Ընտրողն ընդդեմ քվեարկողի
Ժողովրդավարական պետության կառուցման գլխավոր գործոններից մեկը ընտրողն է, ով իր ազատ կամարտահայտմամբ ընտրում է այն ներկայացուցիչներին, ովքեր կիրականացնեն պետական իշխանությունը` միտված համընդհանուր բարիքի ապահովմանը: Ընտրողը ստանձնում է պատասխանատվություն իր կատարած ընտրության համար: Իսկ ընտրվողը ստանձնում է պատասխանատվություն  ընտրողի առջև: Եթե ընտրվողը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, ընտրողներն իրավունք ունեն պահանջել և իրագործել վերջինիս պաշտոնանկությունը: Ընտրողի և ընտրվողի միջև փոխադարձ պատասխանատվությունը բերում է առողջ պետական իշխանության ձևավորմանը:

Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր թերություններից մեկն այն է, որ մինչև այսօր չի ձևավորվել ընտրողի ինստիտուտը, իսկ ընտրությունը հիմնականում նույնացվել է քվեարկության հետ: Քվեարկությունը գործողություն է, որը կարող է կատարվել տարբեր գործոնների ազդեցության ներքո` ընտրակաշառք, խնամի, ծանոթ, բարեկամ, նախընտրական շահարկումներ, քաղաքական տեխնոլոգիաներ: Եթե չկա գիտակցված ընտրություն,ապա  քվեարկողը չի ստանձնում հետագա պատասխանատվություն իր կատարած «ընտրության» համար: Համապատասխանաբար իշխանությունը չի ստանձնում պատասխանատվությունը քվեարկողի առջև: «Քվեարկողների» և «քվեարկվողների» միջև այս փոխադարձ անպատասխանատվությունը հանգեցնում է անպատասխանատու իշխանության ձևավորմանը` իր բոլոր վտանգավոր հետևանքներով:

Հայաստանում գործող քաղաքական ուժերի մեծ մասը, գիտակցաբար, թե ոչ,  չի ձևավորել ընտրողի ինստիտուտը, հետևաբար նաև՝ սեփական կայուն ընտրազանգվածը, որի առջև կստանձնի պատասխանատվություն և որը, հարկ եղած դեպքում, իրեն կհեռացնի իշխանութունից: Փոխարենը ձևավորել է քվեարկող, որը կուսակցությանը կբերի իշխանության և որի առջև այն չի ստանձնի պատասխանատվություն: Այդ պատճառով Հայաստանի իշխանությունները երբեք բավականաչափ պատասխանատու չեն եղել իրենց ընտրողների առջև, իսկ ընդդիմությունները երբեք չեն հասել իշխանափոխության, որովհետև չեն ունեցել կայուն ընտրազանգված:

Կայուն ընտրազանգվածի բացակայությունը ընդդիմությանը զրկել է սոցիալական հենարանից, որը պետք է դառնար նրա թիկունքը` իշխանափոխության գործընթացում: Այսպիսով, ընտրողի ինստիտուտի բացակայությունը հանգեցրել է իշխանության քաղաքական անպատասխանատվությանը և ընդդիմությանը զրկել սոցիալական հենարանից: Բայց քաղաքական ուժերն իրենք են կատարել այս ընտրությունը, որովհետև քվեարկողներին կառավարելն ավելի հեշտ է, քան ընտրողի ձևավորումը:

Մեր նպատակն է Հայաստանում ձևավորել ընտրողի ինստիտուտը և քվեարկողին փոխարինել ընտրողով: Ձևավորելով մեր ընտրողին՝ մենք կստանձնենք քաղաքական պատասխանատվություն նրա առջև, կստեղծենք կայուն ընտրազանգված և ձեռք կբերենք ամուր սոցիալական հենարան, որը կդառնա մեր գլխավոր հաղթաթուղթը` ընտրական և հետընտրական գործընթացներում: Ավելի լավ է մեզ ընտրի հարյուր մարդ և մեզ հետ պայքարի իր ձայներին տեր կանգնելու համար, քան քվեարկի հազար մարդ և քվեարկելուց հետո մոռանա իր ձայնի և մեր մասին:
Մանե Թանդիլյան
Հայկ Կոնջորյան
Անի Սամսոնյան
Նարա Հովհաննիսյան
Քրիստ Մարուքյան
Հարություն Բաբայան
Կարինե Ղուկասյան
Հրանտ Այվազյան