Ինստիտուտները և անձերը
Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց ձևավորել այնպիսի պետական ինստիտուտներ, որոնք կդառնային պետության զարգացման հիմնաքարը: Կայացած ինստիտուտների բացակայությունը մեծացնում է անձերի մենիշխանությունը` քաղաքական պայքարը կենտրոնացնելով ոչ թե համակարգային խնդիրների, այլ անձերի շուրջ: Հայաստանի Հանրապետության երեք նախագահների օրոք  ընդդիմությունը մշտապես պնդել է, որ գլխավոր խնդիրը նախագահն է և նրա շրջապատը. եթե նախագահը հեռանա, խնդիրները կլուծվեն: Սակայն այս օրակարգը ցույց է տվել իր քաղաքական սնանկությունը, իսկ ընդիմությունը 1991թ. սկսած՝ երբեք չի կարողացել հաղթանակ տանել ու ամրագրել իր հաղթանակը:

Պետության մեջ անձերի իշխանությունը լավագույնս հնարավոր է սահմանափակել ինստիտուտներով: Սա աշխարհում վաղուց հայտնի քաղաքական օրինաչափություն է: Անգլիացիները դարեր շարունակ պայքարում էին թագավորների դեմ, սակայն թագավորի միանձնյա իշխանությունը պահպանվում էր: Հետագայում նրանք թագավորի իշխանությունը սահմանափակեցին մեկ այլ պետական ինստիտուտի` պառլամենտի լիազորությունները մեծացնելով: Ինստիտուտների զարգացումը բերում է զսպումների և հակակշիռների մեխանիզմների առաջացմանը, որի արդյունքում առանձին անձերը չեն ունենում անսահմանափակ լիազորություններ:

Կուսակցությունները Հայաստանում չեն կայացել որպես քաղաքական ինստիտուտներ, որովհետև չեն զարգացրել ներքին` կուսակցական ժողովրդավարությունը: Արդյունքում, դրանք հիմնվել են մեկ անձի վրա` դառնալով անձ-կուսակցություններ: Եվ այդ անձ-կուսակցությունները քաղաքական դաշտում ձևակերպել են միայն անձերի վրա հիմնված քաղաքական պահանջներ: Անձնավորված քաղաքական պայքարի պայմաններում, իշխանությունները հեշտությամբ չեզոքացրել են այդ անձերին. ոմանց փողով ու պաշտոններով, ոմանց՝ սպառնալով ու ահաբեկելով: Անձերին չեզոքացնելով` չեզոքացվել են նաև կուսակցությունները: Արդյունավետ ինստիտուտների բացակայության պայմաններում, իշխանություն չունեցողները դառնում են խոցելի, իսկ իշխանություն ունեցողներն՝ անվերահսկելի:

Հայաստանի քաղաքական ուժերը մինչև այսօր չեն ձևակերպել ինստիտուտների ձևավորման և զարգացման երկարաժամկետ քաղաքական օրակարգ: Ուստի, հասարակության մեջ չի ձևավորվել իրապես գործունակ ինստիտուտների գիտակցված պահանջարկ: Մենք համոզված ենք, որ ինստիտուտների զարգացումը Հայաստանը կարող է դարձնել եվրոպական մոդելի զարգացած պետություն, որտեղ անձերը ժամանակավոր որոշումներ կայացնողներ են, իսկ ինստիտուտները մշտական են և պահպանում են արդարության սկզբունքը բոլորի նկատմամբ` անկախ այս կամ այն անձի ունեցած դերից:

Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, մենք սահմանելու ենք ինստիտուտների կայացման քաղաքական օրակարգ և զբաղվելու ենք դրա շարունակական լոբբինգով` ձևավորելով դրանց զարգացման հասարակական պահանջարկը: Իսկ իշխանության լծակներ ստանալուց հետո, մենք զբաղվելու ենք ինստիտուտների ձևավորմամբ, որտեղ անձերի դերը հնարավորինս կնվազեցվի, իսկ պետական շահը վեր կդասվի ամեն ինչից:
Հրանտ Այվազյան
Սերգե Ղահրամանյան
Կարեն Սիմոնյան
Աննա Կոստանյան
Էդմոն Մարուքյան
Գրիգորի Դոխոյան
Արտակ Ոսկանյան
Հայկ Կոնջորյան