Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում աշխատանքային այցով գտնվում է Ստոկհոլմում (Շվեդիայի Թագավորություն)։ Պատվիրակությունը նախատեսել էր հանդիպումներ ունենալ Ստոկհոլմում (Շվեդիայի Թագավորություն) նոյեմբերի 13-15-ը և Հելսինկիում (Ֆինլանդիայի Հանրապետություն) նոյեմբերի 15-17-ը, Շվեդիայի Թագավորության եւ Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար:
Տեղի է ունեցել հանդիպում Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանի հետ, որը ծագումով հայ է։
Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ աշխատանքային քննարկման ժամանակ հայկական պատվիրակությունը խոսել է տարածաշրջանային անվտանգության, սահմանադրական բարեփոխումների, ՀՀ-ԵՄ հարաբերությունների և հայ-շվեդական քաղաքական օրակարգի մասին։
ՀՀ պատգամավորները հանդիպել են նաև Շվեդիայի Ռիկստագում ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Քննարկման հիմնական թեմաները եղել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները և ՀՀ-ԵՄ հարաբերությունները։ Նշենք, որ այս հանձնաժողովը շուտով քննարկելու է նոր համաձայնագրի կնքման համաձայնությունը Շվեդիայի կողմից։
Հաջորդ հանդիպումը եղել է Արտաքին գործերի նախարարությունում ԵՄ և առևտրի հարցերով պետական քարտուղար Օսկար Ստենստրոմի հետ։ Պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Արմեն Աշոտյանը ներկայացրել են Հայաստանի սպասելիքները ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի համատեքստում։ Այս հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության և զարգացման հիմնախնդիրները։
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը կժամանի Ֆինլանդիայի Հանրապետություն, որտեղ կհանդիպեն Ֆինլանդիայի արտաքին գործերի պետքարտուղար Պիտեր Ստենլունդի հետ: Նույն օրը նախատեսվում է նաև հանդիպում Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Ֆինլանդիայի Հանրապետություն կատարելիք այցի շրջանակում Արմեն Աշոտյանը եւ Էդմոն Մարուքյանը հանդիպումներ կունենան ԵԺԿ անդամ հանդիսացող «Ազգային կոալիցիա կուսակցություն» և ALDE-ի անդամ հանդիսացող «Կենտրոնական կուսակցություն» խորհրդարանական խմբերի ղեկավարների հետ:
Նոյեմբերի 17-ին Էդմոն Մարուքյանը և Արմեն Աշոտյանը Հելսինկիի համալսարանի Ալեքսանտերի քաղաքագիտական ինստիտուտում որպես բանախոսներ կմասնակցեն «Հայաստան եւ Հարավային Կովկաս. կամուրջ թե սահման» թեմայով սեմինարին: