ուղևորների ոսկորները, քրքրված նստարանները, ծակ հատակը, որից կարելի է անվերադարձ դուրս թռչել: ՀՀԿ-ն այդ ավտոբուսն է, և 2017 թվականին մարդկանց նորից համոզելու են՝ նստել այն, այս անգամ հանուն վարորդի: Ուստի, մեր գլխավոր նպատակը մարդկանց ավելի լավ բան առաջարկելն է՝ սարքին մեքենա, հմուտ վարորդներ և լուսավոր ճանապարհ:
 
Հայկ Կոնջորյան
Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ
 
Սերգեյ Անիսոնյան
Կարինե Ղուկասյան
Գևորգ Պապիկյան
Գևորգ Գորգիսյան
Նարա Հովհաննիսյան
Անահիտ Կարապետյան
Արտակ Ս. Խաչատրյան
Արտակ Ոսկանյան