ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ. «ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ՀԱՍԱՆԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ»
Ապրիլ 20, 2017

Խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված, ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ զրույցը՝ նոր խորհրդարանում կանանց ներկայացվածության և առաջիկա ծրագրերի ու հիմնական անելիքների մասին է:

– Ընտրությունների այսպիսի ելքը Ձեզ համար որքանո՞վ էր կանխատեսելի՝ կապված հատկապես խորհրդարան անցած ուժերի միջև ձայների բաշխման հետ: Ինչո՞վ էր պայմանվորված նման արդյունքը:– Ամբողջ քարոզարշավի ընթացքում բոլորը զբաղված էին կանխատեսումներով: Մինչդեռ նույն այդ ընթացքում «ԵԼՔ»-ը զբաղված է եղել աշխատանքով, ամեն օր, ամեն ժամ ու րոպե ավելացրել ենք մեր համակիրների թիվը: Դրան մենք հասել ենք ամենասուղ ռեսուրսների պայմաններում: Ավելին կլինեի՞ն արդյունքները, եթե համատարած վարչական լծակներ և ընտրակաշառք չօգտագործվեր: Անշուշտ: Սակայն կարևոր է արձանագրել, որ մարդիկ, անկախ դրդապատճառներից, փաստացի քվեն տվել են ՀՀԿ-ին, ու մինչև մենք իրականության աչքերի մեջ չնայենք, մենք իրավիճակն անկարող կլինենք փոխել: Իսկ մենք եկել ենք փոխելու: Ակնհայտ է նաև, որ շատ գործ կա անելու …

– Ի՞նչ հիմնական ուղղություններով է լինելու Ձեր գործունեությունը ԱԺ-ում:– Իմ ուշադրության կենտրոնում են լինելու պարտադիր կուտակայինի չեղարկումը, հասանելի բարձրագույն կրթության հնարավորության ստեղծումը, զինվորների առաջին անհրաժեշտության պարագաների ապահովությունը: Ես նաև հարկային համակարգը վերափոխելու և հարկային գործակալի ինստիտուտից հրաժարվելու լոբբինգ եմ անելու Եվ, ամենակարևորը, լինելու եմ հասարակության ձայնը ԱԺ-ում:

– Շատ պատգամավորներ մեր երկրում կարծես կտրված են հասարակությունից: Ի՞նչ նոր մշակույթ կբերի այս առումով «Ելք»-ը:– Քարոզարշավի ամբողջ ընթացքում ես քաղաքացիներին ասել եմ, որ լինելու եմ հասանելի պատգամավոր, և ընտրվելու պարագայում գործելու են կապի բոլոր միջոցներ: Ու ոչ թե որովհետև ես այդքան «լավն» եմ, այլ որովհետև ինձ անհրաժեշտ է անընդհատ կապի մեջ լինել քաղաքացիների հետ, պահել հետադարձ կապ իրենց հետ, որպեսզի շարունակաբար հաղորդակից լինեմ խնդիրներին, բարձրաձայնեմ դրանք, և հենց մեր քաղաքացիների միջոցով էլ միասին հասնենք լուծումների: Առանց քաղաքացիների մասնակցության որևէ բանի հասնելը շատ ավելի դժվար է, իսկ մենք եկել ենք փոփոխություն բերելու: Փոփոխություն իրականացնողները պետք է լինեն քաղաքացիները, դա պետք է լինի նրանց ուղղակի ցանկությամբ և մասնակցությամբ, իսկ ես պատրաստ եմ լինել նրանց կողքին յուրաքանչյուր հարցում:

– Ինչպե՞ ս եք գնահատում կանանց ներկայացվածությունը (քանակական ու որակական առումով) նոր խորհրդարանում:– Մեկ բառով՝ անբավարար, գոնե քանակի առումով: Ինչ վերաբերում է որակին, ապա դա հարաբերական չափանիշ է: Օբեկտիվ լինելու համար պետք է նախ և առաջ սահմանել, թե որն է համարվում որակ: Ինչևէ, իմ առաքելություններից մեկն էլ համարում եմ կին քաղաքական գործիչների նոր որակական նշաձող սահմանելը՝ բովանդակային, պատասխանատու, հաշվետու, ակտիվ, արդիական և հետևողական գործիչ, ով ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում ընտրված պատգամավոր լինելու պատվին:

– Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել քաղաքացիական ու քաղաքական գործընթացներում կանանց ներգրավելու համար:– Իմ քաղաքացիական և քաղաքական պատմությունը նրանց համար կդառնա ոգեշնչման աղբյուր, իսկ նրանց հետ իմ ակտիվ աշխատանքը՝ հանդիպումներ, քննարկումներ, համատեղ ծրագրեր, կդառնան նրանց ներգրավվման համար իրական հնարավորությունների պլատֆորմ:

– Ինչո՞վ են նման ու տարբեր Մանե Թանդիլյան մարդը, ընտանիքի մայրն ու պատգամավորը:– Եթե հարցն ուղղված լիներ երրորդ մարդու, ով ճանաչեր ինձ որպես մայր, մարդ և պատգամավոր ու արտահայտվեր այս կապակցությամբ, ենթադրում եմ, որ կլիներ կարծիք, թե շատ տարբեր եմ: Իրականում, ես միշտ նույնն եմ, ուղղակի ոլորտներն են տարբեր, հետևաբար, տարբեր հատկանիշներ են դրսևորվում: Իսկ ես միշտ նույնն եմ՝ պատասխանատու, հետևողական, հեռատես, ջանասեր, նվիրված, արդարամիտ, պահանջկոտ…

– Ինչ ուղերձ ունի Ձեր խորհուրդը՝ կանանց ու տղամարդկանց:-Հարգանքով վերաբերվեք մեկմեկու՝ չթերագնահատելով որևէ մեկի դերն ու նշանակությունը, և միայն այդ կերպ մենք կունենանք լիարժեք և երջանիկ մարդկանց պետություն, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ…

Հարցազրույցը՝ Տաթևիկ Սարգսյանի

https://champord.am/


Share via:
2021թ․ ԱԺ ընտրություններ
2018թ․ ԱԺ ընտրություններ
► ԼՀԿ ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
2018թ․ Երևանի Ավագանի
2017թ․ Երևանի Ավագանի
2017թ. ԱԺ ընտրություններ
► ԵԼՔ դաշինքի ռեյտինգային ցուցակները ըստ ընտրատարածքների՝
Կորյուն Շեկոյան
Արմեն Եղիազարյան
Հրանտ Այվազյան
Կարինե Ղուկասյան
Գևորգ Գորգիսյան
Նարա Հովհաննիսյան
Անի Սամսոնյան
Գրիգորի Դոխոյան